HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական հարաբերությունները և Սերժ Սարգսյանի նախագահական դիլեման

Ստորեւ լույս տեսնող հոդվածի հեղինակը նախկին լիբանանահայ է, սովորել եւ ավարտել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ Բեյրութում ղեկավարել ՀԲԸՄիության տեղի գրասենյակը, ապա անցել Մ. Նահանգներՙ Դետրոյթ, որտեղ Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանում պաշտոնավարում է որպես ուսուցիչ եւ հայկական առարկաների պատասխանատու: Ներկայացնում ենք իր տեսակետները որպես հայաստանյան կյանքի որոշ փորձառությամբ սփյուռքահայ մարդու հայացքՙ դրսից:

Մի քանի ամիս առաջ սփյուռքահայ մամուլում եւ սոցիալական ցանցերում վերարծարծվեց հայ-թուրքական հարաբերությունների թեման: Հատկապես «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը իր հոդվածներում նշում էր, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանձնարարել է արտասահմանյան իր դիվանագետներին փնտրել ու գտնել ազդեցիկ հայերի, որոնք պատրաստ կլինեն հանդիպումներ ունենալ թուրք դիվանագետների հետ: Ըստ Սասունյանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն անձամբ գաղտնի հանդիպումներ է ունեցել ամերիկահայ անձնավորությունների հետ: Տարբեր կարծիքներ էին հնչում, թե սփյուռքահայերը ընդհանրապես պետք է բանակցեն արդյոք թուրք քաղաքական գործիչների հետ, թե ոչ: Եթե այո, ապա ով է իրավասու այդ անելու եւ ինչ օրակարգով:

Ինչպիսի քայլեր էլ որ Թուրքիան ձեռնարկի սփյուռքի նկատմամբ, նրա հիմնական քաղաքական թիրախը անշուշտ Հայաստանի Հանրապետությունն է իր շոշափելի սահմաններով, ժողովրդով եւ տարածաշրջանում ունեցած իր քաղաքական ու ռազմական արեւելումով, ինչպես նաեւ միջազգային փոխհարաբերություններով:

Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Արցախը ընկած են Թուրքիայի ներկա արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի կենտրոնում: Ադրբեջանի հետ ցամաքային սահմանով միանալը թուրքերի համար շարունակում է լինել ստրատեգիական խնդիր: Այդ ծրագրի իրականացումը առավել բարդացավ Արցախյան պատերազմի հայկական կողմի հաղթանակից հետո:

Թուրքիայի համար առաջնահերթը Ղարաբաղի ապագա ստատուսի խնդիրը չէր, եւ ոչ էլ Լաչինն ու Քարվաճառը, այլ Կապան-Մեղրիից արեւելք ու Արցախից հարավ մինչեւ Արաքս ընկած շրջանների վերադարձն ու ազերի գաղթականների շուտափույթ հաստատումը այնտեղ: Այդ իսկ պատճառով թուրք-ազերիական կողմը Լեռնային Ղարաբաղի ստատուսի վերջնական որոշման հետաձգմանը առընթեր, նաեւ չէր առարկում Լաչինի ու առավել նվազ չափով Քարվաճառի շրջանների հարցը հետագայում քննարկելու գաղափարին:

2002-ին իշխանության եկած Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավար Գյուլ-Էրդողան զույգը Հայաստանի հանդեպ իր հումանիտար վերաբերմունքը պրոպագանդում էր աջ ու ձախ: Փաստերը կարծեք տպավորիչ էին՝ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ օդային սահմանի բացում, Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների անօրինական կեցության ու աշխատանքի նկատմամբ հանդուրժող վերաբերմունք, հայ-թուրքական գաղտնի բանակցություններ, Աղթամարի Ս. Խաչ վանքի վերանորոգման փաստ: Ցեղասպանության հա՞րց, խնդրեմ, նրանք պատրաստ էին քննարկել այն պատմաբանների մասնակցությամբ, տրամադրելով այս առնչությամբ Թուրքիայում գտնվող «բոլոր» արխիվները:

Վարչապետ Էրդողանը այս բոլորին անդրադարձել է հատկապես 2008 թվականի փետրվարին Մյունխենում գումարված ապահովական հարցերին նվիրված 44-րդ միջազգային խորհրդաժողովի իր ելույթի ընթացքին: Այնտեղ Էրդողանը թվելով վերոհիշյալ փաստերը պահանջել է ընդամենը մարդասիրական մեկ քայլ Հայաստանից՝ թողնել Արցախի հարակից տարածքները եւ թույլատրել ազերի գաղթականներին վերադառնալ իրենց տները:

Ահա թե ինչու նախագահ Սարգսյանի «ֆուտբոլային քաղաքականությունը» ի սկզբանէ դատապարտված էր ձախողման եւ այդ ձախողությունը բոլորովին կապ չուներ սփյուռքահայության ու Ցեղասպանության ճանաչման հետ: Թուրքերը չէին կարող ընդունել, որ հայկական կողմը, գրավված պահելով Մեղրիից արեւելք ընկած շրջանը, առավել դժվարացնի իրենց ազգային-ռազմավարական հիմնական ծրագրի իրականացումը: Այս բոլորից հետո միանգամից երկու հարց է առաջանում.

Առաջին՝ արդյո՞ք միայն մեզ է հետաքրքրում Թուրքիան Ադրբեջանից բաժանող հողատարածքի պահպանումն ու պաշտպանությունը:

Հարց երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կարողանո՞ւմ է արդյոք արժեւորել իր այս դերակատարությունը հետաքրքրված կողմերի մոտ:

Առաջին հարցին պատասխանելով ասեմ, որ ըստ երեւույթին Արեւմուտքին այս հարցը չի հետաքրքրում: Տարծաշրջանի ազդեցիկ երկրներից Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է, սակայն դիմագրավում է իրեն համար շատ ավելի կարեւոր ու առաջնահերթային խնդիրներ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա Թուրքիան Ադրբեջանից բաժանող հողատարածքի կորուստը ի օգուտ Ադրբեջանի զգալիորեն կթուլացնի Ռուսաստանի դիրքերը հարավային կովկասում եւ փոխարենը կուժեղացնի Թուրքիային, առիթ ընծայելով վերջինիս, Արեւմուտքի կնքահայրությամբ հայացքը ուղղելու Միջին Ասիա:

Այստեղ արդեն պետք է պատասխանել երկրորդ հարցին: Արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը կարողանում է արժեւորել իր դերը Ռուսաստանի մոտ: Իմ խորին համոզմամբ ոչ: Այդ է վկայում Հայաստանի տնտեսական այժմու վատթար վիճակը: Լիիրավ դաշնակցի ժողովրդին չի կարելի թողնել այնպիսի վիճակում, որի բնակչությունը չկարողանալով իր առօրյա ապրուստը ապահովել լքի երկիրն ու մեկնի արտասահման կամ Ռուսաստան: եվ այս կացության բացատրությունը պետք է փնտռել ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում՝ պայմանավորված անմխիթար ներքին քաղաքական կյանքի առկայությամբ: Այս հանգամանքը իսկապես կարող է ճակատագրական հետեւանքներով հղի լինել ինչպես արդարացիորեն նշում են մի շարք քաղաքական գործիչներ:

Մյուս կողմից լսելով Հանրապետական կուսակցության ղեկավարներ Գալուստ Սահակյանի ու Էդուարդ Շարմազանովի ինքնավստահ հայտարարություններին հարց կարող է առաջանալ, թե արդյո՞ք Հայաստանի ներքին քաղաքական կյանքը իսկապես անմխիթար է: Ի վերջո բարեհաջող Ազգային Ժողովի ընտրություններ են անցկացվել, այժմ, նաեւ Տեղական Ինքնակառավարման ընտրություններ, ուր հաղթել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Առավել, մի բան էլ շահել ենք՝ նոր Ազգային Ժողովում ունեցել ենք այլընտրանքային մի ուժ, որ պատրաստ է գերազանցիկի նման առաջ ընկնել ու կատարել արտասահմանյան առաջադրանքը, եթե օրվա իշխանությունները մերժեն ի կատար ածել այն:

Այստեղ պետք է հիշել վերջին հարցազրույցներից մեկում Դավիթ Շահնազարյանի դիպուկ նկատառումը, ուր նա այսօրվա Հայաստանի ներքին  իրադրությունը նմանեցնում էր 1997-1998 թվականներին տիրող իրավիճակին: Համաձայնելով այս տեսակետին ավելացնեմ, որ ի տարբերություն 1997-1999-թթ.երին, երբ որոշվում էր նավթամուղերի հարցը, այսօր Հայաստանն ու Անդրկովկասը միջազգային պայքարի սրման կիզակետում չեն: Միջազգային շահերի բախման կենտրոնում է հայտնվել Սիրիան իր բոլոր կատաստրոֆիկ հետեւանքներով: Այդ երկրի ներքին քաղաքական անմխիթար իրավիճակն էր նաեւ, որ պարարտ հող ստեղծեց արտաքին միջամտությունների համար:

Նշեմ նաեւ, որ Սիրիայում նույնպես կային Շարմազանով-Գալստյան տիպի ինքնավստահ քաղաքական գործիչներ, որոնց համար ամեն ինչ «նորմալ» էր: Նախագահ Բաշար Ասադը Սիրիայի ցույցերը սկսվելուց մի քանի ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում հավաստիացնում էր, թե Սիրիայում արաբական գարնանային տարբերակով իշխանափոխություն կատարելը անհնար էր:

Վերեւում նշեցի, որ Հայաստանը այսօր մեծերի պայքարի կիզակետում չի գտնվում: Սակայն մոտիկ ապագայում կարո՞ղ է արդյոք կացությունը փոխվել, հատկապես երբ գտնվում ենք նախագահական ընտրությունների շեմին: Ես կարծում եմ այո կարող է, որովհետեւ Ադրբեջանը Թուրքիայի մենտորությամբ ուղղակի ձգտում է դրան:

Ալիեւի ռազմաշունչ հռետորաբանությունը, Ադրպեջանի կողմից պարբերաբար հրահրվող սահմանային ռազմական միջադեպերը, ինչպես նաեւ Սաֆարովի գործարքը, Հայաստանին հունից հանելու միտված գործողություններ լինելուց բացի նպատակ են հետապնդում Հայաստանին ու Արցախին դարձնել միջազգային քաղաքական գործարքների ակտիվ սուբյեկտներ: Փոքրիկ Հայաստանին քաղաքական առեւտուրի հորձանուտ մղելուց հետո Թուրքիայի համար հեշտ կլինի մանիպուլացիայի ենթարկել իրավիճակը ի շահ Ադրբեջանի, շահարկելով վերջերս ԱՄՆ-ի մոտ վերագտած իր ռազմավարական գործընկերի ստատուսը:

Այսպիսի վերլուծում կատարելու համար Թուրքիան արդյո՞ք ունի հիմքեր: Միանշանակ այո: Սիրիայի համար պայքարում Թուրքիան ունի առանցքային դերակատարություն Արեւմուտքի համար: Թուրքիան հասկանում է նաեւ, որ Արեւմուտքի համար Բաքու-Ջեյհան նավթամուղի անխափան գործունէության երաշխիքը այն վերջնագիծն է, որի համար նա կգնա ամեն քայլի:

Հիշենք թեկուզ, թե ինչպես Ռուսաստանը 2004 թվականին չդիմադրելով Արեւմուտքի ճնշմանը, հանուն այդ նավթամուղի ապահովության, ստիպված եղավ զոհելու շրջանի իր ամենահավատարիմ դաշնակից Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեին տեղափոխելով նրան Մոսկվա: Արդյո՞ք այս գործարքը ուղղակի կապ ուներ երկրորդ Չեչենական պատերազմի նկատմամբ Արեւմուտքի «հետաքրքրության» նվազման հետ: Ապագա պատմաբանները մի օր միգուցե անդրադառնան դրան:

Այսօր եւս Թուրքիայի գործոն մասնակցությամբ նույնատիպ կացություն է ստեղծվել Հայաստանի ու Արցախի շուրջ: Թուրքիան անընդմեջ շանտաժի է ենթարկում Արեւմուտքին կրկնելով, որ միշտ Ադրբեջանի կողքին է լինելու: Այսինքն, «միշտ»ի տակ հասկանալով սատար կանգնել Ադրբեջանին, թե խաղաղության եւ, թե պատերազմի ժամանակ: Խաղաղության ժամանակվա օժանդակությունը հասկանալի է ու գաղտնիք չէ՝ դա Թուրքիայի սերտ գործակցությունն է Ադրբեջանի հետ միջազգային բոլոր ֆորումներում: Իսկ ինչպե՞ս պետք է հասկանալ պատերազմական իրավիճակում նեցուկ կանգնելու հաստատումը, որ անպայման չի ենթադրում պատերազմական լայնածավալ գործողություններ: Արդյո՞ք դա Բաքու-Ջեյհան նավթամուղի գործունեության կասեցումն է, կամ թե Սիրիայի հարցում դիրքորոշման փոփոխություն, կամ էլ Իրանի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցների շրջանցում, թե՞ Ամերիկյան ու Իսրայելյան օդուժի Իրան հարձակվելու պարագայում, Թուրքիայի օդային տարածքի փակման սպառնալիք:

Վերոհիշյալ ենթադրյալ սցենարներից որեւէ մեկի բարձրաձայնումը Թուրքիայի կողմից Իսլամական աշխարհի հակաամերիկյան հերթական նոր ալիքը դիմագրավող ԱՄՆ-ին մեծ տհաճություն կպատճառի:

Ինչպես տեսնում եք Խորհրդային Միության փլուզումից հետո սա Թուրքիայի աստեղային այն պահն է, որ նա կարող է օգտագործել եւ համարձակորեն հայտարարել, թե Մինսկի խումբը անարդյունավետ է աշխատում ու պետք է այն փոխարինել մի այլ ձեւաչափով: Տվյալ պարագայում Արեւմուտքը չի արտոնում լայնածավալ պատերազմի սանձազերծում մտահոգվելով Բաքու-Ջեյհան նավթամուղի ճակատագրով: Պատերազմը բացառվում է նաեւ ռուս-հայկական ռազմական դաշինքի գոյությամբ: Ուրեմն թուրք-ադրբեջանական կողմի համար ո՞րն է այդ ձեւաչափը եթե ոչ գործարքների ու քաղաքական առեւտուրի ուղին, ուր Թուրքիան շատ բան ունի առաջարկելիք թե Արեւմուտքին եւ թե Ռուսաստանին ի հաշիվ Արցախի:

Իսկ Հայաստանը ինչպե՞ս կարող է դիմադրել թուրք-ադրբեջանական դիվանագիտական այս գրոհին: Պարզապես պետք է մոբիլիզացնել ներքին ճակատը ստեղծելով համաժողովրդական ամուր կոնսենսուս, համախմբվելով նախագահական ազնիվ եւ համոզիչ ընտրություններում հաղթած թեկնածուի շուրջ:

Այս ձեւով փակված կլինի արտաքին ուժերի, «այլընտրանքային»ների (ԲՀԿ թե այլ) միջոցով միջամտություն կամ ճնշում գործադրելու ու հայ ժողովուրդին ոչ ձեռնտու լուծումներ պարտադրելու ճանապարհը: Ի վերջո ոչ Աբաշիձեն, ոչ Սիրիայի Ասադը եւ ոչ էլ 1996-ից հետո Լեւոն Տեր Պետրոսյանը արդար ընտրությունների արդյունքում  չէ, որ նախագահ էին ընտրվել ու դա նրանց առավել խոցելի էր դարձնում արտաքին ճնշումների հանդեպ:

1996 թվականից սկսյալ ընտրությունների անցկացման խայտառակ պրակտիկան, օրենքի գերակայության ու արդար հասարակարգ ստեղծելու կամքի բացակայությունը, ինչպես նաեւ իշխանության հետ սերտաճած օլիգարխիկ համակարգը պարարտ հող են ստեղծում արտաքին ուժերի դիվանագիտական ճնշման համար: եվ Թուրքիան այսօր իր բոլոր ջանքերը ուղղել է Արեւմուտքի ու Ռուսաստանի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակին:

Այս ճակատագրական պահին Սերժ Սարգսյանի պատասխանատվությունն է կազմակերպել ազնիվ ու համոզիչ նախագահական ընտրություններ: Իհարկե հավնական է, որ ազնիվ ընտրությունների արդյունքում Սարգսյանը չընտրվի: Երկրի սոցիալական ծանր կացության, ինչպես նաեւ ներքին քաղաքական անմխիթար իրավիճակի պատասխանատուն նախագահն է եւ ոչ թե վարչապետը: 4.5 տարիով ուշացած Սերժ Սարգսյանի պոռթկումները չեն կարող նրան արդարացնել այս ոլորտում գրանցված ձախողումների համար: Չեմ կարծում, որ արագ ինֆորմացիայի այս դարում կա ինչ որ միամիտ մի քաղաքացի, որ տակավին հավատում է բարի թագավորի ու վատ իշխանների առասպելին, ուր թագավորները տեղյակ չեն լինում իշխանների անօրինականություններից:

Սարգսյանին մնում է կողմնորոշվել. Դարձյալ հենվե՞լ նախորդ ընտրություններում իրեն սատար կանգնած օլիգարխների ու տեղային հեղինակությունների վրա, թե խզել կապը նրանց հետ ու անձնական ռիսկի գնով կազմակերպել ազնիվ ու համոզիչ նախագահական ընտրություններ: Չընտրվելու պարագայում էլ շնորհավորել մրցակցին ու մաղթել նրան հաջողություն:

Կարծում եմ նախագահ Սարգսյանին շատ ժամանակ չի մնացել կողմնորոշվելու եւ ճիշտ որոշում կայացնելու հայ ժողովուրդի հանդեպ: Իմ կարծիքով սա կլինի ճակատագրական այն որոշումը, որով Սերժ Սարգսյանը կբնորոշվի հայոց պատմության մեջ:

Սեպուհ Ավետիքյան
Միչիգան, ԱՄՆ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter