
Այս քաղաքն ավերվել է մարդու կողմից
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնագետ Գագիկ Սարգսյանը և ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը պատմեցին մոտ երկու տարի առաջ հայտնաբերված Կարկառ քաղաքի մասին: Հանդիպումը տեղի ունեցավ պեղումնավայրում, քաղաքի մասին պատմեց Գագիկ Սարգսյանը` ցույց տալով պեղումները:
Կարկառը հնագույն և վաղ միջնադարյան քաղաք է, այն տեղակայված է Շուշի քաղաքից մոտ 2 կմ արևելք և Շոշ գյուղից 1,5 կմ հյուսիս:
«Հայտնի էր, որ Ղարաբաղում կար նշանավոր մի քաղաք, որի մասին ավանդված է արաբական, հայկական, պարսկական և վրացական աղբյուրներում: Նրանք նշում են, որ քաղաքը կառուցել է Պարսից թագավոր Խոսրով Անուշիրվան»,- ասում է Կարկառում պեղումներ իրականացնող հնագետ Գագիկ Սարգսյանը:
![]() |
Ատրուշան: Երկհարկանի համալիրի նկուղային հարկն է: Աղյուսը և մայր հողը կավե են, որի պատճառով հնագետները մեծ դժվարությամբ են իրարից առանձնացրել: |
Սակայն Պարսից թագավոր Խոսրով Անուշիրվան ոչ թե կառուցել, այլ վերակառուցել է քաղաքը. «Քանի որ բոլոր պատմիչները թագավորի ներկայացուցիչներն են լինում, ամեն ինչ վերագրում են իրենց թագավորին: Բայց մենք ապացուցեցինք, որ քաղաքը շատ ավելի վաղ է կառուցվել: Խոսրով Անուշիրվան VII-VI դարի գործիչ է, սակայն Կարկարի կիկլոպյան շարվածքը վերաբերում է մ.թ.ա. VII-VI-րդ դարերին, այսինքն` Ուրարտուի ժամանակից: Ճիշտ է՝ զուտ ուրարտական մշակույթ այստեղ չկա, բայց Ուրարտուի ժամանակաշրջանն այստեղ կա: Արդեն մ. թ. ա. VIII-VI դարերում այստեղ գոյություն ուներ մի մեծ քաղաք ` հզոր պաշտպանական համակարգով և ոռոգման ցանցով»:
Քաղաքի տարածքը մոտավորապես 35-40 հեկտար էր, դա կարելի է եզրակացնել 1 100 մետրանոց հյուսիսային պարսպից: Հարավից քաղաքը պաշտպանվում էր կիկլոպյան պարսպի շարվածքով, արևելքից քաղաքը եզերվում է Կարկառ գետի անդնդախոր կիրճով, իսկ արևմուտքից` Շուշիի բարձունքից իջնող «Զառուն բաղի ծյոր» ձորակի ժայռերով. «Փաստորեն, քաղաքը մատչելի էր միայն հյուսիսից ու հարավից: Եվ այս քաղաքն ավերվել է մարդու կողմից: Շուշին կառուցելու համար այստեղ քարահանք են սարքել, դրա համար ռելիեֆը փոխվել է»:
Սարգսյանը պատմում է, որ մի քանի օր առաջ հայտնաբերել են քարե կրակարան (ատրուշան), որի պատերը լրիվ հունահյուս են:
Չնայած պեղումնավայրում ատրուշան կա, բայց Կարկառն ունի Հայաստանի նախնադարյան մշակույթ:
«Մենք սասանյան շրջանի ատրուշան ունենք նաև Դվինում: Դեռ մենք խեցեղեն չունենք, նյութ չունենք, որ ասենք կոնկրետ ինչ ժամանակաշրջանի է քաղաքը: Համ էլ այդ ժամանակաշրջանում ազգ հասկացությունը դեռ հստակ չկար»,- ասում է Սարգսյանը:
![]() |
![]() |
Խեցեղեն, աղորիքներ, տրորիչներ, քերիչներ, կոկիչներ, փայլանախշ խեցեղեն` շատ բնորոշ երկաթե դարին, երկաթե դանակ` հայտնաբերված առաջին մետաղյա իրը, բրոնզե կոճակ` երկաթյա դարից |
Սա քրիստոնեկան ծեսով կատարված թաղում է: Յոթ-ութ տարեկան երեխա էր այստեղ թաղված, ինչը եզրակացրինք կմախքից. Գագիկ Սարգսյան |
![]() |
Կիկլոպյան պարիսպ |
Ինչ վերաբերում է տուրիստական վայր պատրաստելուն, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության ու շրջակի միջավայրի պահպնաության պետ Սերգեյ Շահվերդյանը գտնում է, որ Կարկառն իր դիրքով ու տեղով շատ գրավիչ է նման նպատակի համար. «Մի քիչ պեղելուց հետո այս տարածքը կմտնի զբոսաշրջային երթուղու մեջ»:
Շահվերդյանը ավելացրեց, որ Տիգրանակերտը և Կարկառը ամեն անգամ ապացուցում են, որ այս տարածքները հայակական մշակույթի մասն են:
Հետաքրքիր է, որ երկու տարի առաջ քաղաքի հետքերը նկատել է շոշեցի բանվորներից մեկը ու հայտնել հնագետներին:
Առաջին լուսանկարում՝ քաղաքի կենտրոնական թաղամասի կլոր կացարանը
Մեկնաբանել