HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գիտնականները կախարդական փայտիկն ստեղծելու են

-Ավագ քեռի, էդ ու՞մ վրա ես բարկացել:
-Աշխարհի…

Յուրաքանչյուր գիտություն կիրառական է, 
միայն թե դա ժամանակի խնդիր է…

                                               մի Խելոք Մարդ             

Շուտով կընդունեն 2013թ բյուջեն: Հաստատված նախագծով, 2013 թվականի բյուջեի եկամուտները նախատեսված է ավելացնել 13.3 %-ով: Գիտությանն էլ ընդամենը 10-10.5 % են հատկացնում՝ էն էլ օրենք խախտելով (Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 23, կետ 2-ում գրված է, որ գիտությանը հատկացումները պետք է լինեն «նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ»): Դե օրենք ա՝ խախտում են էլի կամ էլ պետության գերակա շահն ականջներին ասել ա՝ «էդքանը դրանց հերիք ա, կարող էինք էդքանն էլ չտալ»: Շահին էլ ի՞նչ դատ ու դատաստան: Բայց դե եթե էդ շահը հանկարծ հիշի էլ էն օրենքի, էն հոդվածի, էն կետը ու 10.5-ը դարձնի 13.3՝ ըստ էության, բան էլ չէր փոխվի…

Մեռանք ասելով, որ եթե ՀՆԱ-ի 1 տոկոսից քիչ են տալիս՝ գիտությունը կամաց-կամաց վերանում ա: Դե հիմա բոլորն էլ տեսնում են, որ իսկականից կամաց-կամաց վերանում ա ու անհաղորդ սպասում են…Ավելի ճիշտ չէ՞ր լինի սիստեման անջատել, որ չտանջվի… Տղամարդավարի ասվեր, որ վաղվանից գիտություն չպիտի լինի ու վերջ: Շահավետ չի լինի՞… 

Շահն իր շահը չի հասկանում…

Մեռանք ասելով ու օրինակներ բերելով, որ զարգացած երկրները զարգացել են, որովհետեւ գիտության վրա են հենվել, մանավանդ, երբ պատերազմի կամ ճգնաժամի մեջ են եղել…

Շահը միանգամից արդյունք ա պահանջում: Շահը ասում ա ԱԳՆ-ի շենքը հյուրանոց սարքենք՝ զբոսաշրջությունը զարգանա, համ էլ նաղդ փող ա: Կարող ա վաղն էլ ասի, թե ինքը թելադրում ա, որ էդ հյուրանոցի առաջին հարկը խորտկարան սարքենք ու մայթին էլ մի հատ յուղը վրեն գրիլի ապարատ դնենք, Լենինի արձանի տեղն էլ մի երկա՜ր մաղալ…

Մեռանք ասելով եւ օրինակներ բերելով, որ գիտությունից միանգամից արդյունք չպահանջեն, որ գիտությունը, միեւնույն է, վաղ թե ուշ տասնապատիկ ավել վերադարձնելու է այսօրվա ներդրումը:

Մեր շահավետ գերական կուպեցի՝ утром деньги, вечером стулья, հոգեբանություն ունի: Իրեն հիմիկվա մոտեցմանը որ նայես՝ Վիկտոր Համբարձումյանը էս երկրին ոչ մի բան չի տվել: Հա, նստել աստղերին նայել ա, ուսումնասիրել, բանաձեւեր գրել, տեսություններ առաջ քաշել, բայց դրանից ի՞նչ օգուտ: Էս երկրի համար մի բան սարքե՞լ ա, արտադրե՞լ ա, որ աչքով տեսներ, հավատար: Տեսությունով երկիր կկերակրվի՞: Ա՛յ, քանի որ տիեզերքի հետ ա գործ ունեցել, եթե, ասենք, Մարսի վրա մի 300 հազ քառ. կմ մի 2 ծովի արանքում հող վերցներ ու ասեր` դա Հայաստանինն է ու դբա Մարս մի «գիծ» բացեր՝ մի կերպ կհասկանար: Չնայած կհասկանա՞ր որ: Երեւի ե՛ս չեմ հասկանում: Երեւի շատ բան շահավետ ա: Օրինակ` եթե շահավետ չլիներ՝ ազատագրված տարածքները հիմա դատարկ չէին լինի, սահմանամերձ բնակավայրերը դատարկվելիս չէին լինի: Դե ինչու՞ շենացնեն՝ Մինըսկի խումբը կնեղանա… Մադրիդյան սկզբունքներ կան, բա՜ն-մա՜ն… Նվաճումներ էլ կան՝ մարդասիրական միջանցք թողելու են… Բայց չէ, ախր շահավետ չի է՜, ախր էդ զահրումար Մադրիդյան սկզբունքները ՌԵԱԼ չեն (Երեւանի սկզբունքներն էլ Փյունիկ են՝ կարծում են թե ամեն անգամ «ինչպես փյունիկ հառնելու ենք»): Առռըհա՛, թե թուրքերը հող կստանան…

Բայց շատ բողոքեցի՝ ախր հենց մեր պետության գերակա հեռակա շահն ասում է. «2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր է» [1]: (Էս մեջբերումը շատ եմ սիրում): Դե էս տարի 10.5 % ստացվեց՝ հետո կարգին տոկոսներով կբարձրանա՝ հո սուտ չեն ասում 20 թվի համար:

Իսկ մեր շահը մեր ուզածին ավելի շուտ համապասխանեցնելու համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է Էդմոն Մարուքյանի նման մտածող եւս 65 պատգամավոր ունենալ: Նայեք, լսեք եւ մտածեք այդ ուղղությամբ [2]: 

Հ.Գ. Անցած տարի Ծաղկաձորում նախագահ Սարգսյանը ասաց, որ եթե հրաշքով կախարդական փայտիկ լիներ մոտներս եւ մենք կարողանայինք հայտնվել Վրաստանում, Բելառուսում, Ղազախստանում՝ կհամոզվեինք, որ այնտեղ էլ մի բան չէ…Իսկ եթե իմ մոտ հայտնվեր կախարդական փայտիկ՝ ես այնպես կանեի, որ նախագահականի, պառլամենտի, կառավարության բոլոր պաշտոնյաներն անխտիր 2 ամիս ստանային 60 000 դրամ (ես շատ բարի մարդ եմ (կարող եք հարցնել ինձ ճանաչողներից), թե չէ 2 ամիսը շատ կասեի, 60 000-ը՝ քիչ) ու իրենց հաշիվները սառեցվեին, ու իրենց տանը եղած փողը թուղթ դառնար ու իրենց ոչ ոք պարտքով փող չտար ու իրենց մոտի խանութները նիսյա ապրանք չտային: Ընդամենը 2 ամիս: Գուցե էդ ժամանակ զգային գիտնականների հալը…

Հ.Գ.2. Վաղը Վրաստանում եմ հայտնվելու՝ բայց Գազելով: Տեսնենք կհամոզվե՞մ, որ այնտեղ էլ մի բան չէ…

Հ.Գ.3. Հայ գիտնականները կախարդական փայտիկն ստեղծելու են J 

Օգտագործված գրականության ցանկ

1. Գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն. Հավելված ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 27 -ի նիստի N 20 արձանագրային որոշման, էջ 10

http://scs.am/uploads/Cragrer/git-volorti-zarg-razmavarutyun.pdf 

2. Մարուքյանը գիտության ֆինանսավորման մասին

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_zwJjlUD3YE

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանություններ (3)

Հասմիկ
Այո, բայց ո՞վ է բանի տեղ դնում մեր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջին. հա՜ քննարկենք և քննարկենք: Թե՞ սխալվում եմ:
haj
Ինչ երկու ամիս, դրանց տվեք թոշակառուի մի ամսվա թոշակը ու ասեք էսօր եսքանով պիտի յոլա գնաք, աղի-աղի լաց կլինեն;
Aram
Գիտության ֆինանսավորման խնդիրները քննարկվում են այստեղ. http://www.facebook.com/science.and.finance Մեկնաբանությունը...Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են 1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter