HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային գիտաժողովի մասնակիցները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի հարկի տակ հյուրընկալել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով հոկտեմբերի 20-ից 25-ը մայրաքաղաքում անցկացվող Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM)  Կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (CECA) 41-րդ գիտաժողովի մասնակիցներին:

Ողջունելով Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզին և գիտաժողովի մյուս մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում միջազգային նման կարևոր գիտաժողովի անցկացման թանգարանների միջազգային խորհրդի որոշումը խորհրդանշական է, հաշվի առնելով, որ Հայաստանի 2794-ամյա մայրաքաղաքն այս տարի նշում է նաև հայ գրատպության 500–ամյակը:

«Իսկապես քիչ են այն ժողովուրդները, ովքեր կարող են հպարտանալ մշակութային նման ժառանգությամբ։ Համոզված եմ, որ դուք առիթ կունենաք դրանում ինքներդ համոզվելու՝ շրջելով մեր քաղաքի բազմաթիվ թանգարաններով ու շփվելով մարդկանց հետ։ Վստահ եմ, այս գիտաժողովը բազմաթիվ նոր ծրագրերի սկիզբ կդնի ու կխթանի տարբեր  երկրների  թանգարանների միջև կապերի ամրապնդումն ու բազմակողմ փորձի փոխանակումը», - նշել է Տարոն Մարգարյանը՝ գիտաժողովի  կազմակերպիչներին ու հյուրերին մաղթելով արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և գիտաժողովի կազմակերպման աջակցության համար, Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզը նշել է, որ իսկապես քիչ ազգեր կարող են հպարտանալ իրենց մշակութային այսպիսի հարուստ ժառանգությամբ և վստահեցրել է, որ գիտաժողովը մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման ևս մեկ խթան կհանդիսանա ու լրացուցիչ դաշտ կբացի հայկական հարուստ մշակույթը աշխարհում առավել ճանաչելի դարձնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում գործուն մասնակցություն կունենա այդ ծրագրերի իրականացման հարցում:

Գիտաժողովի անցկացմանն աջակցելու համար Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) մեդալով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter