HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի խափանման միջոցը փոխվել է. նրան ազատ են արձակել

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ազատության մեջ է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, և Նվեր Հովհաննիսյանին ազատ են արձակել: Խափանման միջոցը փոխելու հիմք է եղել Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացումը: «Նրան կալանավորել են, առողջական վիճակը վատթարացել է, խափանման միջոցը փոխվել է»,- հայտնեցին ոստիկանությունից:   

Հիշեցնենք, որ տնօրենը մեղադրվում է թրաֆիքինգի հոդվածով. «Հետքի» հրապարակման հիման վրա` Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 հիվանդներին շահագործելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: 

Բացի դրանից` ևս մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի առաջին եւ երրորդ կետերով: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաև, որ տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ս.թ. ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը' նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրված է Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանի վրա, իսկ Նվեր Հովհաննիսյանը ոստիկանության քննչական գործողությունների ընթացքում սրտի նոպաներ է ունեցել և այժմ բուժում է ստանում տան պայմաններում:

Լուս.` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter