
Ստվերային տնտեսությունն ամրապնդվում է
Հանրապետությունում բարձր լարման մալուխների միացման կապարե կցորդիչների տարեկան սպառման ծավալը 5000 հատ է /մոտ 60 մլն դրամ/: Համաձայն ՀՀ կառավարության 31.12.98 օրենքի ուժ ունեցող որոշման սահմանված են բնապահպանական վճարի դրույքաչափեր: Այն պարտավոր են մուծել ձեռնարկությունները, որոնք շրջակա միջավայր են արտանետում թափոներ` հեղուկ, պինդ թե գազային վիճակում: Բնապահպանական վճարի չափը հաշվարկվում է ըստ արտանետված վնասակար նյութերի ծավալի եւ սահմանված դրույքաչափի: Ընդ որում, համաձայն գործող օրենքների արտադրություն կազմակերպողը պարտավոր է ներկայացնել արտադրության նախագիծը` բնապահպանական փորձաքննության, իսկ գործող արտադրության դեպքում` ստանալ բնապահպանության նախարարության կողմից հաստատված սահմանային թույլատրելի արտանետումների նախագիծ£ Սրանով, փաստորեն, հաստատվում է արտանետվող թունավոր նյութերի կազմն ու քանակը եւ օրինականացվում է արտանետման իրավունքը: Բացի այդ համաձայն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման հաստատված է շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների գները եւ դրույքաչափը, որոնց համաձայն այդ ապրանքներն արտադրողները կամ ներմուծողները վճարում են բնապահպանական վճար: Այսպիսով բնապահպանության նախարարությունը, որպես կառավարության լիազորված կողմ վերահսկում է ձեռնարկությունների գործունեությունն արտանետումների եւ բնավճարների մասով: Կապարե կցորդիչների համալիրներ արտադրողները պարտավոր են մուծել բնապահպանական վճար թե արտադրության ընթացքում կատարվող արտանետումների, թե կապար պարունակող արտադրանք արտադրելու համար: 2001 թվականին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին հարցում էինք արել, թե Երեւանում մալուխների կապարե կցորդիչների արտադրությամբ քանի՞ կազմակերպություն է զբաղվում: Նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարզպետ Քամալյանը մեր հարցմանը պատասխանել է, որ ՙմինչեւ 2000 թ. վերջը մալուխների կապարե կցորդիչներ արտադրում էր ՙԲուրգ-95՚ ՍՊԸ-ն: Այժմ Երեւանում նման արտադրությամբ զբաղվում է ՙՏիգրան Յափուջյան՚ ՍՊԸ-ն: Ձեռնարկության տնօրինությանը հանձնարարված է կազմել եւ ՀՀ բնապահպանության նախարարության հաստատմանը ներկայացնել սահմանային արտանետումների նախագիծը... Երեւանի ՏԲՊՏ կողմից հաշվառված նմանատիպ այլ ձեռնարկություն Երեւան քաղաքում չկա՚: Ստացվում է, որ բնապահպանության նախարարությունը մինչ մեր հարցումը կամ տեղյակ չէր, որ այս արտադրությամբ զբաղվողները պետք է հարկվեն շրջակա միջավայրին վնաս պատճառող նյութեր օգտագործելու համար եւ որ առանց իրենց թույլտվության չեն կարող արտադրությունը սկսել: Կամ էլ` միայն մեր նամակից հետո են հետաքրքրվել ՙՏիգրան Յափուջյան՚ ՍՊԸ-ի արտադրությամբ եւ նոր են զբաղվելու նրա ՙսահմանային արտանետումների նախագծով՚: Համաձայն ՀՀ ՙՄթնոլորտային օդի պահպանության մասին՚ օրենքի 13 հոդվածի վերջին պարբերության պահանջի, ՙեթե սահմանված չեն համապատասխան նորմատիվներ՚, արգելվում են մթնոլորտի վրա ներգործությունները: Տվյալ պարագայում տեսչությունը պարտավոր էր արգելք դնել արտադրության վրա, որովհետեւ այն ապօրինի է: Այժմ ներկայացնենք մեր նմանատիպ հարցման պատասխանը, որը ստացել ենք էներգետիկայի նախարարությունից: ՙԷներգահամակարգի ընկերություններին բարձր լարման մալուխների կապարե կցորդիչների համալիրներ մատակարարում են` ՙԱրենի՚ արտադրական կոոպերատիվը, ՙՏիգրան Յափուջյան՚ ՍՊԸ՚: Էներգետիկայի նախարարության պատասխանից պարզվում է, որ նման արտադրությամբ զբաղված է նաեւ մեկ այլ ընկերություն, որի մասին բնապահպանության նախարարությունը տեղյակ չէ: Կա բացատրության այլ տարբերակ էլ. բնապահպանության տեսչության նախկին աշխատակիցներից մեկի խոսքերով` ՙգնում ենք այդ արտադրամասեր, գրում ենք համապատասխան տույժերը, բայց հետո ՙհարցերը փակում են՚: Ըստ երեւույթին ՙհարցերը փակելու՚ տարբերակով է գնացել նաեւ ՙՏիգրան Յափուջյան՚ ՍՊԸ-ի տնօրենը, որը մեր ունեցած տվյալներով, մեկ տարուց ավելի է, առանց թույլտվության արտադրում է կապարե կցորդիչներ: Դրա հաստատումն է նաեւ այն փաստը, որ մեզ զանգահարեց ՙՏիգրան Յափուջյան՚ ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Նիկոլյանը եւ ասաց` իր արտադրամաս գնացած ՙնախարարության տղերքը ասել են, որ իրենք մեղք չունեն, այս տղան ( այսինքն ես` Է.Բ.) երկու անգամ նամակ է գրել մեզ, այնպես արա, որ էլ չգրի՚: Ինչու՞ ենք հարցումն ուղղել բնապահպանության նախարարությանը: Մենք ունեինք տվյալներ, որ այս արտադրությամբ զբաղվող եւ օրինական դաշտում գործող ՙԲուրգ-95՚ (այժմ ՙՀրաչիկ Միրզոյան եւ ընկ.՚) ՍՊԸ-ի համար 2000 թ. այնպիսի պայմաններ են ստեղծել, որոնց պատճառով նա դադարեցրել է արտադրությունը: Կապարե կցորդիչները մինչ այդ արտադրում էր ՙԲուրգ-95՚ ՍՊԸ-ն£ ՙԲուրգ 95՚ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մասնագիտացել էր բարձր լարման /1-10 կվ լարվածության/ մալուխների միացման կապարե կցորդիչների համալիրների արտադրության մեջ եւ մինչեւ 2000 թ.-ի վերջը Էներգետիկայի նախարարության ձեռնարկություններին վաճառել է շուրջ 100 մլն դրամի արտադրանք: 3,8 մլն դրամի արտադրանք արտահանել է Ռուսաստան: Իր գործունեության տարիներին նա վճարել է 30 մլն դրամ հարկեր: Արտադրանքի որակի բողոքարկման որեւէ դեպք երբեւէ չի եղել: ՙԲուրգ-95՚ ՍՊԸ-ն դրամական ներդրումներ է կատարել արտադրության մեջ եւ կուտակել է հիմնական միջոցներ: Ունենալով կնքված պայմանագրեր` կազմակերպությունը ձեռք էր բերել նաեւ մեծ քանակությամբ հումք: 2000 թ. օգոստոսին գնորդներն`մարզային բաշխիչ էլեկտրացանցերը, անսպասելիորեն, առանց պատճառաբանության միակողմանի դադարեցրին պայմանագրերը եւ մատակարարված ապրանքների դիմաց վճարումները: ՙԻնձ հաջողվեց ազգային ժողովի պատգամավորներից մեկի հորդորանքով Էներգետիկայի նախարարի կարգադրությամբ ՙԵրեւանի էլեկտրացանց՚ ՊՓԲ-ից ստանալ մատակարարված ապրանքի վճարը՚,- պատմում է Հրաչիկ Միրզոյանը` ՙԲուրգ-95՚ ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ ՙԿենտրոնական էլեկտրացանցին՚ մատակարարած ապրանքի գինը ընկերությունը 2001 թ. մարտին ստացավ միայն դատարանի որոշումով: Շուտով շուկայում հայտնվեցին կապարե կցորդիչների համալիրներ: Մասնագետների (մալուխային գծերը սպասարկողներ) կարծիքով այդ կցորդիչները անորակ են: Սկզբնական շրջանում մեր բոլոր ջանքերը պարզելու` ով է արտադրում դրանք, անարդյունք էին: Բնապահպանության նախարարությունը երկու ամիս չէր պատասխանում մեր հարցումներին: Մենք փորձեցինք պետեկամուտների նախարարության միջոցով դա անել: Ովքե՞ր են այդպիսի արտադրությամբ զբաղվում եւ որքա՞ն հարկեր են վճարում: Պետեկամուտների նախարարությունից գրավոր պատասխանեցին, որ առանձին հաշվարկներ չեն արվում, եւ հնարավոր չէ տրամադրել այդ արտադրությամբ զբաղվողներից մուտքագրված հարկերի չափը: Այս պատասխանն էլ տարօրինակ է, որովհետեւ հայտնի է, որ ձեռնարկությունները հարկերի այդ տեսակների մասին հաշվետվություններում ներկայացնում են առանձին տողով: 2000 թվականի օգոստոսին Էնրգետիկայի նախարարությունում կատարվեցին կադրային փոփոխություններ: Նախարար Կարեն Գալուստյանը նշանակեց իր եւ իրեն ՙպարտադրված՚ մարդկանց: Հենց այս ժամանակ էլ միանգամից, ինչ-որ մեկի հրահանգով, բոլոր էլցանցերը ստացան հրահանգ ՙԲուրգ-95՚-ից այլեւս չգնել կապարե կցորդիչներ: Ո՞վ էր հրահանգ տվողը: Նախկին նախարարը՞: Ըստ երեւույթին նա կատարել է ինչ-որ մեկի ցուցմունքը: Երեւի պաշտոնյաները զարմացել էին, թե ինչպես կարող է Հայաստանում աշխատել օրինական հարկեր վճարող մի ձեռնարկություն: Դա դեմ էր տարածված օրինաչափությանը: 2000 թվականի օգոստոսին ՙԵրեւանի էլեկտրացանցը՚, իսկ հետո ՙԿենտրոնական էլեկտրացանցը՚ եւ ՙՀյուսիսային էլեկտրացանցը՚ առանց պատճառաբանության եւ տեղեկացնելու չեղյալ հայտարարեցին ՙԲուրգ-95՚ ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագրերը եւ դադարեցրին վճարումները: Հրաչիկ Միրզոյանը դիմում է գնորդներին` բոլոր էլցանցերին, իր ապրանքի գներն իջեցնելու առաջարկով: Նամակները մնացին անպատասխան: Հ. Միրզոյանը նամակներ է ուղարկել նաեւ Էներգետիկայի նախարարին, Էներգետիկայի անկախ հանձնաժողովին, ՀՀ վարչապետին: Արդյունքում ոչինչ չի փոխվել, չի ստացել նույնիսկ նամակների պատասխանները: ՙԻրականում մեր ձեռնարկությունը պարտվել է մրցակցային պայքարում, սակայն մի այլ մեկի հաղթանակից պետությունը եւ շուկան չեն շահել: Խնդիրը մրցակցության պայմաններն են, որոնք թափանցիկ չեն եւ հավասար չեն՚, - վարչապետին հղած նամակում գրել է ձեռնարկատերը: Արտադրանքը ոչ մի տեղ չի գրանցվում£ ՙՀավասարաչափ մրցակցային դաշտ չկա եւ չի էլ կարող լինել: Մրցակիցները թափանցիկ տվյալներ չունեն: Եղել է իմ առաջարկը, որ քանի որ այս բնագավառի մեծ մասը, մասնավորապես մալուխային արտադրանքին պարտադիր սերտիֆիկացման պահանջ է ներկայացվում, եկեք սերտիֆիկացնենք նաեւ այս արտադրանքը: Ինձ վրա դա կնստեր երկու հազար դոլար, բայց ես պատրաստ եմ դա անել, որպեսզի վստահ նայեմ շուկային: Այսօր մալուխները միացնող կցորդիչների համար սերտիֆիկատ չի պահանջվում, ինչ էլ պատահի, կարող են գնել: Հետեւաբար էլեկտրացանցերը դա կարող են գնել շուկայից, որեւէ մեկի անունով: Իսկ հարկային մարմինները ի վիճակի չեն ստուգել, թե Պողոսին որտեղից այդ, մեղմ ասած, լայն սպառման համար չնախատեսված ապրանքը: Կա օրենք` որոշակի ծավալից ներքեւ չի հարկվում: Արդյունքում ստացվում է, որ ապրանքը մտնում է շուկա եւ չի հարկվում: Իմ հարկայնության տոկոսը կազմել է համախառն արտադրանքի մոտ երեսուն տոկոսը: Դա ծանր հարկ է: Այսօր, ես համոզված եմ, այդ հարկը ոչ մեկը չի տալիս՚,- նշեց մեր զրույցի ժամանակ Հ.Միրզոյանը: Օրինական դաշտում աշխատող արտադրողը Հայաստանում դուրս է մնում մրցակցությունից: Մեծ ներդրումներ կատարած եւ արտադրական պոտենցիալ ունեցող գործարարը չի կարողանում կողմնորոշվել` ինչ անել, որպեսզի իր ապրանքը մրցունակ լինի: ՙԵս տեսել եմ վարչապետին գրած իմ նամակը էներգետիկայի նախարարությունում: Փաստորեն, ում բարքերը քննադատվում է, վարչապետը նրան էլ ուղարկել է այդ նամակը: Ինձ կանչեցին, տեղեկանք պահանջեցին, որ դուք ասեք` ում եք մատակարարել, երբեք մատակարարել եւ այլն: Դա անիմաստ աշխատանք էր, բայց ես դա կատարեցի՚: Ինչո՞ւ էր Հ. Միրզոյանը դա համարում անիմաստ: Որովհետեւ 2000 թ. օգոստոս ամսվա ընթացքում նրա ողջ շրջանառությունը ստուգվել է վարչապետի վերահսկողության ծառայության կողմից, ապա նաեւ պետեկամուտների նախարարության աշխատակիցների կողմից: Ստուգվել է եւ մաքուր է եղել: Նման դեպքեր շատ հազվադեպ են պատահում Հայաստանում: Հ. Միրզոյանի ղեկավարած ընկերությունում ստուգումներ է անցկացրել նաեւ տարածքային հարկային տեսչությունը: Մաշտոց Էլեկտրացանց մասնաճյուղի փոխտնօրեն Յուրա Նիկոլյանը ՙՏիգրան Յափուջյան՚ ՍՊԻ-ի տնօրենն է: ՙՆիկոլյան Յուրան անձամբ եկավ իմ արտադրամաս, դա մասնավոր խոսակցություն էր, ինձ ասաց, դու արտադրիր, ես ծախեմ: Ես էլ ասացի, ես արտադրում եմ, պայմանագրեր ունեմ, ես էլ ծախում եմ՚,- մեր զրույցի ժամանակ նշեց Հ.Միրզոյանը: 2001թ. նոյեմբերի 26-ին մեզ զանգահարեց Յուրա Նիկոլյանը. ՙԵղբայր, ի՞նչ ես ուզում մեզնից, ինչո՞ւ ես այդքան նամակներ գրում բնապահպանության նախարարին: Եկել են իմ արտադրամասը պլոմբել, ինչ-որ թղթեր են ուզում: Բնապահպանության նախարարությունից ասում են` մենք մեղք չունենք, էդ տղան նամակներ է գրում, դրա համար էլ մենք գալիս ենք ստուգման՚: Բնապահպանության նախարարությունում չգիտեն նաեւ, որ նման արտադրությամբ հանրապետությունում զբաղվում են եւս հինգ գործարար: ՙՎեց հոգի այդպիսի արտադրանք են տալիս, ինչո՞ւ միայն մեր մասին եք գրել Ձեր նամակում՚,- բողոքում էր Յուրա Նիկոլյանը: Մեզ հաջողվել է պարզել նաեւ, որ այս ստվերային, հարկային դաշտից դուրս գործող արտադրության թիկունքում կանգնած է հայտնի մի պաշտոնյա, որը ժամանակին եղել է էներգետիկայի նախարար: Առայժմ դրա բավարար ապացույցները չունենալու պատճառով նրա անունը նպատակահարմար չենք գտնում հրապարակել: (շարունակելի)
Մեկնաբանել