HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրիկցու պայմանը տնվոր համայնքապետարանին` «բնակվեք» մինչև որդուս ամուսնացնելը

Օգոստոս ամսին Ախուրիկում շահագործման հանձնվեց Կառավարության   ֆինանսավորումով կառուցված նորակառույց դպրոցը, սակայն սեպտեմբերի 1-ին առաջին զանգը կրկին հնչեց դպրոցի հին շենքում: Ախուրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահիդա Գասպարյանը «երկու ոտքը մի մաշիկ դրած» հրաժարվում է տեղափոխվել նորակառույց շենք`պատճառաբանելով, թե նոր դպրոցին նոր գույք է հարկավոր եւ ինքը չի պատրաստվում 35 տարվա սեղան-նստարանը տանել նորակառույց դպրոց:

Ախուրիկցի 130 աշակերտ սովորում են երկրաշարժից հետո նախկին մանկապարտեզի հարմարեցված շենքում: «Մեր դպրոցում դեռ իմ դպրոցական տարիներից պահպանված սեղան-նստարան կա,- ասում է դպրոցի տնօրեն Վահիդա Գասպարյանը,-դե, պատկերացրեք, թե որքան հին է գույքը: Ես ուզում եմ նորմալ աշակերտական սեղան-նստարան, սպորտային գույք, գրասենյակային գույք, լաբորատոր սարքավորումներ լինեն` նոր տեղափոխվենք, իսկ դրանք մեծ գումար են կազմում: Մենք արդեն ահազանգել ենք, որ գույք չունենք ու այդ պատճառով նպատակահարմար չենք գտնում տեղափոխվելը»:

Դպրոցի հին շենքը Դպրոցի նոր շենքը

Խնդիրը լուծելու համար տնօրենը դիմել է համայնքապետին, մարզպետին, տարբեր հիմնադրամների, Հանրապետական կուսակցությանը, սակայն երկու տարի է ոչ մի հուսադրող պատասխան չի ստացել: Տիկին Վահիդայի խորը համոզմամբ համայնքապետարանը պարտավոր է աջակցել իրենց, թեպետ դպրոցը մարզային ենթակայության կառույց է: Ըստ տնօրենի, քանի որ համայնքային բյուջեն գոյանում է ուսուցիչների եւ աշակերտների ծնողների կատարած վճարումներից, ապա համայնքապետարանը պիտի որեէ կերպ աջակցի իրենց: 

Վահիդա Գասպարյանին հուսահատեցնում է այն փաստը, որ Ախուրիկի դպրոցը չգիտես ինչու մշտապես դուրս է մնում բարերարների ուշադրությունից: Դպրոցում ընդամենը 12 համակարգիչ ունեն, այն էլ գնել են ծնողների աջակցությամբ`վարկային ծրագրով, մեկ համակարգիչ ու տպիչ սարք էլ նվեր են ստացել երկրի նախագահից:

«Հիմա էլ արդեն ջեռուցման սեզոն է: Նոր շենքում լոկալ ջեռուցման ցանց է անցկացված, որի համար մեծ քանակությամբ հեղուկ վառելանյութ է պետք, գյուղը գազիֆիկացված չէ,- նկատում է տնօրենը,- ինչպես գիտեք դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով ու նման ֆինանսավորումով կաթսայատուն աշխատացնելն անհնար է: Ես մասնագետի հետ ճշտել եմ, որ ժամը 5 լիտր սոլյարկայի ծախս է լինում, որը բավականին մեծ գումար է կազմում: Դե, եթե գույքի եւ վառելանյութի հարցը լուծեն, մենք էլ կտեղափոխվենք»:

Ախուրիկի համայնքապետ Վարդուհի Գասպարյանն առավել հուսահատված է տիկին Վահիդայի համառությունից: 2 մլն 700 հազար դրամ սեփական եկամուտ եւ 13 մլն դրամ դոտացիա ստացող համայնքապետարանի համար գյուղական նորակառույց դպրոցին որեւէ կերպ աջակցել չեն կարող: Մյուս կողմից էլ` համայնքապետն օր-օրի սպասում է, թե երբ է դպրոցի հին շենքն անցնելու համայնքային ենթակայության: Բան այն է, որ Ախուրիկի տեղական իշխանությունը չունի վարչական շենք: 2009թ.-ին համայնքապետ ընտրված Վարդուհի Գասպարյանն իր 7 հոգանոց աշխատակազմով, տնվորի կարգավիճակով, արդեն երրորդ տարին է աշխատանքները կազմակերպում է ախուրիկցի Սանասար Գասպարյանի սեփականություն հանդիսացող տանը: Սանասարը համայնքապետի խնդրանքը չի մերժել: Տունն ազատ էր, որեւէ մեկը չէր բնակվում, անվճար տրամադրել է, սակայն զգուշացրել. «Հենց տղայիս ամուսնացնեմ, պիտի խնդրեմ, որ տունն ազատեք»:

Եկել է ժամանակը, Սանասարը տղային ամուսնացրել է ու համայնքի ղեկավարն իր աշխատակազմով փողոցում հայտնվելու վտանգի առաջ է կանգնել: «Եթե դպրոցը տեղափոխվեր նորակառույց շենք, մենք արդեն հին շենքում կկարողանայինք տեղավորել համայնքապետարանը, բացել մանկապարտեզ, ունենալ մի կահավորած սենյակ, որպես տարեցների հավաքատեղի, կունենայինք համայնքային կենտրոն: Շենքն ունի փոքր դահլիճ, որը հնարավոր է օգտագործել մշակութային միջոցառումների համար, ի վերջո, 4000 կտոր գրականությունից բաղկացած գրադարանը կկարողանանք վագոն-տնակից տեղափոխել ավելի հարմար վայր,-թվարկում է Վարդուհի Գասպարյանը,- բայց հիմա արի ու տես, որ կանգնած ենք դիլեմայի առաջ»:

Երկհարկանի շինությունը, որտեղ տեղավորված է դպրոցը, կառուցվել է 1988թ.-ին եւ պիտի ծառայեր, որպես մանկապարտեզ: Երկրաշարժից հետո այնտեղ տեղավորվել է դպրոցը: 24 տարի է Ախուրիկը մանկապարտեզ չունի: Սամվել Բադեյանի թոռնիկները Ախուրիկում մանկապարտեզ չլինելու պատճառով երկար ժամանակ հաճախել են Գյումրիի մանկապարտեզներից մեկը: «3 թոռնիկիս մի քանի տարի առաջ կուղարկեինք Գյումրի մանկապարտեզ: Տնեցոնք կաշխատեին, երեխեքին նայող չկար: Սկզբից ես ավտոյով կտանեի, կբերեի, հետո գազել գուկար, գյուղից մե 10-15 երեխա էդ ժամանակ կերթար մանկապարտեզ, կտաներ Գյումրի: 4 հազար դրամ վարձ կուտայինք, 3 հազար դրամ տրանսպորտի փող կուտայինք, ընթացքում հանդես-մանդես է, նվեր առնել է, կեղներ ահագին փող: Հմի ինչ գուզեմ ըսեմ, օր մանակապարտեզը գյուղի մեջ էղներ, էն 7 հազար դրամը ուրիշ բանի վրա կծախսեինք,- բացատրում է Սամվել պապը,- շատ գուզենայի, օր մշակույթի տուն ունենայինք, խելքը գլխին գրադարան, ինչխոր սովետի ժամանակ»:

Նոր մանկապարտեզ կառուցել գյուղում չեն կարող: Համայնքապետն սպասում է դպրոցի նորակառույց տեղափոխվելուն: «Մենք մեր ծրագրերում հարցը ներառել ենք, հին մանկապարտեզի շենքը հիմնանորոգման կարիք ունի: Նախնական հաշվարկներով կպահանջվի 120 մլն դրամ»,- ասում է համայնքապետը: Վերջինիս ասելով կփորձեն դռներ բախելով այդ գումարը հայթայթել: Վերջերս Շիրակի մարզպետարանին կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 320 մլն դրամ: Վարդուհի Գասպարյանի համոզմամբ, եթե այդ գումարից մասնահանում լինի Ախուրիկին, կշահի համայնքը:

Ախուրիկցի տարեց տղամարդիկ կարեւորեցին իրենց առօրյան կազմակերպելու խնդիրը: «Մե սենյակմ օր էղնի, մարդիկ պատերի տակը չեն հավաքվի,- ասում է Սամվել Բադեյանը: Կհավաքվին շախմատ, նարդի կխաղան, տնեցոնց զահլեն էլ չեն տանի փնթփնթալով: Համ էլ մարդ են, օր ծերության մե զբաղմունքմ չունենան: Դրա համար էլ մենք գյուղապետարանից կպահանջենք, օր մեզի համար մե տեղմ ստեղծե»:

2009թ.-ին Վարդուհի Գասպարյանը համայնքը նախկին համայնքապետից ժառանգել է մոտ 30 մլն դրամի հասնող պարտքով: Երեք տարի անց կարողացել են ոչ միայն հավաքագրել ու փակել պարտքերը, այլեւ սեփական եկամուտների հաշվին որոշ ծրագրեր իրականացնել: «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության հետ համատեղ, 30% սեփական եկամուտներից կատարած ներդրումների հաշվին, 3 մլն դրամի շրջանակներում 1 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ են անցկացրել 2010թ.-ին:

Տեղադրել են հակակարկտային կայան: «Այդ առումով հայ-թուրքական սահմանի երկարությամբ Ախուրիկը բաց օղակ էր,-բացատրում է համայնքապետը,- Գյումրիի ներկայիս քաղաքապետ, նախկին ԱԺ փոխխոսանկ Սամվել Բալասանյանն առաջարկել էր իր հիմնադրամի միջոցներով գնել ու մեզ նվիրել 5 մլն դրամ արժեքով մեկ հակակարկտային կայան, որի 50 տոկոսը պիտի վճարեր համայնքը: Երկու կայան տեղադրելու դեպքում Սամվել Բալասանյանը մեկը պիտի նվիրեր, իսկ մյուսը պիտի ձեռք բերեր Ախուրիկը»: Համայնքի կին ղեկավարը իսկական տանտիկնոջ ճկուն մտածելակերպով համաձայնել է երկրորդ տարբերակին եւ հիմա Ախուրիկն ունի երկու հակակարկտային կայան: Դրանցից մեկը սեփական եկամուտների հաշվին` 4 մլն 486 հազար դրամով գնել է համայնքը: Ախուրիկում է գտնվում նաեւ շրջակա 8 գյուղերին սպասարկող բուժամբուլատորիան:

2010թ.-ին համաշխարհային բանկի միջոցներով հիմնանորոգվեց Ախուրիկ- Ղարիբջանյան ներհամայնքային ճանապարհը: Համայնքը որեւէ ներդրում չկատարեց, որովհետեւ այդպիսի պահանջ չէր դրվել: Վարդուհի Գասպարյանի խոսքերով, իրենք էլ դրա փոխարեն մոտ 2 մլն դրամի աշխատանք կատարեցին հետագայում եւ հիմա գյուղում 40 կետից բաղկացած գիշերային լուսավորության ցանց ունեն: Ախուրիկի համայնքապետարանը սեփական եկամուտների հաշվին փոխանցում է նաեւ դպրոցում սովորող բոլոր երեխաների դպրոցական գրքերի գումարները:

Սամվել Բադեյան Ծովինար Մկրտչյան Հակոբ Այվազյան

Ծովինար Մկրտչյանը, ում տղան արդեն ուսանող է, ֆուտբոլի համար նախատեսված դաշտի բացակայությունը մինուս համարեց գյուղի համար: «Դե, երեխեքը, էն ժամանակ էլ փողոցում ֆուտբոլ կխաղային: Ոչ դպրոցին կից կա մարզադաշտ, ոչ էլ ինչ որ առանձին տեղ: Կհիշեմ, որ տղես միշտ կդժգոհեր: Հիմի որ լինի, գյուղի երեխեքը կարծում եմ շատ կուրախանան»,- ասում է Ծովինարը:

Գյուղում 18 անօթեւան ունեն, սակայն նրանք Շիրակի մարզի գյուղական համայնքներում անօթեւանների համար իրականացվող կառավարության բնակարանաշինության ծրագրից դուրս են մնացել, տեղեկացրեց Վարդուհի Գասպարյանը: Ստացվել էր այնպես, որ նախկին համայնքապետի օրոք երեք ընտանիք դիմում էին ներկայացրել Բնակարանների գնման ծրագրով գումար ստանալու եւ բնակարան ձեռք բերելու համար: Վարդուհի Գասպարյանի փոխանցամամբ, այդ մարդիկ անգամ անօթեւաններ չեն եղել: Գումարը հատկացվել է, արդյունքում գյուղը դուրս է մնացել կառավարության ծրագրից: Եվ հիմա իրական 18 անօթեւանների խնդիրը ծանրացել է համայնքի ուսերին:

Մեկ այլ խնդիր էլ ունի Ախուրիկը: Ընդամենը 1 կմ հեռավորություն ունի համայնքը հայ-թուրքական սահմանից, սակայն չունի սահմանամերձի կարգավիճակ: Վարդուհի Գասպարյանն այս հարցի պատասխանը չունի: Գյուղի համար մյուս ցավոտ հարցը գազիֆիկացումն է: Ախուրիկի բնակիչ Հակոբ Այվազյանն ասում է, թե հոգնել են ձմռան ամիսներին տունը աթարով կամ էլեկտրականությամբ տաքացնելուց: «Այսինքն աթար էլ չկա, որովհետեւ ախուրիկցին էդքան անասուն չի պահե: Մերոնք գյուղատնտեսությամբ կզբաղվին կամ խոպան կերթան: Մենք քաղքին մոտիկ կապրինք, բայց տներիս մեջ գազը բալոնով է: Ձմեռը փետ ու ածուխ կառնինք: Կարող է գյուղացին դժվարնա ձմեռը տունը գազով տաքցնելուց, բայց գազն ընբես բան է, օր հեչ մարդ էլ չի հրաժարվի, եթե գյուղը քաշելու էղնին»,-ասում է Հակոբ Այվազյանը:

Մարզկենտրոն Գյումրիից Ախուրիկը հեռու է 5 կմ, սակայն այստեղ խնդիրը ոչ թե հեռավորության մեջ է, այլ «Հայռուսգազարդ»-ի կատարած հաշվարկների: Համայնքապետն ասում է, որ իրենք դիմել են, սակայն իրենց բացատրել են, որ գյուղերի գազիֆիկացումը չի արդարացնում եկամուտների տեսանկյունից: Արդեն իսկ գազիֆիկացված գյուղական համայնքներում գազն օգտագործում են միայն կենցաղային նպատակներով, այդ պատճառով էլ «Հայռուսգազարդ»-ը ձեռնամուխ չի լինում մնացած գյուղական համայնքներ կապույտ վառելիքը հասցնելու աշխատանքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter