
«Խրախճանքներով քաղաքը չեն սիրում, քաղաքը սիրում են այն խնամելով»
«Պետք չէ ֆինանսիստ լինել' հասկանալու համար, որ պետության կողմից արված ծախսերի երկու երրորդը ոչ մնայուն ծախս է: Մեր երկրի պես երկրի համար, որը դեռ զարգացման փուլում է, մասսայական միջոցառումների վրա ծախսվող գումարներն ահռելի են. «Էրեբունի-Երևան» տոնակատարության կազմակերպմանն ուղղված գումարով կարելի էր բարեկարգել ամբողջ Կոմիտասի այգին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ բացի նրանից, որ զանգվածային միջոցառումները վնասում են մեզ ֆինանսատնտեսական առումով, նաև հոգեպես դատարկում են մեր մշակույթը, տվյալ դեպքում կորցնում ենք նաև հոբելյանի խորհուրդը: Չորս տարի անց նշվելու է Երևանի 2800-ամյակը, և դա չի ունենա իրական հանդիսավորություն, քանի որ Հայաստանում մայրաքաղաքի տարեդարձը նշվում է ամեն տարի, իսկ ահա այլ երկրներում քաղաքի ծնունդը սովորաբար նշում են 10 կամ 25 տարին մեկ անգամ:
«Իմ կարծիքով, սա ուղղակի հասարակությանը զվարճացնելու արհեստական միջոց է և կապ չունի մեր մշակութային արժեքների պահպանման հետ: Խրախճանքներով քաղաքը չեն սիրում, քաղաքը սիրում են այն խնամելով: Եվ եթե ուզում ենք լավ նախապատրաստվել «Էրեբունի-Երևան 2800»-ին, ապա դրա համար պետք է նախևառաջ ունենանք կանաչապատ և խնամված քաղաք, այլ ոչ թե մի քաղաք, որտեղ քաղաքաշինական հանցանքները դառնում են նորմ, և հսկայական շինություններ են կառուցվում հենց քաղաքային այգիների մեջ»,- ասաց Կարինե Հակոբյանը:
Ճարտարապետ Լևոն Իգիթյանը հավելեց, որ ամբոխային հոգեբանության մեջ առողջ բան չկա, իսկ ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումներին, ապա դրանք որևէ մշակութային արժեք ունեն: Սակայն պետք չէ մեղադրել պետությանը դրանք կազմակերպելու և իրականացնելու մեջ, քանի որ հաճախ, ինչպես, օրինակ, «Էրեբենի-Երևան» տոնակատարության դեպքում, նախաձեռնողներն ու իրականացնողները եղել են անհատներ, ովքեր որոշել են այդպիսի նվեր մատուցել քաղաքամայր Երևանին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել