Ծերացման ճգնաժամ. Հայաստանն առանց հայերի վաղվա օրվա շեմին (վիդեո)
Նաիրա Հայրապետյան
Վերջին շրջանում ներքաղաքական իրադարձությունների, պետական պաշտոնյաների «անակնկալ» հրաժարականների ու նույնքան անակնկալ նոր նշանակումների, ինքնասպանությունների կամ ավտովթարների կողքին թերևս ամենահաճախ արծարծվող թեմաներից մեկն էլ բնակչության վերարտադրողականության անկման խնդիրն է: «Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի շեմին է»,- ահազանգում են ժողովրդագրագետները, ինչը նշանակում է, որ աշխարհի ամենահին երկրներից մեկը համարվող Հայաստանը «ծերացել է» … և ոչ լավ իմաստով: Ծնելիության անկումը, արտագաղթը և սոցիալ տնտեսական տխուր պայմանները երկիրը հանգեցրել են մի իրավիճակի, որից բխող հետևանքները ծանր և անդառնալի հետքեր են ունենալու հետագա տարիների համար:
Մասնագետների բնորոշմամբ` այսօր մենք ապրում ենք աննախադեպ ժողովրդագրական փոփոխությունների աշխարհում: Մարդկության պատմության գրեթե ողջ ընթացքում տեղ գտած դանդաղ աճից հետո վերջին կես դարում աշխարհի բնակչությունն ավելի քան կրկնապատկվել է` 1999թ.-ին հասնելով 6 միլիարդի, 2006թ-ին` 6,7 միլիարդի, իսկ 2011թ-ին` հատեց 7 միլիարդի սահմանը: Սակայն այս ցուցանիշերին զուգահեռ` աշխարհում ծնելիության մակարդակն էապես տարբերվում է երկրից երկիր և բնակչության 42 %-ը բնակվում է ցածր ծնելիությամբ երկրներում: Հայաստանը 7 միլիարդանոց աշխարհի այս ցանկում ապահովում է ճգնաժամային հորիզոնականների «ամենապատվավոր» տեղերից մեկը: Այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ մեկ կինն ունենա առնվազն 2,1 երեխա, Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, այդ ցուցանիշը 2010թ-ին կազմել է մոտ 1,74, իսկ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ` 1,55:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2012թ-ի փետրվար ամսին հրապարակած տվյալների` Հայաստանի բնակչությունը 0,4 %-ով աճել է: Այդուհանդերձ, ԱՎԾ-ն մի շարք բացասական արդյունքներ է արձանագրել ժողովրդական ցուցանիշներում, մասնավորապես` շուրջ 3 %-ով նվազել է ծնելիությունը: ԱՎԾ-ի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով, Հայաստանը շարունակում է գտնվել ծնելիության ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում, որտեղ պարզ վերարտադրությունը լուրջ խնդիր է: Ըստ ԱՎԾ-ի տվյալների` 201թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հանրապետությունում գրանցվել էր 31 962 ծնունդ 2010թ-ի նույն ժամանակահատվածի 32 917 ծնունդի համեմատ, ինչը նշանակում է որ նախորդ տարվա համեմատ նվազումն արձանագրվել է 2,9 տոկոսով:
Այսպիսին է պտղաբերության կամ ծնելիության գումարային գործակցի ցուցանիշը Հայաստանում և մի քանի երկրներում 2010թ-ի տվյալներով`
ԵՐԿԻՐ ՑՈՒՑԱՆԻՇ
Հայաստան 1.74
Վրաստան 1.58
Ադրբեջան 2.16
Թուրքիա 2.15
Ռուսաստան 1.4
Ուշադրություն դարձնենք ևս մեկ կարևոր հանգամանքի. այս աղյուսակում, հայտարարված և չհայտարարաված պատերազմների գոտում մշտապես գտնվող Հայաստանի և հայերիս համար թերևս ամենաուշագրավն այն է, որ հարևան երկու երկրներում ծնելիության մակարդակն անհամեմատ մեծ աճ է արձանագրել: Փորձագետները վկայում են, որ այսպիսի ցուցանիշների դեպքում տարիներ անց մենք ոչ միայն չենք ունենա տնտեսական աճ կամ մրցունակություն, այլև չենք կարողանալու ապահովել երկրի համար բնակչություն, բանակի համար զինվորներ … Ծնելիության մակարդակի նվազման մասին զրուցել ենք տարբեր մարդկանց հետ: Մշակութաբան Գագիկ Գինոսյանն այս երևույթը համեմատում է ոչնչացման քաղաքականության մեզ ամենահայտնի դրսևորման հետ. «Ունենալ այսպիսի ծնելություն, արտագաղթ և չունենալ վաղվա զինվոր, նշանակում է վտանգում ենք մեզ այնքան, որքան վտանգված էինք 1915 թ. շեմին,- ասում է Գ. Գինոսյանը,- այն ժամանակ առաջինը ոչնչացվեց զենք բռնող բազուկն ու միտքը` մտավորականությունը»: Այս անգամ, սակայն, ոչնչացման ենք գնում ինքնակամ, մեր իսկ խնդիրներից փախչելով: Մասնագետներից փորձեցինք ճշտել բուն պատճառները.
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Վարդան Մարուքյանի կարծիքով, ցածր ծնելիության պատճառներն են հիմնականում արտագաղթը, ուշ ամուսնությունները, անպտղությունը, ինչպես նաև արժեքային համակարգերի փոփոխությունները: «Ընդհանրապես ՀՀ-ում բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվի տարբերությունը, դրական է եղել, և ծնունդների թվաքանակը գերազանցել է մահացածների թվին,- ասում է Վ. Մարուքյանը,- սակայն բնակչության թվաքանակի փոփոխությունը մեզ մոտ տեղի ունեցել հենց միգրացիայի պատճառով: Բացի այդ, էսօր կինը դուրս է եկել խոհանոցից և տղամարդուն հավասար փորձում է աշխատել, զբաղված է եկամտաստեղծ գործունեությամբ: Իրականում մեզ շատ տխուր ապագա է սպասվում մոտակա 5 տարուց հետո»:
Եվ չնայած նախկինում ցածր ծնելիությունն առավելապես բնորոշ էր քաղաքային բնակչությանը, այսօր այն մտահոգիչ փոփոխություններ է արձանագրում նաև մարզերում:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է նաև ամլության գործոնը. «Որքան ինձ է հայտնի, այսօրվա հետազոտությունները Հայաստանում արձանագրել են մոտ 18 % ամլություն: Գործնականում ամլությունը դառնում է շատ լուրջ գործոն»:
2009թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հետազոտություն անցկացրեց, որի արդյունքներն առավել քան մտահոգիչ էին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու բուն պատճառները` ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների` այս տեմպերով շարժվելու դեպքում 2050թ-ին Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ 20 %-ով` կազմելով 2,3-2,5 մլն: Նույն այդ տվյալների համաձայն` Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությունն աճելու է մոտ 35.20 %-ով:
Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է 3 հիմնական ցուցանիշ, որոնք ազդում են ժողովրդագրական այսպես կոչված բուրգի կառուցվածքի վրա. «Ցածր ծնելիություն, միգրացիա և ծերացում: Թե ինչքանով է դա ռիսկային Հայաստանի համար, մենք բոլորս էլ հասկանում ենք, քանի որ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարևանների առումով շատ բարենպաստ պայմաններ չունենք, և եթե նկատի ունենանք ՄԱԿ-ի կանխատեսումները ներկա իրավիճակով դեպի 2050թ-ը, ապա, իսկապես լուրջ մտահոգությունների առիթ է, ինչը բնական է, կարծում եմ»:
Հայաստանում բնակչության վերարտադրողականության վարքագծի այս փոփոխության հիմնական պատճառները պարզելու նպատակով անցկացվել են տարբեր հետազոտություններ, որոնց վերջին արդյունքները անակնկալի են բերել նաև փորձագետներին:
«Հարցվածների 44 %-ը 2-ից ավել երեխաներ չունենալու ամենալուրջ պատճառը համարում էին իրենց երեխաների ապագան այս երկրում չտեսնելու հանգամանքը,- ասում է Գ. Հայրապետյանը,- սա լուրջ մտահոգություն է և կարծում եմ, արդեն պե’տք է մտածենք, թե ինչու է այդպես»:
Հրանուշ Խառատյանի կարծիքով` երեխայից խուսափում են նաև սոցիալապես ոչ թե ծանր վիճակում գտնվող ընտանիքները, այլ բավականաչափ ապահովված շատ-շատ ընտանիքներ. «Նրանք ունեն պատասխանատվության զգացում և «դե երեխա է , կծնվի, կմեծանա էլի», Աստված ամեն երեխայի իր բաժինը տալիս է» սկզբունքով չեն առաջնորդվում, այլ ծնողական պարտքի ռեալ գիտակցում ունեն և հենց դրանից էլ վախենում են, որ չեն կարողանա իրենց պատկերացրած միջավայրը ձևավորել կամ իրենց պատկերացրած ապագան ապահովել» :
Ժողովրդագրական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ժամանակակից հայ ընտանիքներում երեխաների թվաքանակի նվազման պատճառները տարբեր են` սկսած սոցիալ տնտեսական պայմաններից մինչև բարոյահոգեբանական: Եվ եթե սոցիալականն ինչ-որ տեղ լուծվող է, ապա բարոյահոգեբանական հարցի լուծումը պահանջում է առավել հիմնարար փոփոխություններ:
«Մեր հիմնական խնդիրը մնում է ծնելիության նվազման հետևանքով առաջացած այդ պոտենցիալ փոսը լցնելը,- ասում է Վ. Մարուքյանը,- դա հիմնականում լինում է երկրից հեռացած, աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող հայրենակիցների, նրանց ընտանիքների վերադարձով: Դա կբերի իրավիճակի լավացմանը, բայց այստեղ, իհարկե, շատ կարևոր են պետական երաշխիքները, քանի որ այստեղ պետությունը շատ մեծ դերակատարում ունի: Ընդհանրապես ժողովրդագրական վարքագծի դրական մոտիվացիան պետք է խրախուսվի պետության կողմից: Միջազգային փորձագիտության մեջ ընդունված են դրական մոտիվացիայի 3 տեսակներ` նյութական, սոցիալական և հոգեբանական»:
Թեև սոցիալական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները չեն դադարում ամբիոններից հնչեցնել ծնելիության մակարդակի բարձրացնելուն ուղղված պետական ծրագրերի անհրաժեշտության մասին տվյալներ, այդուհանդերձ, Հայաստանում, մասնավորապես նորաստեղծ ընտանիքները նախընտրում են երկուսից ավել երեխաներ չունենալ:
«Հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում ոչ միայն պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը չի ապահովվում, մեզ մոտ գործածվեց ծնունդների խրախուսման նոր համակարգ, այն է` նյութական օգնության նոր մոտեցում` երեք և ավելի երեխայի դեպքում պետությունը յուրաքանչյուր նոր ծնվածին հատկացնում է 430 000 դրամի չափով միանվագ օգնություն»,- նշում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
Բայց որքան էլ որպես պետական ծրագրերի արդյունքի հաջողված օրինակ հիշատակենք ընտանեկան նպաստը կամ խրախուսող դրամական պարգևները, «Անվճար ծննդօգնության սերտիֆիկատի» խոստումները, փորձագետները, սակայն, ծնունդների աճի միտումը չեն համարում իրականացված ծրագրերի արդյունք` դրանք «կարճաժամկետ» լուծումներ համարելով:
«Ուղղակի ծիծաղելի է այդ մասին խոսելը,- ասում է Հ. Խառատյանը,- քանի որ արդեն վաղուց վերլուծված է, որ սոցիալական նպաստի միջոցով ծնելիության աճը ապահովելը տապալված ծրագիր է»: Իսկ Գ. Հայրապետյանը հավելում է. «Արդյո՞ք սա լուրջ խթան է հանդիսանում, և բացի այդ` արդյոք ճիշտ ենք անում, երբ 3-րդ երեխայից ենք սկսում այս խրախուսումը, քանի որ Հայաստանում մեծամասնությունն արդեն չի ունենում նույնիսկ երկրորդ երեխային»:
2009թ. հուլիսի 2-ին ՀՀ կառավարության կողմից հավանության տրվեց ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությանը, որի հիման վրա 2009թ. դեկտեմբերի 24-ին հավանության տրվեց 2010թ. պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը մանրամասնորեն ներկայացնում է Հայաստանում ժողովրդագրական զարգացման իրավիճակն ու միտումները, արձանագրում է դրանց ոչ բարենպաստ լինելու փաստը և խնդրի հրատապության աստիճանը և այլ խնդիրներ: Թղթի վրա թվարկվող և երկարատև քննարկումների ենթարկված կարևոր նպատակների և դրանց իրագործման մասին կետերը շատ են ու առաջին հայացքից հուսադրող: Սակայն թե որքանով են դրանք իրականացվում և ինչպես, …իրականությունն այլ բան է փաստում: Եվ պատճառը, որքան էլ սովոր լինենք մեջբերել, ամենևին էլ մեծապես կախված չէ ֆինանսական հնարավորություններից:
«Սա այն խնդիրն է, որը երկարաժամկետ լուծումներ է պահանջում և դա շատ արագ շտկելը անհնարին ոչ միայն մեր, այլև գերզարգացած տնտեսություն ունեցող երկրների դեպքում,- ասում է Վ. Բաբաջանյանը,- աշխարհի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, ահռելի գումարներ են ներդրել ծնունդների խրախուսման համար, բայց այդ գումարը վերցնող չկա, նրանց քաղաքացիները չեն գնում շատ երեխաներ ունենալու քայլին նույնիսկ այս դեպքում: Բայց այստեղ ցավալին այն է, որ զարգացած երկրներն իրենց ժողովրդագրական խնդիրներն այդ դեպքում լուծում են մեկ այլ ճանապարհով: Դա այլ` զարգացող երկրների հաշվին բնակչության թվաքանակի ապահովումն է միգրացիոն ֆոն ստեղծելով Ահա այստեղ է իմ ամենակարևոր տագնապը՚:
Հրանուշ Խառատյանի կարծիքվ. «Նախ` ոչ մի տեղ հստակ ձևակերպված չի, թե Հայաստանը ինչպես է ծրագրավորում իր սերնդաշարունակությունը . նույնիսկ եթե Ազգային Ժողովում կամ կառավարությունում այդ քննարկումները եղել են (իսկ դրանք իսկապես եղել են Հ. Խ.): Հայեցակարգ չկա, կա պարզապես` «Խթանել ծնելիությունը»... ինչու՞ խթանել, հարցը պիտի պատասխան ունենա. ուղղակի որպեսզի շատ երեխանե՞ր ծնվեն... բայց եթե այդ շատ ծնվածների մեջ պիտի շատ լինեն հաշմանդամություն, թերզարգացվածություն ունեցող երեխաներ, իսկ բազմանդամ ընտանիքներում այսօր առավել հաճախ են այդպիսի դեպքեր լինում, կամ այդ երեխաները պետք է մեծանան սոցիալական շատ նվաստածած միջավայրում, արժանապատվության և պատասխանատվության շատ ցածր մակարդակով, ապա մենք դրանով հասարակության մեջ ագրեսիվ հարաբերությունների խթաններ ենք առաջացնում»:
Բացի այդ, Ժողովրդագրագետների կարծիքով երկրի ժողովրդագրական պատկերը
հնարավոր չէ շտկել բազմազավակ ընտանիքների հաշվին: 2011թ. հոկտեմբերի 19-21-ը Հայաստանում կայացավ փորձագիտական համաժողով աշխարհում հայտնի ու տարբեր ժողովրդագրական ծրագրեր մշակած գիտնականների մասնակցությամբ: Անդրադառնալով Հայաստանին` ՄԱԿ-ի բնակչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրնեսն ասել էր. «Միգուցե Հայաստանի ամենացավալի խնդիրը երիտասարդների միգրացիան է»: Ըստ նրա` երիտասարդությունը պետք է հնարավորինս քիչ լքի երկիրը, պետությունն էլ իր հերթին, պետք է համապատասխան պայմաններ ստեղծի Հայաստանի նման հոյակապ երկրում երիտասարդների ապրելու համար:
Չնայած 2006թ.-ից արձանագրվում է, ըստ էության, ծնունդների աճի միտում` նախորդ տարիների համեմատ իհարկե, սակայն փորձագետներն այսուհետ կանխատեսում են կրկին անկում, քանի որ արդեն ծնող են դառնում 90 -ական թվականներին ծնվածները, իսկ նրանց թիվը բավական քիչ է` միջինը 35 000` հասնելով անգամ 22 000-ի: 1980-ականների համեմատ` ծնելիության աճի ցուցանիշը 2,5 անգամ ցածր է, քանի որ այդ ընթացքում Հայաստանում տարեկան ծնվել է 80 000-82 000 երեխա: Այսպիսով` Հայաստանում բնակչության ծերացումը և ծնելիության նվազումը լուրջ սպառնալիք են ազգային անվտանգությանը, պետության տնտեսական զարգացմանը:
«Օրենքի մակարդակով պետք է այս հարցը լուծվի, - ասում է աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Վարդան Մարուքյանը,-այսօր ես շատ ուրախ եմ, որ պետությունը դեմքով շրջվել է դեպի ժողովրդագրություն և ընդունել է դա որպես գերակա ուղղություն: Գիտե՞ք, երևի չկա մի կուսակցություն, որի ծրագրային պլատֆորմի մեջ դա չլինի որպես գերակա ուղղություն, բոլորը դա ընդունում են որպես հիմնախնդիր և մարտահրավեր: Այս հարցի լուծման համար ոչ միայն անհրաժեշտ է պետական միջոցների ներդրումը, այլև Սփյուռքի մասնակցությունը: Ընդհանրապես սա պետք է հայտարարվի որպես գերխնդիր և ճգնաժամ, որին պետք է ուղղվեն մեր բոլոր միջոցները: Այսօր մենք ճանապարհներ ենք սարքում, բայց եթե այդ ճանապարհին քայլողներ չեն լինելու, ապա ինչի՞ համար են մեզ պետք դրանք: Առաջին հերթին մենք պարտավոր ենք լուծել ա’յս խնդիրները»:
Արտագաղթ, ծնելիության նվազում, անվստահություն ապագայի հանդեպ, ուշ ամուսնություններ, ամլություն, անպտղություն, մեռելածնություն և ազգի ծերացում…. Բնակչության կենսամակարդակի բարելավումն ու կյանքի համար նախատեսված մարդկային միջին պայմանների ապահովում` աշխատանք, բնակարան… ահա այս խնդիրների լուծումը հնարավոր կդարձնի սպառնալիքի նվազումը, համենայնդեպս այսպես են պնդում մասնագետները:
Եվ մինչ մայրաքաղաքում աներևակայելի արագությամբ իրար ետևեից բուսնում են անմարդաբնակ պողոտաներն ու երկնաքերները, հայ երիտասարդները կեցության ուղիներ են փնտրում այլ երկրներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել