HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանում բացվել է ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի նոր վարչական շենքը

Հոկտեմբերի 24-ին Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Տավուշի մարզային բաժնի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ծառայության ղեկավարությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո իր խոսքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշել է,  որ ծառայության  մարզային կառույցների գործունեության բարելավման խնդիրները մշտապես գտնվում են ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում և ընդգծել, որ ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նա վստահություն է հայտնել, որ հարկադիր կատարողներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:

Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջել է շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։ Միհրան Պողոսյանը ծառայության Տավուշի մարզային բաժնի աշխատակից Ռուզաննա Գալստյանին շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում:

Տավուշի մարզային բաժնի նոր վարչական շենքը հիմնանորոգվել և վերազինվել է համակարգչային տեխնիկայով։ Բաժինը, որն սպասարկելու է մարզի 4 քաղաքային և 62 գյուղական համայնքների բնակիչներին, վերակառուցվել և կահավորվել է  ԴԱՀԿ ապահովող ծառայության միջոցներով:

Հավելենք, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնում 2011 թ. հարուցվել է 2048 կատարողական վարույթ: 2012 թ. տասն ամիսների ընթացքում հարուցվել է 2164 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1632 կատարողական վարույթի դիմաց:

Նշենք, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սկսել է հանրային տեղեկատվական կրպակների՝ «Դատալեքսի» տեղադրման գործընթացը նաև ԴԱՀԿ մարզային բաժիններում և բաժանմունքներում: «Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային և բովանդակային թափանցիկություն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական  վարույթի վերաբերյալ: Համակարգի ներդրման արդյունքում կատարողական վարույթի կողմերը հնարավորություն կունենան առցանց համակարգով հետևել վարույթի ընթացքին, ինչպես նաև պարտապան հանդիսացող կողմը կկարողանա մուծումներ կատարել  հանրային տեղեկատվական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը:

ԴԱՀԿԾ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter