Իտալիայի Սենատում նշվել է Հայաստան-Իտալիա դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակը
Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Սենատի պատմական «Ձուկկարի» սրահում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իտալիայում ՀՀ դեսպանության կազմակերպած միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի երկու պալատը ներկայացնող պատգամավորներ, ԱԳՆ պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացեց Սենատի փոխնախագահ Վանինո Կիտտին, ով ընթերցեց Սենատի նախագահ Ռենատո Սկիֆանիի ուղերձը: Այնուհետև Վ.Կիտտին անդրադարձավ հայ-իտալական պատմական առնչություններին, Իտալիայում հայկական պատմական բացառիկ ներկայությանը: Սենատի փոխնախագահը բարձր գնահատեց վերջին շրջանում հայ-իտալական հարաբերությունները «որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու Իտալիայում ՀՀ դեսպանության ջանքերը»:
Իտալիայի խորհրդարանում գործող Հայ-իտալական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Սանդրա Զամպան կարևորեց հոկտեմբերին պատգամավորական խմբի անդամների այցելությունը Հայաստան: Ս.Զամպան նշեց, որ «Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության բնօրրան է, և եկել է ժամանակը, որ Եվրոպան փոխհատուցի Հայաստանին ու հայ ժողովրդին այն ամենը, ինչը չի արել պատմության ընթացքում»:
Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ վերջին 3 տարվա ընթացքում հայ-իտալական հարաբերություններում տեղի ունեցած արմատական փոփոխություններին:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Ռուբեն Կարապետյանն ասաց. «Պետք է քաջ գիտակցել, որ միմիայն նավթագազային շահերից դրդված՝ հնարավոր չէ պահպանել խաղաղությունը մեր տարածաշրջանում: Անհնար է, միայն ելնելով կայունություն ապահովման մտահոգությունից, պարտադրել հայրենի հողի վրա ապրող Արցախի ժողովրդին հրաժարվելու իր ազատ ապրելու և սեփական կամքի համաձայն ինքնորոշվելու ինքնիշխան իրավունքից: Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել պայքարի և արյան գնով ազատագրված ժողովրդին ապրելու մի երկրի սահմաններում, որը սպառնում է նրա ֆիզիկական գոյությանը»:
Հանդիսավոր նիստից հետո Իտալիայում ՀՀ դեսպանը իտալացի շուրջ 20 քաղաքական գործիչներին, դիվանագետներին, պետական պաշտոնյաներին ու լրագրողներին հանձնեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ հատուկ պատրաստված հուշանվերներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել