
Վերաքննիչը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի բողոքն ընդդեմ ոստիկանապետի օգտին կայացրած վճռի
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի վերաքննիչ բողոքն ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի` հօգուտ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կայացրած վճռի:
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում էր Վլադիմիր Գասպարյանի հնչեցրած հետևյալ արտահայտությունները. «20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Վերաքննիչ բողոքում հայցվորը նշել է, որ դատարանի կողմից որևէ գնահատականի չի արժանացել այն հանգամանքը, որ ամբողջ դատավարության ընթացքում պատասխանողն, այդպես էլ չէր հերքել հայցվորին նկատի ունենալու հանգամանքը։ Բողոքաբերը նշել է, որ պատասխանողի ներկայացուցիչը դատավարական բարձրակարգ հմտությունների և բավականին հետաքրքիր պաշտպանության ձևի կիրառմամբ, այնուամենայնիվ, իր կամքից դուրս հանգամանքների բերումով, ի վիճակի չէր ապահովել հետևյալ հարցի հստակ պատասխանը. «Արդյոք Պատասխանողը նկատի էր ունեցել հայցվորին»։
Բողոքաբերը նշել է, որ դատարանի կողմից սխալ է կիրառվել ՀՀ քաղ.օր.-ի 19-րդ և 1087.1-րդ հոդվածները, ինչի հետևանքով հայցվորը զրկվել է նշված հոդվածներով նախատեսված իր իրավունքներից և խնդրել է վերաքննիչ դատարանին` հայցը մերժելու մասով բեկանել դատարանի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
Վերաքննիչ բողոքի պատասխանում ՎԼ. Գասպարյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ վերաքննիչ բողոքում հայցվորը միջնորդել է հարգելի համարել բողոքը բերելու համար բաց թողնված մեկօրյա ժամկետը` որպես հարգելի պատճառ նշելով դատարանի կողմից 21.07.2012 թվականին վճիռը հայցվորին ուղարկելու հանգամանքը , սակայն պատասխանողը նշել է, որ բողոքը պետք է վերադարձվի, քանի որ, ՀՀ քաղ.դատ.օր.-ին համաձայն, դատարանը վճռի օրինակը մինչև հրապարակման հաջորդ օրը ուղարկել է հայցվորին։
Վերաքննիչ դատարանը նշել է, որ պատասխանող կողմը ընդամենը քննադատել է հասարակության մեջ տեղ գտած բացասական երևույթները և ոչ թե կոնկրետ անձանց, այդ թվում նաև` հայցվորին՝ նկատի ունենալով նաև այն փաստը, որ հայցվորը, հանդիսանալով հասարակական կազմակերպություն, նպատակ է հետապնդում աջակցելու ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը, այսինքն` ըստ էության կողմ է հասարակության մեջ տեղ գտած բացասական երևույթների բացահայտման և քննադատման գործընթացին։
Այսպիսով, վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով վերաքննիչ բողոքի հիմքերը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, կատարելով սույն գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի այն բեկանելու հիմքեր առկա չեն, հետևաբար բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս ատյանի վճիռը:
Մեկնաբանել