HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ի՞նչ տարբերություն՝ Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի

Որքան իրատեսական է, որ Գագիկ Ծառուկյանը, ի վերջո, կհամաձայնի որոշակի ձեռքբերումների դիմաց հայտարարել Սերժ Սարգսյանին նախագահական առաջիկա ընտրություններում պաշտպանելու մասին, նույնքան էլ իրատեսական է, որ անգամ ամենաինտենսիվ բանացկություններից հետո նա այդ հայտարարությունը չի անի: 

Գործընթացի գերգաղտնիության այն ռեժիմի պահպանումը, որին ականատես ենք հիմա, ԲՀԿ նախագահին մանևրելու լայն դաշտ է ապահովում: Սակայն իրականությունն այն է, որ ներկա պահին իր այս երկակի ու անորոշ վարքագծով Ծառուկյանը պարալիզացված է պահում գործնականում ողջ քաղաքական համակարգը՝ այդքանով արդեն լուծելով իշխանության համար ամենակարևոր խնդիրը. դիմադրության և մրցակցության բացառումը: Եվ այս իմաստով ոչ մի նշանակություն կարող է չունենալ՝ Ծառուկյանը երբ կանի Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունը, կամ կանի՞ արդյոք ընդհանրապես, թե՞ ոչ: 

Երբ փորձում ենք վերլուծել ԲՀԿ-ի անցած ճանապարհը, պարզվում է՝ միակ թողած շոշափելի հետքն այն է, որ միշտ եղել է իշխանության վերարտադրման ապահովման հիմնական գործիքը: 

2006թ. այս կուսակցությունն ստեղծվեց կայանալիք ընտրություններին մասնակցելու համար, ինչը և արվեց, ընդ որում՝ արվեց հիմնական մրցակցի՝ ՀՀԿ-ի հետ լոկալ առճակատումների, երբեմն նույնիսկ զինված բախումների, փոխադարձ ահաբեկումների մթնոլորտում: Այդ ժամանակ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ ունի 400 հազար անդամ, այսինքն՝ առնվազն նույնքան ընտրող, և որ պայքարելու է հաղթանակի համար:

2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, ներայացվեցին պաշտոնական այնպիսի տվյալներ, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն ստացել էր ընդամենը հայտարարածի կեսի չափ քվե: Ծառուկյանը, կուլ տալով մեղադրանքը, թե անհիմն կերպով ուռճացնում էր իր ընտրողների թիվը, շատ հանգիստ, առանց սրտնեղելու համակերպվեց հայտարարված արդյունքների հետ և նույն հանգստությամբ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ կազմեց կոալիցիա:

Փաստորեն, այն ոչ միայն լեգիտիմացրեց ՀՀԿ-ի հաղթանակը, վերջինիս կողմից խորհրդարանում գրեթե բացարձակ մեծամասնություն ստանալը, այլև դրա դիմաց ստացավ իշխանական կերակրատաշտից օգտվելու լիարժեք հնարավորություն:

2012թ. ընտրություններում այս պատկերը կրկնվեց գրեթե նույն հերթականությամբ և նույն մեթոդաբանությամբ: Ծառուկյանի կուսակցությունն ուներ հաղթելու բոլոր հնարավորությունները՝ այդ կապիտալն ստեղծելով հիմնականում 2010թ. վերջերին և 2011թ. սկզբներին, երբ, չտրվելով նախագահ Սերժ Սարգսյանի ճնշումներին, ՕԵԿ-ի նման ուղղակիորեն չհայտարարեց Սերժ Սարգսյանին 2013-ի ընտրություններին սատարելու մասին: Անգամ 2011թ. փետրվարին նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո, որտեղ արդեն նաև ԲՀԿ-ն ուղղակիորեն ստանձնեց Սարգսյանին պաշտպանելու քաղաքական պատասխանատվությունը, այսինքն, ըստ էության, «օեկացվեց», միևնույնն է՝ կարողացավ պահպանել համակողմանի ջանքերով կերտվող այլընտրանքային ուժի և ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին հակադրվելու պոտենցիալն ունեցող միակ ուժի և անհատի իմիջը:

Արդյունքը եղավ այն, որ ԲՀԿ-ն քվեարկության պաշտոնական արդյուքններով կրկնակի ավելի շատ ձայն տարավ, քան նախորդ՝ 2007-ի ընտրություններում: ԲՀԿ-ն փաստացի տարավ ոչ միայն ՀՀԿ-ի, այլև մարող ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, մի խոսքով՝ բոլոր քիչ թե շատ ակտիվ քաղաքական ուժերի պոտենցիալ քվեները: Նրա գերհզորացումը հանգեցրեց քաղաքական դաշտի գերթուլացմանն ու փոշիացմանը: Բայց երբ հրապարակվեցին ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն կրկին երկրորդն էր և զիջում էր ՀՀԿ-ին, այն նորից համակերպվեց արդյունքների հետ: Ավելին, համակերպվեց՝ պարզ հայտարելով, որ ընտրություններն անցել են խախտումներով և արդյունքները չեն համապատասխանում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությանը:

Ունենալով հաղթանակի բոլոր հնարավորություները, ստեղծելով ու հովանավորելով ընտրությունների ընթացքը վերահսկելուն կոչված միջկուսակցական շտաբը՝ ԲՀԿ-ն, միևնույնն է, ընդունեց պարտությունը և դրանով կրկին փաստացի լեգիտիմացրեց ՀՀԿ-ի հաղթանակը:

Ինչպես էլ բացատրես այս երկու ընտրություններում ԲՀԿ-ի պահվածքը, ընդհանրացումը մեկն է. այն, գեներացնելով ըննդիադիր տրամադրությունները, իր նկատմամբ առաջացնելով փոփոխությունների հանրային սպասելիքներ և դրանով մանիպուլյացիայի ենթարկելով հանրությանը, ԲՀԿ-ն միայն ապահովեց ՀՀԿ-ի և իշխանության հաղթանակը: Անգամ այն փաստը, որ բոլոր մարզերում, անխտիր բոլոր բնակավայրերում ունենալով լուրջ ռեսուրսներ, 2012թ. ընտրություններին մեծամասնական ընտրատարածքներում ԲՀԿ-ն գնաց ՀՀԿ-ի հետ փոխպայմանավորված միմյանց դեմ չպայքարելու, այսինքն՝ մեծամասնական տեղերը հօգուտ ՀՀԿ-ի կիսելու ճանապարգհով, որն ուղղակիորեն հակասում էր անպայման հաղթելու նրա հռչակած նպատակին, ԲՀԿ-ն անուղղակիորեն հաստատեց, որ ի սկզբանե հաղթելու համար չէր մտել ընտրապայքարի մեջ:

Ահա այս ամենի ֆոնին է հիմա խոսվում նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափի ու դրա ճակատագրականության մասին, քննարկվում այն հարցը, թե եթե ԲՀԿ-ն որոշի առանձին մասնակցել ընտրություններին, ինչպես կարող է խոչընդոտել նախագահի վերընտրությանը: ԲՀԿ-ի «կուտակած կապիտալը» ցույց է տալիս, որ հիմնական խնդիրն այն է, թե ԲՀԿ-ն այլընտրանքայինություն խաղալով (ի դեպ, պատահական չէ, որ այս կուսակցությունն այդպես էլ հրաժարվեց հայտարարել, որ ընդդիմություն է), նախքան ընտրությունները կոալիցիայի մեջ մտնելո՞վ, դրանով անորոշության այս մթնոլորտը մինչև վերջին պահը պահպանելո՞վ, թե՞ այլընտրանքային թեկնածու առաջադրելով, այդպիսով ընդդիմությանը կոնսոլիդացվելու և իրական այլընտրանքային բևեռ ձևավորելու հեռանկարից ու հնարավորությունից զրկելով է ապահովելու Սերժ Սարգսյանի վերընտրությունը:

Բայց սա զուտ մարտավարության խնդիր է, որովհետև երկու սցենարի դեպքում էլ գործ ունենք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության երկարաձգման նախագիծն իրականացնելու գործում ԲՀԿ-ի և Ծառուկյանի առանցքային մանիպուլյացիոն դերակատարության հետ: Պատահական չէ, որ թե անցած խորհրդարանական ընտրություններից հետո և թե հիմա ներկուլիսային բանակցություններն ընթանում են վարչապետի և գործադիրում ԲՀԿ-ի քվոտան մեծացնելու, այլ կերպ ասած՝ իշխանությանը մատուցած մեծագույն ծառայության դիմաց հնարավորինս մեծ վարձատրություն ստանալու հարցի շուրջ: Դա առավելագույնն է, ինչին ձգտել և հիմա էլ, կարծես թե, ձգտում է այս ուժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter