
Էներգետիկայի գերիները
Կարող է չգիտե՞նք
հաշվիչները համատարած ետ պտտելը, բոլորս գիտենք
Ռոբերտ Քոչարյան 14.12.2001թ.
Էներգետիկ համակարգի մասին վերջին շրջանում նորից սկսել են խոսել: Խոսել սկսել են բարձրաստիճան պաշտոնյաները: Թեման այս անգամ անլույս տարիների մազութ լափելը չէ: Արդեն խոսում են համակարգում այսօր առկա թերությունների մասին: Բարձր պաշտոնյաներին հավանաբար գրգռել են բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման անհաջող փորձերը: Մինչդեռ ուրիշ լուրջ պատճառներ էլ կան:
Ամենաթանկ ապրանքը
Սկզբում, պոպուլիզմին տուրք տալով, նշենք, որ վերջին 10 տարիներին էներգետիկայի թիվ մեկ գերու կարգավիճակում առաջին հերթին հայտնվեց բնակչությունը: Հետո սկսեց գործել շուկայական տնտեսության, դեռեւս Մարքսից հայտնի, ՙփող-ապրանք՚ մոգական բանաձեւը: Բնակչությունը վճարեց եւ էլեկտրաէներգիան հայտնվեց:
Ավելի ուշ արդեն էլեկտրաէներգիայի գերու կարգավիճակում հայտնվեց հանրապետության տնտեսությունը: Հատկապես տնտեսության իրական` արտադրական հատվածը: Ցանկացած արտադրության համար այսօր ամենամեծ գլխացավը արտադրվող ապրանքի ինքնարժեքում էներգակիրների բաժինն է:
Նախ. երկրի արդյունաբերական արտադրության կառուցվածքի մասին: Ամենաթարմ պաշտոնական տվյալներով մեր արտադրության թիվ մեկ ճյուղը սննդի արդյունաբերությունն է (մոտ 40 տոկոս): Եւս 5 տոկոս կազմում է ալրաղաց- ձավարեղենի եւ համակցված կերերի արդյունաբերությունը:
Պետք չէ ոգեւորվել Քաջարան-Ալավերդի մետաղաձուլական համակարգերով: Սեւ եւ գունավոր մետալուրգիան արտադրության կառուցվածքում խիստ համեստ բաժին ունի` 5.5 տոկոս: Երբեմնի հզոր քիմիան էլ մի լուրջ ծավալ չունի` ընդամենը 2.6 տոկոս (էներգետիկայի բոբո դարձած ՙՆաիրիտի՚ մասին` հետո):
Փաստորեն, երբ խոսում ենք հայրենական արտադրության մասին պիտի հիշենք, որ արտադրություն կոչվածը օղի թորելն է, գինի շշալցելը, կոմպոտ-ջեմ- տոմատ եփելը: Մեկ-մեկ էլ ցորեն աղալը: Հիմնականում (կիսով չափ) սրանք են ու համանման մեկ, երկու բան: Մինչդեռ արդյունաբերական արտադրության վրա կատարված ծախսերի կառուցվածքի պաշտոնական (երկրորդենք` պաշտոնական) տվյալներին ծանոթ որեւէ մեկը չի կարող հավատալ այս փաստին: Ըստ հրապարակված տվյալների` արտադրության ծախսերի մեջ էներգակիրների բաժինը 90-ական թվականների վերջին տատանվել է 11-34 տոկոսի սահմաններում: Որեւէ տնտեսագետ հրաժարվեց մեկնաբանել այս փաստը: Համաձայնեք, որ իսկապես դժվար է բացատրել, թե այդ ինչպես կարող է տոմատի մածուկի, մրգահյութի կամ ծխախոտի արտադրության մեջ այդքան բարձր լինեն էներգետիկայի վրա արված ծախսերը: 20 տոկոսանոց էներգակիրների ծախս հնարավոր է միայն պողպատաձուլության ոլորտում: Բոլորին էլ ակնհայտ է, որ մեր ազգային ծիրանի ջեմը եփելու համար անհամեմատ ավելի քիչ էներգակիր է պետք, քան պողպատ ձուլելու համար: Հետեւաբար մնում է տրամաբանորեն մեկ հնարավոր պատասխան` մեր էներգակիրները շատ թանկ են:
Թանկ էներգակիրները լուրջ խոչընդոտ են տնտեսության զարգացման համար: Հետեւաբար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են դրանք այդքան թանկ: Իսկ պատասխանները շատ են եւ դրանք ի ցույց են դնում էներգետիկ ոլորտի ստվերն ու անարդյունավետությունը:
Ծանոթ ինչպես հինգ մատը
Անարդյունավետության դասական օրինակ է Հրազդանի ջեկ-ի 5-րդ էներգաբլոկը: Այս թեմայով շատ է խոսվել: Այս թեման ծանոթ է ինչպես սեփական հինգ մատը, որով չգիտես ինչու քեզ ես ապտակել:
Ներկայացնենք 5-րդի ոդիսականի ծանոթ ու անծանոթ հատվածներ: Մինչեւ 1993թ. ապրիլ-մայիս ամիսներին վարկային պայմանագիր կնքելը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը հրավիրել էր ՙԲեխտել՚ ընկերությանը: Գերմանական այս կազմակերպությունը հաշվել էր, որ անհրաժեշտ է մոտ 90 մլն դոլար: Եվրաբանկը ինքն էլ էր հաշվել (մոտ 83 մլն դոլար): Հետո կնքվել էր վարկային պայմանագիրը (պետական նախարար Սեպուհ Թաշչյան): 57.4 մլն դոլարանոց վարկից 1996-ին արդեն ծախսվել էր 45 մլն-ից ավելին: Եվս 9 մլն դոլար ծախսվել էր ՀՀ պետբյուջեից: Հետո տեղի ունեցավ այն ինչ արդեն հայտնի է բոլորին: Պարզվեց, որ նախահաշիվը սխալ էր կազմված: Նույն 1996-ին Եվրոբանկը անկախ փրձագետ Չ. Յանովիչի գնահատմամբ ՙենթադրեց՚ որ 55 մլն ծախսից հետո անհրաժեշտ է եւս 113 մլն դոլար: ՀՀ կառավարությունն էլ որոշեց ՙստուգել՚ լրացուցիչ ֆինանսավորման չափը: Որոշեց ու դիմեց նույն գերմանական կազմակերպությանը, որի նոր հաշվարկը ենթադրում էր 108 մլն դոլար:
Արդյունքը` պետությունը (եւ էներգահամակարգը) շալակեց 57.4 մլն դոլար պարտք եւ 5-րդն առ այսօր անավարտ է: Հրազդանի Ջեկ-ի ղեկավարներից մեկի կարծիքով անավարտ էլ կմնա որովհետեւ էներգաբլոկի երկու դետալներ Հայաստան ներկրելը տեխնիկապես անլուծելի խնդիր է: Այսօր Հայաստան մտնող միակ` վրացական երկաթգծով անհնար է այդ ծավալի եւ քաշի սարքավորումներ տեղափոխել: Իսկ Հրազդանի ջեկ-ի գլխավոր ինժեները նշեց, որ անհնար է այսօր միանշանակ պատասխանել ՙԱրժե, արդյոք, ավարտել 5-րդ բլոկի մոնտաժումը՚ հարցին: Պատճառն այն է, որ Հայաստանում այսօր ոչ-ոք չգիտի թե երկրի տնտեսությանը որքան էլեկտրաէներգիա է անհրաժեշտ ասենք 2005 կամ 2010 թվականներին: Չկա տնտեսության զարգացման ընդհանուր պլան-կանխատեսում- հաշվարկ: Հետեւաբար չկա նաեւ էներգետիկայի զարգացման պլան:
Երկրի քաղաքական ղեկավարությունը փորձում է պարտքերի դիմաց Ռուսաստանին առաջարկել Հրազդանի ջէկ-ը: Չորս գործող բլոկների հետ որպես վերադիր փորձում են նաղդել հինգերորդին:
Իսկ առայժմ ուժի մեջ է մնում 1996թ. մայիսի 9-ին (հետաքրքիր ամսաթիվ է) Եվրաբանկի հետ ստորագրված հուշագիրը: Հայկական կողմից ստորոգրել են նախարարներ Գ. Մարտիրոսյանը եւ Լ. Բարխուդարյան: Ի դեպ, հետաքրքիր է այդ հուշագրի 5-րդ (նորից հինգերորդ) կետը: Այս կետը պահանջում է ՙստուգումներով չխանգարել պրոյեկտի իրագործմանը՚ եւ մինչեւ հունիսի 15-ը դադարեցնել այդ պահին ընթացող ստուգումները: Վարկային միջոցների ծախսման ստուգումներն այդ պահին անցկացվում էր վաչապետ Հրանտ Բագրատյանի որոշմամբ: Դրանք անարդյունք էլ ընդհատվեցին:
Անապատ ոռոգողները
90-ականներից էներգետիկները անընդհատ վարկային միջոցներ են ծախսում: Ամեն տարի հաջողությամբ կրճում են նաեւ ֆինանսական միջոցներ պետական բյուջեից: Էներգետիկներին հաջողվեց բնակչությանը ապացուցել, որ էլեկտրաէներգիան ապրանք է: Ապրանք, որի դիմաց հարկավոր է վճարել: Բնակչությունը վճարում է: Իսկ հետո սկսվում է հաշիվիչները հետ պտտելու գործընթացը: Այդ մասին գիտեն բոլորը: Բայց այդ մասին միայն հիմա կարելի է գրել, եւ որեւէ էներգետիկ վիրավորված արժանապատվությունը պաշտպանելու հույսով դատարան չի դիմի: Որովհետեւ այդ մասին գիտի նաեւ ՀՀ նախագահը: Նա հաշվիչները հետ տալու մասին 2001-ի դեկտեմբերի 14-ին մանրամասն պատմեց լրագրողներին: (Երեւի թաքուն ու փոքրիկ մի հույս ունենալով ,որ լրագրողները դահլիճից դուրս գալով անհապաղ ադմինիստրատիվ միջոցներ կձեռնարկեն այդ համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու համար):
Էներգահամակարգի ֆինանսական վատ վիճակի մասին էլ բոլորը գիտեն: Համակարգի արտադրող ձեռնարկությունները վերջին ամիսներին աշխատավարձ կարողանում են ստանալ միայն գործադուլի սպառնալիքով:
Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ բաց է թողնվել համակարգի ֆինանսական վիճակը շտկելու եզակի մի հնարավորություն: Երբ 97թ. դեկտեմբերին ստեղծվեց ՙՀայռուսգազարդը՚ ռուսաստանյան կողմը մեր գազատարի 45 տոկոսի սեփականատեր դարձավ: Փոխարենը անվճար մինչեւ 2001թ. ապրիլը գազ էր մատակարարում: 3 մլն տոննայից ավել մատակարարված գազի դիմաց հավաքագրված փողը` առնվազն 200 մլն դոլար (որի մի մասը բնականաբար կօգտագործվեր որպես անհրաժեշտ ծախս) լուրջ ֆինանսական աջակցություն կլիներ համակարգին:
Իսկ ի՞նչ է հայտնի հասարակությանը այս` այսպես ասած անվճար գազամատակարարման մասին: 2001-ին փոխվեց ՙՀայռուսգազարդի՚ ղեկավարությունը: Ուրիշ ոչինչ: Եթե չհաշվենք պաշտոնատար բարձրաստիճան անձանց հայտարարությունները, թե ՀՀ վարչապետի վերա հսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանությունը կապված էր իր ծառայողական գործունեության հետ: Հայտնի է, որ սպանությունը բացահայտված չէ: Հայտնի է նաեւ, որ նա ստուգումներ էր անցկացնում գազի համակարգում:
Եւ բնականաբար այս ՙարդյունավետ՚ աշխատանքի ընդհանուր ֆոնի վրա էներգետիկներին ՙբոբո՚ է պետք: ՙԲոբո՚ որի վրա հնարավոր է մեղքեր ու փող բարդել: Նման իրավիճակում ամենահարմարը թերեւս արտադրության ոլորտն է: Չափազանց հարմար է օրինակ ՙՆաիրիտը՚: Քիմիական արդյունաբերությունը արտադրության կառուցվածքում համարյա չնկատվող կշիռ ունի 2.6-4.2 տոկոս: Բայց ՙՆաիրիտն՚ օրինակ հայտարարված է էներգահամակարգի թիվ 1 թշնամին: Ղեկավար էներգետիկները հաճախ են սիրում ասել, որ արդյունաբերական այդ հսկան ամեն ամիս մոտ 300 մլն դրամով մեծացնում է իր պարտքը: Եւ այսօր դժվար է ասելը դա օբյեկտիվ պատկեր է, թե այլ ոլորտներում դուրս գրված հոսանքը, գազը պարզապես բարդվում է անհուսալի հայտարարված ձեռնարկության վրա: Մեծ քիմիայի հին ուրվականի դեմ ամենաարդյունավետ թուղթուգիրը պարտքերի ստացականներն են դառնում: Ժամանակին էներգետիկների համար դժվար էր բացատրել, թե ինչպես 92-96թթ. տարեկան արտադրված 6 մլրդ կվտ/ժամ հոսանքը չէր հերիքում շուրջօրյա մատակարարման համար, իսկ հետո` հերիքեց: Այսօր արդեն հարկավոր է, որ նրանք բացատրեն համանման վիճակը գազամատակարարման ոլորտում: Վերջին տարիներին, մասամբ վերականգնվեց բնակչության գազամատակարարումը: Աղյուսակից ակնհայտ է, որ այս տարիներին ավելի քիչ գազ է ներմուծվել քան այն թվականին, երբ գազի հիմնական սպառողը հենց ինքը` էներգետիկ համակարգն էր: Հարկավոր է բացատրել թե ինչ են արել այդքան գազը:
Հայաստանում ներմուծված գազի ծավալները (հազար տոննա)
1991-2000 թթ.
1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000
2908 1316 560 608 1212 1380 1010 1050 859 994
Մեկնաբանել