Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն իր ռազմավարական գործընկերների՝ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ այսօր նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը:
Պաշտոնական արարողության ընթացքում ՄԱԿ-ի մշտական հաակարգող Դաֆինա Գեռչևան, փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, կապի և տրանսպորտի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթի» հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը մարեցին ՄԱԿ-ի փոստային հատուկ նամականիշը: Նամականիշը նվիրված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:
Միջոցառման բարձրակետը ՄԱԿ-ի լրագրողական մրցանակաբաշխությունն էր, որի ընթացքում մրցույթին մասնակցած լրագրողներից լավագույնները մրցանակներ ստացան Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար: Առաջին մրցանակին արժանացավ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության թիմը, որն ստացավ դյուրակիր համակարգիչ, երկու երկրորդ մրցանակներին՝ նեթբուքի արժանացան Լիանա Գյոզալյանը «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթից և Նարեկ Մանուկյանը «1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցից: Երրորդ մրցանակակիր Էլեոնորա Արարատյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալությունից ստացավ լուսանկարչական խցիկ: ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովը հաղթողներին ընտրել էր՝ ըստ պրոֆեսիոնալիզմի, ՄԱԿ-ի նպատակների խոր իմացության և ստեղծագործականության չափանիշերի:
Արարողության ընթացքում բացվեց կայուն զարգացման հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին ի աջակցություն ՄԱԿ-ի աշխատանքն ու ձեռքբերումները ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես: Այս շրջիկ ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ և նպաստել ՄԱԿ-ի ձեռքբերումների հանրայնացմանը: Այն կշրջի երկրով մեկ յուրաքանչյուրին հասանելի լինելու համար:
«Անցած 20 տարում, համագործակցելով գործընկերների հետ, մենք նպաստել ենք երկրի զարգացման նպատակների իրագործմանը՝ պետության կարողությունների զարգացման, օրենսդրական բարեփոխումների աջակցման և սոցիալական կապերի ու երկրի դիմակայունության ամրապնդման միջոցով»,- ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան:
«Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը հասնում է Հայաստանի բոլոր անկյուններ, ներգործում մեր կյանքի վրա և նպաստում երկրի բարեկեցությանը»,- ասաց արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:
1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ 67 տարի առաջ, ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թ. դեկտեմբերին՝ նույն թվականի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությունից հետո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել