
Չգործող թերթի լրագրողի դեմ հայց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, լսվեց Արենի գյուղի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանի հայցը՝ ընդդեմ «Հայք» թերթի խմբագրության և լրագրող Արման Գալոյանի:
Արենի գյուղի բնակչուհին լրագրողից պահանջում է հերքել թերթի 2008 թ. փետրվարի 8-ի համարում տեղ գտած «Սպանության հետքերով» հոդվածի՝ «հանգուցյալի հիշատակը պղծող, անունն ու համբավը արատավորող» տեղեկությունները: Չնայած նրան, որ դիմումը դատարան է ներկայացվել մոտ 3 տարի անց, հայցադիմումը լրագրողի մասով անցյալ տարվա դեկտեմբերին ընդունվել է վարույթ:
Արման Գալոյանը նիստերին չի ներկայանում: Նա գտնում է, որ հայցը վարույթ չպետք է ընդունվեր առնվազն վաղեմության պատճառով: Սա որակելով իբրեւ դատարանի կոպիտ սխալ՝ Գալոյանն ընդգծում է՝ վիճարկվում են հոդվածում աղբյուրին հղում արված խոսքերը:
Ինչո՞ւ է հայցը հոդվածի հրապարակումից միայն 3 տարի անց ներկայացվել: Ըստ հայցվոր կողմի՝ կան ծանրակշիռ պատճառներ: Նախ՝ այս ընթացքում իրենք գյուղից բացակայել են, հետո՝ նշյալ հոդվածի հետեւանքով գյուղացիներն անբարեհաճ են տրամադրված իրենց ընտանիքի նկատմամբ:
Բաղդասարյանները գտնում են, որ հոդվածը միտված էր վարկաբեկելու հանրային անձին, այն քաղաքականացված էր, փաստերը՝ խեղաթյուրված: Նրանք պատասխանողից դրամական փոխհատուցում չեն պահանջում:
«Հայքի» հոդվածում նշվում է. «Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամները, ոչ միայն հանրահավաքներ խանգարող հասարակ խուլիգաններ են, այլև նրանցից ոմանք այսօր մեղադրվում են դաժան մարդասպանություն կատարելու մեջ»:
Բաղդասարյանների 17-ամյա որդին՝ Հայկը, կասկածելի հանգամանքներում մահացել է: Ծնողները նշում են, որ գործը պատշաճ կերպով չի ուսումնասիրվել: Նրանք պնդում են, որ Հայաստանում արդարություն չկա, սակայն, միեւնույն է, իրենց արյունակից ԱԺ նախագահին չեն դիմել ու չեն էլ դիմելու, որովհետեւ «ճշմարտությունն իրենց կողմն է եւ այն պետք է հաղթանակի»:
Հայկը մահացել է 2007 թ. փետրվարին: Հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ իրավապահները գտել են, որ տղան ինքնասպան է եղել: Մինչդեռ Հայկի ծնողներըն ասում են, որ իրենց որդուն սպանել են, իսկ հանցագործները՝ մնացել անպատիժ: Ավելին, ըստ Բաղդասարյանների՝ նույն գյուղի բնակիչ Կարեն Մանուկյանը Հայկի հորը՝ Համլետ Բաղդասարյանի հետ զրույցում ասել է, որ մասնակցել է վերջինիս որդու սպանությանը, բայց, միևնույն է, իրեն ոչինչ չեն անելու: Համլետը տեղում Կարենին սպանել է, ինչի արդյունքում 2008 թ. մայիսին 10 տարով ազատազրկվել է:
«Հայքի» հոդվածագիրը զրուցել է Կարեն Մանուկյանի այրու` Սվետլանա Առաքելյանի հետ, ով ասել է, թե սպանված տղան՝ Հայկը, թմրամոլ էր:
« …Բոլորը դա գիտեին: Նույնիսկ նրա հայրը, որ եկավ թաղմանը, ասում էր` ինքը գիտի, որ իր տղան վաղ թե ուշ մեռնելու է»,- այրու խոսքերը մեջբերել է «Հայքը»:
Սպանվածի այրին` Սվետլանա Առաքելյանը, եւ վերջինիս քույրը 2008 թ. սեպտեմբերին դատապարտվել են 1-ական տարվա պայմանական ազատազրկման՝ Բաղդասարյանների գույքին դիտավորությամբ վնաս պատճառելու համար: Իսկ սպանված Կարեն Մանուկյանի մայրը` Մարիամ Մկրտչյանը, 2009 թ. փետրվարին հանցավոր է ճանաչվել Հայկ Բաղդասարյանի գերեզմանը մի քանի անգամ անարգելու մեջ: Դատարանը Մարիամ Մկրտչյանին տուգանել է 44 հազար դրամով:
Արման Գալոյանն ասում է, որ Բաղդասարյանները թերթի հասցեին անեծքներով նամակներ են ուղարկել, բայց դրանց թերթը երբևիցե չի անդրադարձել: Իսկ ինքը հոդվածը գրելիս Բաղդասարյանների հետ չի զրուցել, քանի որ գյուղ կատարած իր այցելության ժամանակ վերջիններս Արենիում չեն եղել:
Հայցվոր կողմն այսօր դատարանին միջնորդեց որպես պատասխանող կողմ ներգրավել նաև Սվետլանա Առաքելյանին, ով «ստահոդ լուրեր է տարածել իրենց մահացած որդու մասին», ինչն էլ հիմք է դարձել «Հայքում» տպագրված հոդվածի համար: Այն, որ Սվետլաննայի հաղորդածն իրականությանը չի համապատասխանել, ըստ հայցվորի, հիմնավորվել է հարուցված քրեական գործերից մեկով:
Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կընդունի միայն պատասխանող կողմին այդ մասին տեղյակ պահելուց և վերջինիս դիրքորոշումը լսելուց հետո: Ուստի, հաջորդ նիստը դեռ նշանակված չէ:
Մեկնաբանել