HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագապշի մահից ցնցված Աբխազիան նոր առաջնորդ է փնտրում

Անահիտ Գոգորյան

Դեռեւս հայտնի չէ, թե ով է փոխարինելու հանգուցյալ նախագահ Բագապշին, սակայն պարզ է, որ նրա ցանկացած հետնորդ ստիպված պետք է լինի պաշտպանել Աբխազիայի շահերը Մոսկվայի հետ սերտ, սակայն անհավասար հարաբերություններում:

Նախագահ Սերգեյ Բագապշի հանկարծամահ լինելու փաստը ցնցել է ողջ Աբխազիան, սակայն փորձագետներն արդեն գնահատում են նրա պոտենցիալ հետնորդների` նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունները:   

Բագապշն իր մահկանացուն կնքեց 62 տարեկան հասակում մայիսի 29-ին, Մոսկվայում թոքերի վիրահատությունից մեկ շաբաթ անց:

2004 թվականին Բագապշը հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում` առաջ անցնելով Կրեմլի աջակցությունը վայելող թեկնածուից. նա կհիշվի որպես նախագահ, որի գլխավորությամբ Աբխազիան չորս տարի անց անկախ ճանաչվեց Ռուսաստանի կողմից: Աբխազիան դեռեւս միջազգայնորեն համարվում է Վրաստանի մասը, իսկ Թբիլիսին վճռական է տրամադրված իր վերահսկողությունը տվյալ տարածքի նկատմամբ վերականգնելու ուղղությամբ:

2009թ. ընտրությունների ժամանակ վերընտրված Բագապշը հանգիստ եւ զգուշավոր բանակցողի հեղինակություն էր ձեռքբերել, ով փորձում էր փոխհամաձայնության հասնել Աբխազիայում զանազան քաղաքական խմբավորումների հետ հարաբերություններում:

Աբխազիայի պետական համալսարանի դասախոս Իրակլի Խինտբան նշում է, որ հանգուցյալ նախագահի հիմնական ձեռքբերումը քաղաքական կայունության վերականգնումն էր ընտրություններից հետո, երբ երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի եզրին:

«Ընտրություններում հաղթանակ տանելով` նա կարեւոր նախադեպ ստեղծեց` սահմանադրական հիմունքներով իշխող էլիտայից ընդդիմությանն իշխանության փոխանցումը», - հավելում է Խինտբան:

Պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Բագապշն իր պարտված հակառակորդին`Ռաուլ Խաջիմբային նշանակեց փոխնախագահի պաշտոնում: 

Օրենքով` նոր նախագահի ընտրությունները պետք է կայանան հանգուցյալ նախագահի մահվանը հաջորդած երեք ամսվա ընթացքում, եւ քաղաքական գործիչները կսկսեն պայքար մղել կողմնակիցներ ձեռքբերելու համար: 

«Երկիրը ժամանակավորապես ղեկավարող փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը եւ վարչապետ Սերգեյ Շամբան այն քաղաքական ծանրակշիռ ուժերն են, որոնց շուրջ կծավալվի հիմնական պայքարը», - ասում է ճանաչված աբխազ բլոգեր Ախրա Սմիրը:

«Ընդամենը 6 տարվա ընթացքում խիստ եւ պրագմատիկ Անկվաբը խայտառակված քաղաքական գործչից վերածվեց փոխնախագահի: Նրա առավելություններից են ռազմավարական հմտությունները եւ անգամ խիստ անբարենպաստ իրավիճակում եղած սուղ միջոցներն օգտագործելու ունակությունը: Ինչ վերաբերում է Սերգեյ Շամբային, ապա նա ունի մեծ քաղաքական փորձ` նախ արտաքին գործերի նախարարի, այնուհետեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հաշվին: Սերգեյ Շամբան դիվանագետ է, նա պատրաստ է հաղորդակցության եւ փոխհամաձայնության: Հետեւաբար, ոճի եւ մեթոդների առումով նա բազում ընդհանրություններ ունի հանգուցյալ նախագահի հետ», - հավելում է Սմիրը` համեմատելով նախագահի պաշտոնի երկու հավանական թեկնածուներին:

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ դեռեւս հստակ կերպով հայտնի չէ նախագահի հավանական հետնորդը, նույնիսկ այն դեպքում, եթե այս ցուցակին միանա Ռաուլ Խաջիմբան եւ, հավանաբար, նոր անուններ չհայտնվեն նախընտրական քարոզարշավի ընթացքում:   

Վերլուծաբաններից շատերը, իրենց հերթին, կարծում են, որ այս պահին Խաջիմբայի հնարավորությունները մեծ չեն:

«Հնարավոր է` Ռաուլ Խաջիմբան ներկայացնի իր թեկնածությունը, սակայն նրա հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են այժմ, քան նախկինում: 2004թ. ընտրություններից ի վեր, որոնց ժամանակ Խաջիմբան ստացավ ձայների 32%-ը, նա մեկուսացված կյանք է վարել: 2009թ. նա ստացավ ընտրողների ձայների ընդամենը 15%, ինչը նշանակում է, որ նրա կողմնակիցների մի մասն անցնում է այլ թեկնածուների կողմը», - ասում է «Այնար» լրատվական ակումբի փորձագետ Սպարտակ Ժիդկովը:

Աբխազ բլոգեր Սմիրի կանխատեսմամբ` Բագապշի կողմից ստեղծված իշխող «Միասնական Աբխազիա» կուսակցությունը կարող է բաժանվել Անկվաբին եւ Շամբային աջակցող խմբակցությունների, իսկ նրանցից մեկը նույնիսկ կարող է միանալ Խաջիմբայի ղեկավարած «Աբխազիայի ազգային միասնության ֆորում» կուսակցությանը:

Հաշվի առնելով այն, որ 2004-ի ընտրություններին քչերն էին կանխատեսել Բագապշի հաղթանակը այն ժամանակվա վարչապետ Խաջիմբայի նկատմամբ` Ժիդկովը չի բացառում բոլորովին այլ թեկնածուների ի հայտ գալու հավանականությունը:

Ըստ ավանդույթի, եթե նախագահը ծագումով Աբխազիայի արեւմուտքից է` Գուդաուտա քաղաքի շրջակայքից, ապա փոխնախագահը պետք է լինի երկրի արեւելքից` Օչամչիրայի շրջանից: Սա թույլ է տալիս նախագահի վարչակարգին աջակցություն ստանալ երկրի ողջ տարածքում:

Այնուամենայնիվ, Ժիդկովի խոսքերով` գալիք ընտրություններում «ամենակարեւորը ոչ թե այս կամ այն թեկնածուի ծագումն է կամ Մոսկվայի հետ նրանց ունեցած կապերը, այլ այն, թե ինչպիսի խմբավորումներ կաջակցեն նրանց Աբխազիայում»:

Դեռեւս պարզ չէ, թե Ռուսաստանն ինչպիսի դիրքորոշում կորդեգրի այս հարցում` արդյո՞ք հրապարակայնորեն աջակցություն կցուցաբերի թեկնածուներից մեկին, թե կզգուշանա այդ քայլից` հաշվի առնելով այն, որ 2004-ի ընտրությունների ժամանակ աջակցում էր Խաջիմբային, ինչը ճիշտ հակառակ հետեւանքների հանգեցրեց:    

«Աբխազները եւ այլ էթնիկական խմբավորումները թույլ չեն տա, որպեսզի ընտրությունները կայանան արտաքին ուժերի հրահանգների ներքո: Դատելով 2009թ. նախագահական ընտրություններին տեղի ունեցածից` Մոսկվան դաս է քաղել նախորդ [2005թ.] ընտրություններից եւ ճիշտ եզրակացություններ է արել», - ասում է Ժիդկովը:

Անկախ ընտրությունների արդյունքներից, Աբխազիայի արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է Մոսկվայի հետ սերտ կապերի վրա, դժվար թե փոփոխության ենթարկվի:

Սակայն Խինտբայի կանխագուշակման համաձայն` ով էլ որ լինի Աբխազիայի նոր առաջնորդը, նա կենթարկվի Բագապշի քաղաքականությունը շարունակելու ճնշմանը, այսինքն` պետք է պաշտպանի Աբխազիայի ազգային շահերը Ռուսաստանի հետ «բարդ եւ անհավասար» հարաբերություններում:

«Կկարողանա՞ արդյոք նոր նախագահը պահպանել հավասարակշռությունն այս նեղ արահետի վրա` հետո պարզ կդառնա», - ասում է Խինտբան:

Անահիտ Գոգորյանը IWPR-ի նախապատրաստած լրագրող է եւ «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է Աբխազիայում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից, # 594, 3-ը հունիսի, 2011թ.: (www.iwpr.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter