HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». խմորումներ՝ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի շուրջ

Դատարանը կորոշի, թե ով է իրական նախագահը

Դեկտեմբերին անցկացված Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի համագումարի և դրանից հետո էլ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի շուրջ խմորումները դեռևս շարունակվում են: Եվ շարունակվում այն աստիճանի սրված պայմաններում, որ գործը հասել է մինչև դատարան:

Պայքարը, ինչպես ներկայացնում է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի պարզ չէ ներկա թե նախկին նախագահ Մկրտիչ Փիլթոյանը, «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանի հավակնություններն են, ըստ Փիլթոյանի, արհեստականորեն մի խումբ մարդկանց է ներգրավել ֆեդերացիայի կազմի մեջ, որոնց անդամավճարները մեկ հոգի է մուծել, որից հետո համագումար է հրավիրել և ինքն իրեն ֆեդերացիայի նախագահ է հռչակել:

Իսկ ինչ վերաբերում է այս պատմության մանրամասներին, Փիլթոյանի ներկայացմամբ մոտավորապես հետևյալն է. դեռևս դեկտեմբեր ամսին Փիլթոյանը ֆեդերացիայում անցկացրել է օրինական համագումար՝ ֆեդերացիայի հերթական համագումարը: Դեկտեմբերյան համագումարի ընթացքում, սակայն, փոփոխվել է ֆեդերացիայի կանոնադրության կետերից մեկը՝ այն է, թե ֆեդերացիայի նախագահ կարող է դառնալ ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամ: Համաձայն փոփոխության՝ մեկ տարուց պակաս ֆեդերացիայի անդամ հանդիսացող անձը չի կարող ղեկավար մարմնի անդամ լինել: Սա, ըստ Փիլթոյանի, նորմալ փոփոխություն է, քանի որ կառույցի ղեկավարը նախկինում գոնե մեկ տարի պետք է այդ կառույցի անդամ լիներ, ծանոթ լիներ ներքին խոհանոցին, գործերին, խնդիրներին:

Սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ Գ. Աղաջանյանի կողմից դատական հայց է ներկայացվել, ըստ որի՝ վիճարկվում է դեկտեմբերյան համագումարի ընթացքում կանոնադրության նշված կետի փոփոխությունը, իսկ ավելի ստույգ՝ պահանջվում է չեղյալ համարել համագումարն ամբողջությամբ: Փիլթոյանի համոզմամբ՝ դատարանում իրականում ոչ թե կանոնադրության կետերից մեկի վիճարկումն է, այլ այս դատական հայցը հենց իր դեմ է ուղղված, քանի որ Գ. Աղաջանյանը փորձում է ամեն գնով խլել ֆեդերացիան: Իսկ դատը, նրա խոսքով, իրեն իսկական շոու է հիշեցնում:

Բանն այն է, որ երբ Փիլթոյանը դատարանում ներկայացել է որպես Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, դատավորը չի ընդունել այդ փաստը, նշելով, որ նախագահի անվան շուրջ վիճաբանություն կա, քանի որ մյուս կողմը ապրիլ ամսին համագումար է անցկացրել, և նրանք ընտրել են նախագահ. այդ փաստը գրանցվել է Հայաստանի արդարադատության նախարարության պետռեգիստրում:

«Ես ներկայացրի դատավորին, որ ապրիլին անցկացրած համագումարի արդյունքները ես բողոքարկել եմ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությունում, որոնք պարզել և անվավեր են համարել ապրիլին Գ. Աղաջանյանի անցկացրած համագումարը: Ո՛չ ցուցակ են ունեցել, ո՛չ 1/3-րդ ստորագրություն, ո՛չ նախագահության նիստ է եղել, ո՛չ մեր նախագահության անդամներից որևէ մեկը մասնակցել է այդ համագումարին: Սրանք բոլորը խախտումներ են: Արդարադատության նախարարության վերահսկողության բաժինը անվավեր է ճանաչել այդ համագումարը: Դատավորը ուղղակի չկողմնորոշվեց՝ ինչը ինչոց է, ով ով է և ով է ի վերջո այս ֆեդերացիայի օրինական նախագահը»,- պատմում է Մկրտիչ Փիլթոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին համագումարը վիճարկողների մի մասը մասնակցել է այդ համագումարին. «Թող այդ պահին վիճարկեին մեր որոշումը, կամ երեք օր հետո գային ասեին»,- ասում է Փիլթոյանը:

Երեկ դատարանում այս գործով հերթական նիստն էր, որով գործը մտավ դատաքննական փուլ: Նշենք, որ գործով վերջին նիստերից մեկում դատարանը որոշել է, որ Մկրտիչ Փիլթոյանը չի կարող գործով որպես կողմ ներգրավված մնալ, քանի որ որևէ առնչություն չունի ֆեդերացիայի հետ: Դատարանը հայտարարել է, որ ֆեդերացիայի նախագահը Գագիկ Աղաջանյանն է, իսկ ֆեդերացիան համագումարի հետ կապված փաստարկներ ներկայացնելու համար այլ մարդ պետք է ուղարկի դատարան: Արդարադատության նախարարության վերահսկողության բաժնի որոշումը, որով ապրիլին կայացած համագումարը անվավեր է ճանաչված, կասեցված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter