HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այբ» ավագ դպրոցի սաները հաղթեցին ռոբոտների մրցույթում

Նախօրեին կայացավ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես եկավ «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:

«Այբ» ավագ դպրոցի թիմերը լավագույնս ներկայացան մրցույթում` զբաղեցնելով առաջին երկու հորիզոնականները: Առաջին տեղը գրավեց «Սինուս» թիմը` ստանալով 250.000 դրամ, երկրորդ տեղը` «Կոսինուս» թիմը: Մրցանակն է 100.000 դրամ: Երրորդ տեղը զբաղեցրեց  Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի «Պոլիտեխնիկ» թիմը, որի մրցանակն է 50.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ: Խրախուսական մրցանակի արժանացավ Ախթալայի թիվ 1 դպրոցի թիմը` ստանալով 30.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ:

«Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արմռոբոտիքսին` տեխնոլոգիայի այս ոլորտը զարգացնելու նպատակով: Դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների զարգացման վրա, ինչպես նաև նպաստել միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանը:  ՎիվաՍել-ՄՏՍ-ն այնտեղ է, որտեղ առկա է զարգացման ներուժ, և որտեղ մենք կարող ենք քաջալերել մեր ժողովրդի ստեղծագործ միտքը»,- նշում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

 «Աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և ճարտարագիտական մտածելակերպը զարգացնելու նպատակով 2009 թվականից միությունը ձեռնամուխ եղավ դպրոցներում ռոբոտատեխնիկայի խմբակներ ստեղծելուն: Խմբակների արդյունավետ գործունեության արդյունքն ակնհայտ է, քանի որ այժմ յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ` գրանցելով լուրջ հաջողություններ, իսկ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն այժմ նախատեսված է միայն ավագ դպրոցների աշակերտների համար»,- նշում է ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ներկայումս ԱրմՌոբոտիքս խմբակներ գործում են Երևանի 5 կրթահամալիրներում` Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, «Այբ» և Թիվ 131 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև 5 մարզային դպրոցում` Սյունիքում, Լոռիում և Թալինում:  

Ռոբոտատեխնիկայի ոլորտն ավելի զարգացնելու նպատակով նախատեսվում է նաև ստեղծել ԱրմՌոբոտիքս լաբորատորիա, որտեղ մրցույթների մասնակիցները, դպրոցական խմբակների սաները և ռոբոտոտեխնիկայով հետաքրքրվողները հնարավորություն կունենան նախագծել, հավաքել ու փորձարկել իրենց ռոբոտները: Բացի այդ կիրականացվի «Ռոբոտիքս Թու Բիզնես» ծրագիրը, որի շրջանակներում մասնակիցները կսովորեն` ինչպես սեփական գաղափարները վերածել բիզնես ծրագրերի: 

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից, և առաջին նախագիծը հենց «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր: Մրցույթին գրանցվել էր 25 թիմ Հայաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Առաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները: 

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:    

ԱրմՌոբոտիքսի նպատակներն են` զարգացնել ռոբոտատեխնիկան Հայաստանում, նպաստել ոլորտի ընկերությունների ստեղծմանը, իրականացնել ոլորտին առնչվող կրթական ծրագրեր դպրոցներում և համալասարաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter