«Նորաշեն 2007»-ի սպառողները դիմում են նախագահին
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո նախագահ, Ձեր անմիջական աջակցությամբ մեր կորուստները մասնակի վերականգնվել են, որի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը, եւ հավատում ենք, որ սկսված գործն իր ավարտին կհասցվի: «Նորաշենի» պատմությունը մեր իրականության հայելին է, մեր բիզնես միջավայրի եւ ընդհանրապես պետական համակարգում առկա բոլոր հանցավոր երեւույթները նույնությամբ արտացոլված են այստեղ՝ «Նորաշենի» հայտնի պատմության մեջ: Քաղաքացիներ, որոնք տասնամյակներ փող են կուտակել տուն ունենալու համար, եւ ահա հայտնվում են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կոոպերատիվի ղեկավարների գլխին սարքում, ձերբակալել տալիս ու հանգիստ յուրացնում են այդ գումարները:
Այս ամբողջ պատմությունը ի սկզբանե եղել է ծրագրված բոլորիս հայտնի տնօրեն եւ ինքնավստահ, որկրամոլ մարդկանց կողմից: Ցավոք, իրականությունը շատ ուշ պարզվեց: ՀՔԾ-ի քննչական գործողությունները տեղի ունեցան հսկայական թերություններով, օրենքի կոպիտ խախտումներով, բացթողումներով եւ նաեւ պատվերներով: Այդ ամենը շահադիտական բնույթ է կրում: Կալանքից ազատ են արձակվել իրական խարդախ թալանչիները: Նրանցից մեկը՝ գործի համար ամենակարեւոր մեղադրյալը, դիմեց փախուստի: Դա նույնպես կազմակերպված գործողություն է: Մեծարգո նախագահ, մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ մեկ օր շուտ կոոպերատիվի ղեկավարներին կալանքից ազատելը խիստ անհրաժեշտություն է բոլորիս համար եւ բխում է արդարադատության շահերից: Կոոպերատիվի ղեկավարները նույնպես ուզում են ավարտին հասցնել պայմանագրային իրենց պարտավորությունները:
Կոոպերատիվի ղեկավարները գտնվում են բանտում այն բանի համար, որ տոկոսով գումար տված մարդիկ ստեցին, իբրեւ բնակարանները գնել են: Այսօր ամեն ինչ պարզվել է, սակայն կոոպերատիվի ղեկավարները դեռ գտնվում են անազատության մեջ արդեն 20 ամիս: Խնդրում ենք Ձեզ, մեծարգո նախագահ, փրկենք ճահճում խորտակվող մեր գործարարներին, իրենք խարդախ չեն, իրենք ազնիվ, աշխատասեր եւ բարի մարդիկ են, ուղղակի ընկել են ճզմող համակարգի անիվի տակ: Օրինազանց պաշտոնյաները մեր եւ հանրության գիտակցությունը մանիպուլյացիայի էին ենթարկել: Բոլորս մինչ օրս զրկված ենք եղել լիարժեք օգտվելու ԶԼՄ-ի ծառայությունների հնարավորություններից:
Մեծարգո պարոն նախագահ,
Մենք հավատում ենք Ձեզ եւ վստահ ենք, որ մեր երկրին փայլուն ապագա է սպասվում: Հավատացած լինելով, որ մեր երկիրն օր առաջ շենացած կարող ենք տեսնել միայն բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի առկայությամբ, քրիստոնեական արժեքների գնահատմամբ ու կիրառմամբ՝ մենք որպես նույն երկրի քաղաքացիներ խնդրում ենք Ձեր միջնորդությունը, որպեսզի Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին կալանքից ազատ արձակեն:
Կանխավ շնորհակալություն
«Նորաշեն 2007» ՍԿ անդամներ,
Երեւանի քաղաքի Նորաշեն 37, Բաբաջանյան 25/1 հասցեների բնակիչներ
«Հետք»- Հոկտեմբերի 30-ին Աջափնյակ եւ Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու «Նորաշեն 2007»-ի գործով հերթական դատական նիստը: Սպասվում է, որ նիստի ժամանակ պետք է հարցաքննվեն վկաներ Վիտալի Մանուչարյանն ու Արսեն Մելիքյանը (Դմո), որոնք պարբերաբար չեն ներկայացել դատարան: Դատավարության մասնակիցները նշում են, որ այս անգամ դատարանը պետք է բերման ենթարկի այդ երկուսին: Առաջիկայում սպասվում է նաեւ այլ հայտնի դեմքերի հարցաքննությունը. ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյան, ԲՀԿ-ական Արսեն Ավագյան (Տուգո), գնդապետ Արթուր Պողոսյան...
Մեկնաբանել