
Երևանում մեկնարկում է «Popok» զովազդի միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանում կբացվի Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնած «Popok» զովազդի միջազգային փառատոնը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվելիք փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը:
15 պետության հեղինակավոր ընկերություններ մրցելու են 6 հիմնական անվանակարգում, որոնց այս տարի ավելացել է նաև «Գիրք» անվանակարգը՝ 2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ: Կազմակերպիչները հատկանշում են, որ մինչ օրս ոչ մի գովազդային փառատոնում նման անվանակարգ հայտարարված չի եղել:
«Փառատոնի շրջանակում նաև արտասահմանյան դիզայներների ներգրավմամբ քննարկվելու են Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի մշակմանն ուղղված հարցեր, ինչը հրաշալի առիթ է քննարկելու Երևանի բրենդավորման հարցը: Քննարկումները կօգնեն նաև Երևանի գովազդային հայեցակարգը լրամշակվելուն»,- ասել է Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
«Փառատոնը հարթակ կլինի՝ լսելու հեղինակավոր դիզայներների կարծիքներ, թե նրանց աչքերով ի՞նչ խնդիրներ կան քաղաքում, և դրանց լուծումներն ինչպիսի՞ն են: Հետևաբար հրավիրում ենք մեր դիզայներներին ևս ակտիվորեն մասնակցել փառատոնի քննարկումներին, կլոր սեղաններին՝ հետաքրքիր մտահղացումներից ընդհանուր եզրակացություն ստանալու համար»,- հավելել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
«Popok» զովազդի միջազգային փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ փառատոնը նախորդ 2 տարում դարձել է նաև միջազգային համբավ ունեցող ընկերությունների հանդիպման վայր:
«Popok»-ի կազմակերպիչները փառատոնից ակնկալում են միջազգային և հայաստանյան գովազդային ընկերությունների միջև հարաբերությունների զարգացում և ամրապնդում, նաև հայաստանյան գովազդային շուկայում մասնագիտական որակի աճ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել