
«Քննիչն ինչ թելադրել է, երևի էդպես էլ գրել եմ»
Ռուսաստանից մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող «Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցներ և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը մեղադրվում են հարկերից չարամտորեն խուսափելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ պետությանը պատճառվել է ավելի քան 64 մլն դրամի վնաս, իսկ տույժերն ու տուգանքները միասին՝ շուրջ 111 մլն դրամի: Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, ՊԵԿ-ի վերստուգման ակտի ելակետային թվերը պարզ չէ, թե որտեղից են ստացվել:
Ըստ ՊԵԿ-ի՝ հարցաքննվել են մի քանի տասնյակ վկաներ, որոնց մատակարարվել է «Ցար» ապրանքանիշի մակարոնեղեն: Սակայն Շենգավիթի դատարանում հարցաքննվող վկաների ցուցմունքները հակասում են նախաքննության ժամանակ տված իրենց իսկ ձեռքով գրված ցուցնունքներին: Քննիչ Ռ. Մկրտչյանի հարցաքննությունների ժամանակ նրանք մի բան են գրել, այժմ մեկ այլ բան են ասում դատարանում:
Պատճառաբանությունները հիմնականում այսպիսին են՝ չեմ հիշում, շառից ու փորձանքից հեռու և այլն: Անհատ ձեռներեց ներկայացած մի վկան էլ, դատախազ Պետրոսյանի կողմից հակասությունը մատնանշվելուց հետո, ոչ ավելի, ոչ պակաս ասաց՝ քննիչն ինչ թելադրել է, երևի էդպես էլ գրել եմ:
Մասնավորապես, մի շարք նախաքննական ցուցմունքներում վկաները նշել են կոնկրետ գումարներ, երբ հաշիվ ապրանքագրեր, այսինքն՝ ֆակտուրաներ չեն տրվել: Օրինակ՝ նախաքննության ժամանակ նրանցից շատերը նշել էին, որ իրենց մատակարարվել է «Ցար» ապրանքատեսակը, սակայն, ասենք, 280.000 դրանի կամ 300.000 դրամի հաշիվ ապրանքագիր «Ջի Էյջ Սթորիջի» մենեջերները չեն ներկայացրել:
Սակայն այսօր նրանք չէին հիշում, թե ինչպիսի թվաբանական գործողությամբ են այդ թվերը ստացել. «Դե, մոտավոր գումարել ենք երևի»: Հաճախ այսպիսի պատասխան էր տրվում դատավարության կողմերի կամ թե դատավոր Ազարյանի հարցերին:
Պաշտպանական կողմից փաստաբան Գևորգ Չաքմիշյանը կարծիք հայտնեց, որ վկաների նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև եղած հակասությունները վկայում են քննիչի միջամտության մասին, ինչին արդեն դատարանը պիտի տա իր գնահատականը: «Վկաները չէին կարողանում իրենց իսկ ձեռքով գրված կոնկրետ թվերի ստացման եղանակը բացատրել մի դեպքում՝ 280.000 դրամի, մյուս դեպքում՝ 300.000 դրամի համար»,- շեշտեց փաստաբանը:
Ի դեպ, հենց այդ նախաքննական ցուցմունքներն են նաև հիմք դարձել ՊԵԿ-ի վերստուգման ակտը կազմելիս, որն էլ նույն ընկերությունը՝ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս»-ը զուգահեռաբար վիճարկում է վարչական դատարանում: Պաշտպանական կողմը նշում է, որ եթե պարզվի, որ այդ ակտը իրավաչափ չէ, ապա կփլվի ողջ քրեական գործը:
Հիշեցնենք, որ այս գործով դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին կալանավորվել էին մշակույթի գործիչ Նարեկ Հարթունյանը, ընկերության 2 աշխատակիցները: 4 օր անց հանրային բողոքի ճնշման տակ նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվել էր հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ:
Հարթունյան ընտանիքի մամուլի բաժին
Մեկնաբանել