
Դպրոցականներից կազմված 7 թիմ կմասնակցի «Գծին հետևող ռոբոտ» մրցույթին
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում դպրոցականներից կազմված 7 թիմ կմասնակցի «ԱրմՌոբոտիքսի» շրջանակներում անցկացվող «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում: Երեք թիմով հանդես կգա «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով՝ Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կներկայացնի 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը՝ 1 թիմ:
Մասնակիցները նախագծել ու պատրաստել են ռոբոտներ, որոնք կանցնեն լաբիրինթոսը, կգտնեն ճիշտ ուղիները և կվերադառնան սկզբնակետ:
«ԱրմՌոբոտիքսի» կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը՝ Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից, և առաջին նախագիծը հենց «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր: Մրցույթին գրանցվել էր 25 թիմ Հայաստանից և Իրանից: Առաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց նաև «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:
«ԱրմՌոբոտիքսի» նպատակներն են զարգացնել ռոբոտատեխնիկան Հայաստանում, նպաստել ոլորտի ընկերությունների ստեղծմանը, իրականացնել ոլորտին առնչվող կրթական ծրագրեր դպրոցներում և համալասարաններում:
Մեկնաբանել