HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ տարում Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է 25 տոկոսով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է Հայաստանում ՏՏ ոլորտի վերջին զարգացումները: Մասնավորապես, ընթացիկ տարում 2011 թ. համեմատ աճը կազմում է 25 տոկոս: Այս բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը նախորդ տարվա 281-ի փոխարեն հասել է 350-ի:

Եթե 2011-ին ոլորտի շրջանառությունը կազմել է 200 մլն, ապա ակնկալվում է, որ այս տարի այն կհասնի 250 մլն դոլարի: Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ ձեռնարկությունների ընդհանուր շրջանառության մեջ հավասարվել է տեղական և արտասահմանյան կազմակերպությունների կշիռը, ինչը նշանակում է, որ տեղական ընկերությունների շրջանում տեղի են ունենում լուրջ զարգացումներ:

Ներկայում ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 60 տոկոսն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, Հյուսիսային Ամերիկա, բարձրանում է նաև դեպի Եվրոպա արտահանման ծավալը: Ոլորտում նախորդ տարի աշխատել է 6.700 մասնագետ, իսկ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կանցնի 7.800-ի սահմանը՝ ապահովելով 15 տոկոսի աճ:

Բագրատ Ենգիբարյանի գնահատմամբ՝ ՏՏ բնագավառում Հայաստանի մրցակցային առավելությունները մարդկային կադրերն են, հետազոտական և նորարական ծրագրերը, բարձր է գնահատվում նաև պետության մասնակցությունը տարբեր նախագծերում:

«Լուրջ զարգացումներ են սկսվել նաև մարզերում: Գյումրիում իրականացվում է Տեխնոպարկի ծրագիրը, Վանաձորում ևս զարգացման լուրջ ներուժ է առկա: Հայաստանում են տեղակայում իրենց հետազոտական ինստիտուտներն այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Դե Լինքը», «Նեյշնլ Ինսթրումենթսը» և այլք: Վերջինիս, ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ էլ մեկնարկում է Ազգային ինժեներական լաբորատորիայի ծրագիրը Ճարտարագիտական համալսարանում»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Անդրադառնալով Արցախում ՏՏ բնագավառի զարգացման միտումներին՝ նա տեղեկացրել է, որ այնտեղ ամերիկյան կապիտալով բացվել է երրորդ կազմակերպությունը, Տեխնոպարկի ձևավորման համար էլ հատկացվել է համապատասխան տարածք: Ակնկալվում է, որ «Սինոփսիս» և «Թումո» կենտրոնները կտեղակայվեն նաև Արցախում:

Նիստի ընթացքում նշվել է, որ «ԱրմԹեք-2012» կոնգրեսը տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի 10-11-ին Սիլիկոնյան հովտում: Հատուկ շեշտադրում է կատարվելու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համագործակցության և նոր գաղափարների մշակման վրա: Կոնգրեսին մասնակցելու են հյուրեր ԱՄՆ-ից, եվրոպական և ասիական մի շարք երկրներից, Ավստրալիայից:

Ակնկալվում է, որ կոնգրեսի շրջանակում Սիլիկոնյան հովտում կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը, և Intel ընկերության հետ կկնքվի Հայաստանում կենտրոն հիմնելու վերաբերյալ հուշագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter