Փոխվարչապետն ընդունեց Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության «Հայաստան» աշխատանքային խմբի պատվիրակությանը:
Փոխվարչապետը ողջունեց հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ: Նա գոհունակությամբ ընդգծեց, որ երկու ժողովուրդների` միմյանց նկատմամբ ջերմ վերաբերմունքը տարիների ընթացքում վեր է ածվում գործնական ամուր հարաբերությունների: «Ֆրանսիայի հետ Հայաստանն ունի բազմակողմ ուղղություններով խորացված համագործակցություն, որի ամենակարեւոր բաղկացուցիչներից է նաեւ ապակենտրոնացված մակարդակում փոխգործակցությունը»,- նշեց Ա. Գեւորգյանը:
Նա նկատեց, որ գործակցութան խորացման համար ավելի լուրջ նախադրյալներ են ստեղծվում. Հայաստանն այս տարի դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, ինչը փոխգործակցության, գիտելիքների, փորձի փոխանակման նոր հնարավորություններ է ստեղծում:
Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ 2010 թ. հոկտեմբերին Երեւանում անցկացված ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովին` նկատելով, որ այն եւս նպաստեց հարաբերությունների ինտենսիվացմանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Օ դը Սենի, Իլ դը Ֆրանսի, Ռոն Ալպի գործընկերներին` Հայաստանում բավականին արդյունավետ ծրագրերի իրականացման համար:
Օ դը Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեւիյոնն անդրադարձավ Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության եւ Հայաստանի համայնքների միջեւ համագործակցությանը: Կազմակերպությունը, որը միավորում է 500 դեպարտամենտներ ու տարածաշրջաններ եւ 3000 համայնքային միավոր, ըստ նրա, լավ հարթակ է փորձի, տեղեկատվության փոխանակման համար: Կազմակերպությունում հայ-ֆրանսիական 24 համագործակցություն է գրանցված, եւ իրենք պատրաստ են ապակենտրոնացման ֆրանսիական փորձը փոխանցել հայ գործընկերներին:
Նա նաեւ անդրադարձավ Օ դը Սենի դեպարտամենտի եւ Տավուշի մարզի համագործակցությանը եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերին` տեղեկացնելով, որ այցի ընթացքում Տավուշի մարզպետարանի հետ համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրվելու:
Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը անդրադարձավ Երեւանում անցկացված ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովի արդյունքներին` նշելով, որ դրված նպատակների մի մասին արդեն հասել են: Նա տեղեկացրեց, որ երկրորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Վալանսում, հաջորդ տարի` Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում: Համաժողովի գլխավոր թեման տարածքային զարգացումն է լինելու, եւ անդրադարձ է կատարվելու չորս ուղղությունների` զբոսաշրջության, համայնքներում տնտեսության եւ գյուղատնտեսության զարգացմանը, մշակույթի եւ կրթության ոլորտում համագործակցությանը:
Փոխվարչապետը նշեց, որ տարածքների զարգացումը Հայաստանի կառավարության գերակա խնդիրներից մեկն է, եւ վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձվում այդ հարցին: «Ուրախ եմ,որ երկրորդ համաժողովի հարթակում այնպիսի հարցեր, ծրագրեր են քննարկվելու եւ ընդունվելու, որոնք կնպաստեն տարածքների զարգացմանը»,-ասաց նա` քննարկվող ուղղությունները հետաքրքրական եւ կարեւոր համարելով հայկական կողմի համար:
Հանդիպմանը Լիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչն անդրադարձավ Երեւանի հետ փոխգործակցության ընթացքին, քննարկվեցին ապակենտրոնացված գործակցությանն առնչվող այլ հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել