HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հանրակրթության մասին» օրենքը նորից փոփոխում են

Ազգային ժողովը քննարկում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:

Հիմնական զեկուցող, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, թե այս նախաձեռնությամբ խնդիր է դրված հասնել իրական հավասարության՝ առանձնահատուկ խնամք ունեցող և առողջ երեխաների իրավունքների պաշտպանության առումով:

Կառավարությունը նպատակ է դրել օրենսդրական փոփոխության արդյունքում ունենալ երեխայի անհատական տարբերություններից ու հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորում, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը։

«Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորություններով, այլև Հայաստանի Հանրապետությունում կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով սահմանված ներառական կրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման միտումով»,- օրենքի փոփոխության անհրաժեշտությունը պատճառաբանում է կառավարությունը:

Արմեն Աշոտյանի խոսքերով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան դառնում է իրավահավասար բոլոր երեխաների հետ։ Նրա կրթության հարցը և հասարակական կյանքին մասնակցությունը իր փոխարեն չեն որոշում, այլ տրվում է հնարավորություն՝ բացահայտվելու իր բոլոր ունակություններով, և դրսևորվելու իր համար հաղթահարելի ձևով՝ կարևորություն տալով ծնողի կարծիքին և դերակատարությանը:

Նախարարի ասելով՝ կրթության առանձնահատուկ պայմանի գնահատման գործընթացին անմիջական մասնակցությունը, մասնագետների խորհրդատվությունը և միջավայրի վերաբերմունքը օգնում են ծնողին ավելի օգտակար լինել իր երեխային, դուրս գալ անելանելիության ու ամոթի բարդույթից և օգնել իր երեխային հաղթահարելու անհատական ուսուցման պլանը և ընդգրկել հասարակության մեջ:

Արմեն Աշոտյանը նշեց, որ չնչին հնարավորություն դեպքում իրենք ձգտելու են, որ խնդիրներ ունեցող երեխան սովորի հանրակրթական դպրոցում, միայն հնարավորությունների բացակայության դեպքում է երեխան հայտվելու ներառական դպրոցում: Նախարարը խոստացավ ուժեղացնել նաև տնային ուսուցումների իրականացումը, եթե երեխաների դպրոց հաճախելը ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ:

Արմեն Աշոտյանը նշեց, որ հանրապետությունում կա 107 ներառական դպրոց, որոնց թիվն ամեն տարի 15-ով ավելանում է: Այսօր գործող հատուկ դպրոցներն ավելի ծախսատար են, քան ներառական դպրոցները: Նախարարը նաև հավաստիացրեց, որ մանկավարժների և մասնագետների պակաս չունեն և ի տարբերություն շատ այլ երկրների՝ Հայաստանը չի վախենում մտնել այդ բեռի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter