HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բա ի՞նչ պիտի անենք… հո հեղափոխություն չենք անելու

Աննկատ լրացավ ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հոբելյանական 1.5 տարին: Տարիուկեսը թիվ չի: Մանավանդ, որ եթե հետադարձ հայացք ես գցում անկախությունից հետո գիտության հետ կատարվածին՝ ապա օրինաչափ կլիներ, որ այն ծնվեր ոչ թե 1.5, այլ, պատերազմի, ըմբռնումի եւ իներցիայի ժամանակաշրջանները հաշվի առնելով, առնվազն 15 տարի առաջ: Ինչեւէ, թեկուզ եւ նորմայից բավականին ուշացումով, ՊԳՖԱ-ն ծնվեց, քանի որ նրա ծնունդը օբյեկտիվ անհրաժեշտություն էր: Քանի որ պետք է մի օր  իշխանական արժանապատվությամբ ու դատարկ գրպանով ընդհանրական գիտնականը հանրահայտ Կնյազ Չփլախյանի խոսքերով ասեր.

- Կներեք արտահայտությանս՝ մենք էլ մարդ ենք, չէ՞…

Ծնվելուց անմիջապես հետո ՊԳՖԱ-ն սկսեց քայլել եւ նրա առաջին քայլերը լի էին հավատով ու ոգեւորությամբ՝ ինչ որ տեղ հիշեցնելով 88-ի շարժման սկիզբը, երբ, Սումգայիթից հետո, լուսահոգի Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը գնացել էին էն, էն… Գորբաչովի մոտ ու շատերս դյուրահավատորեն կարծում էինք, որ եթե 3 օրից չէ՝ ամենաշատը մի շաբաթից Ղարաբաղը մեզ են տալու… Էդ ժամանակ ընկերներիցս մեկը՝ Արմենը (կարող է չհավատաք, բայց անունը փոխված չէ), ով սկի միտինգի-բանի էլ չէր գնում, ասաց՝ «հո դուք ախմախ չեք, ինչու՞ պիտի Ղարաբաղը տան մեզ…»: (Հա, իմիջիայլոց Արմենը, ի տարբերություն էն ժամանակվա շատ շուխուրչի ակտիվիստների, ովքեր հետո լքեցին երկիրը, ապրում ու աշխատում է Հայաստանում, չնայած որ լիքը վարիանտ ուներ գնալու՝ բարեկամների կեսը շուտվանից ամերիկաներում են ապրում): Ոնց որ շեղվեցի… Հա, բայց ուզում էի ասել, որ էս անգամ տարիքով ՊԳՖԱ-ականները սրտի խորքում գիտակցում էին, որ չնայած ի լուր Հայաստանի հանրապետության «ահազանգում են գիտության տագնապալի վիճակը»՝ առջեւում պայքարի երկար ու փշոտ ճանապարհ է սպասվում…

Սկիզբը խոստումնալից էր: Գիտության խղճուկ ֆինանսավորման պայմաններում անգամ հայ գիտնականների ցույց տված արդյունքների շնորհիվ առկա ծանրակշիռ փաստարկներով (ՅՈւՆԵՍԿՕ-ի 2010 թվականի զեկույցը` տասնամյակի կտրվածքով աշխարհում գիտության զարգացման վերաբերյալ) զինված՝ նախաձեռնությունը անցավ լայն ճակատով իրազեկա-տեղեկատվական «հարձակման»: Պաշտոնյաներ, կուսակցություններ, գործարարներ, հասարակության լայն շերտեր…

Որպես արդյունք, 2 ամիսը չբոլորած ՊԳՖԱ-ն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, շռնդալից կերպով կազմակերպեց եւ անցկացրեց «ազդեցության գործակից» ունեցող գիտական ամսագրերում տպագրություններ ունեցող երիտասարդ գիտնականների խրախուսման մրցանակաբաշխություն: Շռնդալից՝ քանի որ չափորոշիչների չափազանց հստակ լինելու շնորհիվ, հաջողվեց  Հայաստանի համար աննախադեպ թափանցիկ ու արդար ընտրություն անցկացնել՝ աննախադեպ կարճ ժամկետում: ՊԳՖԱ-ն վարկանիշ ձեռք բերեց… Էլի մրցույթներ կազմակերպվեցին… Վարկը անշեղորեն բարձրանում էր… Գիտությունից խոսելը դարձավ մոդայիկ… Օգոստոսի վերջին էլ Ծաղկաձորում ՊԳՖԱ-ի կազմակերպված եռօրյա սեմինար-քննարկմանը մասնակցող տարբեր կուսակցությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչները իրար հետեւից իրենց աջակցությունն էին հայտնում՝ անասելի հաճույք պատճառելով սեմինարի մասնակիցներիս: Իսկ «գնահատված» լինելու զգացումը գագաթնակետին հասավ, երբ անսպասելիորեն սեմինարը իր մասնակցությամբ կարեւորեց նախագահ Սարգսյանը, չնայած՝ մարդը պարզ հասկացրեց, որ մեր պահանջը բավարարողը չի… Բայց դե կարեւորը էն էր, որ նախագահն էլ հանդիպեց ՊԳՖԱ-ի հետ: Վարկը էլի բարձրացավ… Դե մի քանի նոմինացիայում էլի գիտնականներին խրախուսելու մրցույթներ խոսք տվեցին… Ու էլի պաշտոնյաներ, կուսակցություններ, գործարարներ, հասարակության լայն շերտեր… Նոր տարուց առաջ էլ ՊԳՖԱ-ի բարձրացրած աղմուկի շնորհիվ 100 մլն դրամ տվին ու ասացին տնօրինեք: Բեղուն տարի էր…

Նոր տարուց հետո էլ մրցանակներ սահմանելու պատվաբեր գործին միացավ նաեւ «Տաշիր» հիմնադրամը: Ես էլ սկսեցի լրագրել հայտարարված լրագրողների մրցույթին մասնակցելու նպատակով՝ շատը փողի համար:

Դե որ ասեմ ՊԳՖԱ-ի էջում ամեն ինչ սահուն, հաշտ ու խաղաղ էր ընթանում՝ սուտ կլինի: Էնպիսի՜ քննարկումներ են լինում, տեսակետների էնպիսի՜ բախումներ են լինում: Օրինակներ շատ կան՝ Դանիելը ընդվզեց 100 մլն-ի խորհրդի կազմում նախաձեռնության դելեգատների ոչ ժողովրդավար ընտրության հարցում, Հովակիմի պարբերաբար հնչեցրած տրամաբանական հարցերը հիմնականում պատասխան չեն ստանում, Ասրիյանը անընդհատ ապարդյուն ջանքեր է գործադրում նախաձեռնությանը ճիշտ ուղու վրա բերելու համար՝ չեն լսում, հակաճառում են...

Հա, այնուհետեւ սկսվեց նախընտրական շրջանը: Երանի միշտ նախընտրական շրջան լիներ՝ բոլորը շրջվում են դեմքով դեպի ժողովուրդը, խոսում են, կիսվում են, մարդկանց դարդերով «տապակվում», ասֆալտ-մասֆալտ են անում, փող կամ բնամթերք են բաժանում: Բայց ամենաշատը բաժանում են խոստումներ… Այդ ամենը տեսնելով ու լսելով՝ քիչ էր մնում մարդ հուզվեր ընտրյալ դառնալ ցանկացողների «ջիգյարի» ու սիրառատության համար ու ասեր՝ «որ դուք էդքան լավն եք՝ ձեզանից ոչ մի բան էլ չենք պահանջում»… Դե ՊԳՖԱ-ն էլ անմասն չմնաց առատության եղջյուրից թափվող խոստումներից: Իրար հաջորդող հանդիպումներին ու ասուլիսներին գիտության ֆինանսավորման մասին հեռակա մրցավեճում գերակշռում էր «ով ավելի շատ» կասի սկզբունքը: Մեր համար էյֆորիկ ժամանակաշրջան էր… Բայց քվեները հաշվելուց հետո մի տխուր օրինաչափություն բացահայտվեց՝ ով ավելի կոնկրետ ու ավելի լուրջ աջակցություն էր խոստացել՝ ամենաքիչ ձայներն ստացան եւ հակառակը… Բացի մեկից՝ դե «Օրինաց»-ի ոչ մի բանն էլ օրինաչափ չի: Վերջը պարզվեց, որ ՀՀԿ-ն 50 տոկոսից ավել ձայն ունի եւ ինչ ուզի՝ կանի: Մեզ էլ շատ թե քիչ աջակցեցին 5, 5, 7 եւ 36 մանդատ ստացած կուսակցություններ ու դաշինք եւ նույնիսկ 1 անկախ պատգամավոր: Էդ ժամանակ հիշեցի, թե որքան ճիշտ էր պարոն Ասրիյանը, երբ դրանից ամիսներ առաջ ասում էր, որ արդյունքի հասնելու համար պետք է կառավարության ու ՀՀԿ-ի «պոչից բռնել»:

Մի քիչ էլ ժամանակ անցավ՝ ընտրությունների արդյունքները մարսելու ժամանակ: Այնուհետեւ եղավ «Տաշիր» հիմնադրամի մրցանակաբաշխությունը ու եկան ամառային արձակուրդները… Բայց դե արձակուրդն էլ է հարաբերական հասկացություն, եւ նախաձեռնության անդամներից շատերը հանգստի կամ գործի ժամին, ուտելիս կամ քնելուց առաջ միտք էին անում «պահանջում ենք»-ի հետագա քայլերի մասին: Ձեռքբերումներ, անկասկած կան՝ եւ ոչ քիչ, բայց հիմնական պահանջը բավարարելուն ուղղված քայլերը կարծես դեմ են առել ապառաժի: Կարծես էլ մարդ չի մնացել Հայաստանում, ում մեր բողոքի ձայնը չի հասել՝ նախագահ, ԱԺ, կառավարություն, քաղաքական ուժեր, ձեռներեցներ, ՀԿ-ներ, լրատվամիջոցներ… Բա ի՞նչ պիտի անենք… «2013 թվի բյուջեում գիտության ոլորտի հատկացումները նախատեսվում են 10 տոկոս ավելացնել» մեծահոգաբար արված հայտարարությունից հետո էլ կրկին հիշեցի, թե որքա՜ն ճիշտ էր պարոն Ասրիյանը, երբ դեռ ընտրություններից առաջ ասում էր, որ սրանք մեզ փող տվողը չեն, որ պետք է կառավարությանը «չանհանգստացնելով» գիտահետազոտական կորպորացիաներ հիմնել…

Չգիտեմ, բայց երեւի էջի ադմինն էլ էր վերը նշված հարցերի ուղղությամբ երկար միտք արել, երբ հանկարծ գրեց. «Հարգելի գործընկերներ, Այս էջը որոշակի ժամանակով դադարեցնում է ակտիվ գործունեությունը, հնարավոր է նաև ժամանակավորապես փակվի ու տեսանելի չլինի ձեզ…»: Բայց դե «բազմահազար հեռուստադիտողների խնդրանքով» էջը մնաց տեսանելի: Հետո էլ ակտիվություն երեւաց միայն Հունգարիայի հետ գիտական կապերը խզելու, կամ սպորտի մասին կամ Ավետիք Գրիգորյանի գրքի մասին հրապարակումների շարքի ժամանակ: Հիմա էլ հոդվածների տարափ է սպասվում՝ լրանում է լրագրողական մրցույթին մասնակցելու համար նյութեր հրապարակելու ժամկետը… Բյուջեն էլ հրես կհաստատեն…

Մեկ-մեկ տարօրինակ հարցեր են առաջանում. կարո՞ղ ա փակուղի ենք մտել, ժողովուրդ… Կարո՞ղ ա երիցս ճիշտ էր պարոն Ասրիյանը, երբ ասում էր, որ ՊԳՖԱ-ն պետք է միայն հատուկ ձևաչափով մրցունակ գիտահետազոտական նախագծեր անելու վրա աշխատի … Բայց լավ, ի՞նչ անենք… Կարո՞ղ ա մեր վերջին հույսն այն է մնացել, որ նախագահը մի օր ասի. «Սիրուն չի»…

Մյուս կողմից էլ՝ տարօրինակ հարցերին անմիջապես հուսադրող պատասխաններ են հայտնվում. ի՞նչ փակուղի, ի՞նչ բան: Հլա էնքա՜ն ռեսուրսներ կան նախաձեռնության կշիռն ու «ապառաժի» վրա ճնշումն ուժեղացնելու համար: Գիտեք չէ՞՝ կաթիլը քար է ծակում: Օրինակ, էսօր հոդված կարդացի, վերնագիրը՝ «Հայաստանում գիտնականները միավորված չեն»: Դեռ կմիավորվեն: Դժվա՞ր բան է, անհնա՞ր է: Ավելի անհավանական օրինակ բերե՞մ: Երբ «Բարսա»-ի հարսը Բաքվում ծածանեց մեր  եռագույնը՝ տեսա՞ք, ոնց միացան «Ռեալի» ու «Բարսելոնի» մշտապես հակամարտող երկրպագուները: Եթե խորանանք՝ գիտնականների միջեւ հակամարտություն էլ չկա: Ու ինչու՞ միայն գիտնականները: Տարբեր ոլորտների շատ մարդիկ կարող են միավորվել, փոխադարձաբար համագործակցել բարձրացրած տարբեր խնդիրների լուծմանը նպաստելու համար: Բայց, մյուս կողմից էլ, էս դժգոհ զանգվածը միավորվելով, աճելով ու միասնաբար, լայն ճակատով բողոքելով կարող է երկրում անկայուն իրավիճակ ստեղծելու նախադրյալ հանդիսանալ, ինչը, իմ կարծիքով, էս խառը ժամանակներում շատ վտանգավոր է:

Պարոն Ասրիյանն էլ բազմիցս ճիշտ է գտնվել, բայց էս հարցում եզրակացություն անելով շտապել է:

Հիմա կոնկրետ՝ ի՞նչ պիտի արվի… Գիտնական մարդիկ եք՝ մի խելոք բան որոշեք ու արեք էլի: Ձեզանից լավ էլ ո՞վ կարող է գործելու տարբերակներ առաջարկել:

Էդ ժամանակ էլ նախագահը կասի, որ իրոք սիրուն չէր էս 20 տարի գիտությանն անտեսելն ու արհամարհելը: 

Հ.Գ. Էն մեր հին ծանոթ կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն (էն որ չուզեցավ Մադրիդից Մախաչկալա տեղափոխվել) Հայաստան-Իտալիա խաղը դիտելուց հետո, նեղ շրջապատում իր զարմանքն ու ուրախությունն է հայտնել, որ հայ ֆուտբոլասերները ծածանում էին Կոլումբիայի դրոշը… 

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանություններ (1)

Gohar
http://www.facebook.com/science.and.finance Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են 1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter