HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության հայտարարությունը

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց գոյությանը վտանգ սպառնացող քաղաքացիների, հասարակական, քաղաքական միավորների հանդեպ քաղաքական հետապնդումների կիրառումը` ունեզրկումից մինչև ազատազրկում:շ

Այսպես, նախորդ տարվա օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մինչ օրս շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը. ընթացիկ տարվա հուլիսի 20-ին հրապարակված դատավճռով վերջիններս դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:

Կալանավորված Տիգրան Առաքելյանի, իսկ վերոնշյալ դատավճռի իրավական ուժի մեջ մտնելուց հետո նաև Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի կարգավիճակն ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ տարվա հոկտեմբերի երեքին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 բանաձևով հաստատված «քաղբանտարկյալ» ձևակերպմանը: 

Ու թեև դատավճիռը դարձել է հասարակական դժգոհության պատճառ և դատապարտվել է իրավապշտպան «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե», Իրավունքի և ազատության կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների, մի շարք քաղաքական կազմակերպությունների` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունների երիտասարդական թևերի, ինչպես նաև «Եվրոպայի Լիբերալ Երիտասարդներ»-ի կողմից, իշխանություններն այնուամենայնիվ շարունակում են հանցավոր համառություն ցուցաբերել այս հարցում: 

Անթույլատրելի համարելով քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում` գտնում ենք, որ Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իշխանությունների սանձազերծած արշավը մարտահրավեր է ողջ հանրությանը: 

Հաշվի առնելով վերոնշյալը` «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը, ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից, նախատեսում է 02.11.2012 թ., ժ. 13:00  բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:   

Կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին:

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter