
Հուշարձաններ Հալլեում և Ժնևում՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին
Հալլե քաղաքի հայկական համայնքը, ինչպես հավաստիացնում է հոգևոր հովիվ տեր Գնել քահանա Գաբրիելյանը, ամենափոքր համայնքներից մեկն է: Այստեղ բոլորը Հայասատանից են եկել. շուրջ 40-45 ընտանիք է ապրում, մեծ մասն էլ Շիրակի մարզից:
Միասին և միահամուռ ջանքերով կարողացել են 2006-ին ձեռք բերել և Էջմիածնի սեփականությունը դարձնել տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի շենքը՝ 1901-ին կառուցված կից շինության հետ միասին և 2010-ին վերաօծել Սուրբ Հարություն անվամբ: Համայնքի ակտիվ անդամներն այժմ աշխատում են Հայոց ցեղասպանության հարցը հնարավորինս լսելի դարձնել տեղի իշխանություններին: Արդյունքում պատրաստվում են քաղաքի կենտրոնական որևէ այգում խաչքար տեղադրել:
«Մեր քաղաքապետուհին Հայաստան այցից հետո այցելեց մեզ, մենք էլ դիմեցինք, ասաց՝ ինչու ոչ, նույնիսկ օրինակով, որ հրեաներն ունեն հրապարակ, դուք էլ կարող եք ունենալ: Օգնեց մեզ, թե ում դիմենք, ինչպես, և դրական պատասխան ենք ստացել: Սպասում ենք, հիմա տեղն են որոնում, թե որտեղ հատկացնեն: Պահանջել ու խնդրել ենք, որ քաղաքի կենտրոնական հատվածներում լինի, որովհետև կարևոր նշանակություն ու խորհուրդ ունի»,- պատմում է Հալլեի հայ համայնքի ատենապետ Հարություն Մանուկյանը և հավաստիացնում, որ 2015-ին քաչքարն արդեն տեղադրած կլինեն: Քարը կընտրվի և կպատրաստվի Հայաստանում:
Շվեյցարիայի հայկական համայնքը բավականին հնաբնակ է: Այստեղ ապրող հայերը Պարսկաստանից են, Սիրիայից, Թուրքիայից, Եգիպտոսից, Հայաստանից... Շուրջ 2000 հայ: Եվրոպայում եզակի հայկական համայնքներից է, որ սեփական եկեղեցին ունի, այն էլ կառուցել են տեղի հայերը Հայաստանից բերված քարով:
«Մեր եկեղեցու մոտ մեկ ուրիշ հուշաքար կա, որ Jean-Claude Vaudroz-ի Վոլվոյի պատվին է, ով իր ժամանակ հայոց ցեղասպանությունն ընդուվեց Շվեյցարիայում: Եվ հիմա էլ աշխատում ենք Ժնևի կառավարության հետ մեկ այլ հուշարձանի համար՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համար: Հարցը շատ առաջ է ընկել, արդեն հուշարձանի տեղի մասին ենք խոսում»,- ասում է Շվեյցարահայ միության ատենապետ Նժդեհ Խաչատրյանը և հավաստիացնում, որ մինչ 2015-ը այն եւս կտեղադրվի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել