
Ալավերդիում բնակարանի կարիքավոր է 375 ընտանիք
Ներկայում Ալավերդիում կա՞ն արդյոք բնակարանի կարիքավորներ, և ի՞նչ է կատարվում այստեղ բնակարանային շուկայում: Մատչելի բնակարանային ծրագրի շրջանակներում այս խնդիրը 2012թ. հունիսին Ալավերդիում հետազոտել է Հայաստանի սոցիալական բնակարանային հիմնադրամը:
Մինչ այդ՝ անկախության տարիներին, Ալավերդիում երբևէ չէին կատարվել բնակչության բնակարանային պահանջարկի, բնակարանային շուկայում տիրող վիճակի ու բնակֆոնդի հետ կապված ուսումնասիրություններ և վերլուծություններ: Հայտնին մեկն է, որ 1990թ. Ալավերդու պետական բնակարանային ֆոնդը անհատույց սեփականաշնորհվել է բնակիչներին:
Վերջին 20 տարում Ալավերդիում բնակարանային շինարարություն չի իրականացվել, իսկ սեփականաշնորհված շատ բնակարաններ բնակիչները չեն օգտագործում: Քաղաքի 50 բնակարանոց շատ շենքերում բնակվում է հազիվ 20-25 ընտանիք, ինչը բնակչության զանգվածային արտագաղթի հետևանք է:
Հայաստանի սոցիալական բնակարանային հիմնադրամի հետազոտությունները կատարվել են Ալավերդու քաղաքապետարանի հետ համագործակցությամբ քաղաքի միջին և ցածր եկամուտներ ունեցող բնակիչներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակներում:
«Ծրագրի նպատակն այն է, որ մենք բոլոր հետաքրքրություններ ցուցաբերող համայնքներում առաջարկենք և միասին գտնենք այն ձևաչափերը, որոնք կբերեն բնակարանի մատչելիության»,- ասում է սոցիալական բնակարանային հիմնադրամի ղեկավար Արա Նազինյանը:
Այսուհանդերձ, հիմնադրամի փորձագետների ուսումնասիրությունները պարզել են, որ Ալավերդու 16,6 հազար բնակչից բնակարանի կարիքավոր է 375 ընտանիք, վերջինից անօթևան է 90 ընտանիք: Դրանք հանրակացարաններում ապրող ընտանիքներն են, 64 ընտանիք ապրում է 4-րդ կարգի վթարային շենքերում, 75 ընտանիք ապրում է վարձով:
Պարզվել է, որ 375 բնակարանի կարիքավորից 221 ընտանիք սոցիալապես խիստ կարիքավոր է, 94-ը ցածր եկամուտների տեր է, 45-ը' միջին եկամուտների տեր, 15 ընտանիք ապահովում է միջինից բարձր եկամուտներ:
Ալավերդցիների մոտ 25 տոկոսի հարազատները արտասահմանից փող են ուղարկում: Բնակչության տարեկան միջին եկամուտները այստեղ տատանվում են 95-105 հազար դրամի միջև: Հիմնադրամի փորձագետները նաև պարզել են 2005-1012 թթ. բնակարանների կարիքավորների դինամիկան, ըստ որի՝ 2007թ. բնակարանի կարիքավոր ընտանիքները Ալավերդիում աճել են, իսկ 2009թ., կապված արտագաղթի աճի հետ, նվազել:
Ալավերդու բնակարանային շուկայում ներկայում բնակարանների գներն աճում են: Քաղաքի կենտրոնական հատվածում գտվող, վերանորոգված բնակարանի 1ք.մ.-ը 200 դոլար է, չվերանորոգված բնակարանինը' 160 դոլար, ծայրամասային թաղամասերում գտնվող բնակարանի 1ք.մ.-ը 110 դոլար է:
Արա Նազինյանի կարծիքով՝ ալավերդցի սեփականատերերը շահույթ ստանալու նպատակով բնակարանները չեն օգտագործում՝ այն պատճառով, որ դրանց մեջ բնակիչները ներդրումներ չեն կատարել, պետությունից նվեր են ստացել և շահագրգիռ չեն իրենց կատարած ներդրումները հետ ստանալու հարցում:
Արա Նազինյանը վարձակալությամբ հատկացվող բնակարանները համարում է բնակարանի կարիքավորների խնդրի լուծման արդյունավետ և արդարացնող միջոց: Ուսումնասիրությունից հիմնադրամի ղեկավարը եզրահանգել է նրան, որ մանր և միջին եկամուտ ունեցող ալավերդցիները իրենց եկամուտներով ի վիճակի են մատչելի բնակարանային ծրագրով առաջարկվող բնակարաններ վարձակալելու:
Կոնկրետ ի՞նչ ծրագիր է պատրաստվում իրականացնել սոցիալական բնակարանային հիմնադրամը ցածր և միջին կարողությունների տեր, բնակարանի կարիքավոր ալավերդցիների համար: «Հետքի» հարցին Արա Նազինյանը պատասխանում է. «Առայժմ ունենք այս վերլուծությունները և փորձելու ենք Ալավերդու քաղաքապետարանի հետ գտնել այս խնդիրների լուծման տարբերակները»:
Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ սոցիալական բնակարանային հիմնադրամի և Ալավերդու քաղաքապետարանի միջև առաջիկայում ստորագրվելու է հուշագիր, որին հնարավոր է միանա նաև որևէ բիզնես կազմակերպություն: Թե տարածաշրջանի որ բիզնես կազմակերպությունը կարող է լինել դա, քաղաքապետն առայժմ խուսափեց ասել:
Արտավազդ Վարոսյանը, սակայն, ասաց, որ քաղաքապետարանը ծրագրի իրականացման համար նախատեսվում է սոցիալական բնակարանային հիմնադրամին առաջարկել Ալավերդու Ս.Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 1/1 կիսակառույց շենքը:
Մեկնաբանել