HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Տոնական օրերը խանգարեցին բացահայտել հանցագործությունը

Այն հանգամանքը, որ Երեւանի Էրեբունու համայնքի Խաղաղ Դոնի 1/1 շենքի բնակիչ Մարգարիտա Հարությունյանի բնակարան գողը մտել էր ամանորյա տոների նախօրեին, կանխորոշել էր տան բնակիչների ճակատագիրը:

2002 թ. դեկտեմբերի 29-ին Մարգարիտան ամուսնու եւ դստեր հետ հյուր էր գնացել որդու տուն, որն ամուսնացած էր եւ առանձին էր ապրում` վարձով: Այդ գիշեր նրանք մնացին որդու տանը: Հաջորդ առավոտյան Մարգարիտան եւ ամուսինը, վերադառնալով իրենց տուն, հայտնաբերում են, որ առաջին հարկում գտնվող տան պատուհանը կոտրված է, եւ տանից անհետացել է 9.000 ԱՄՆ դոլար:

Կողոպտված տանտերերը մի քանի օր առաջ վաճառել էին այդ տունը եւ Ամանորից հետո պետք է ազատեին բնակարանը: Իսկ գումարը տանն էին պահում, քանի որ պատրաստվում էին նոր բնակարան գնել: Մարգարիտայի ամուսինն անմիջապես դիմում է Էրեբունու ոստիկանություն: «Քննիչները գալիս են, նայում կողքերը, ասում, որ նախատոնական օր է` էլ ի՞նչ աշխատանք, եւ գնում` խոստանալով խնդրին անդրադառնալ տոներից հետո»,- պատմում է Մարգարիտա Հարությունյանը:

Ոստիկանությունն ամանորյա տոները նշում է մինչեւ հունվարի 10-ը: Այդ ընթացքում կոտրած պատուհանից, որը ոստիկաններն արգելել էին փակել որպես գողության ապացույց, ներթափանցած քամու եւ ցրտի ազդեցությամբ բոլոր մատնահետքերը քայքայվում են: Հունվարի 10-ին վերջապես գործի անցած քննիչներին մնում էր միայն արձանագրել, որ քայքայված մատնահետքերն այլեւս պիտանի չեն ապացույց լինելու համար: Հարուցված քրեական գործը կասեցվում է` հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ: Գումարն այդպես էլ չի գտնվում:

«Մենք հայտնեցինք, որ կասկածում ենք Արթուր Փանոսյան անունով մեր հարեւանին, որովհետեւ միայն նրան էր ձեռնտու գողանալ այդ փողը: Բայց ոստիկանությունը վկաներ էր պահանջում: Հարեւանները տեսել էին այդ մարդուն մեր պատուհանի մոտ կանգնած, բայց վախեցան նրա դեմ վկայություն տալ, որովհետեւ թմրամոլ է, եւ բոլորս էլ առիթ ունեցել ենք տեսնել նրան դեղերի ազդեցության տակ: Մարդիկ վախեցան ու լռեցին»,- պատմում է Մարգարիտան:

Հարությունյանների ընտանիքի եւ Արթուր Փանոսյանի միջեւ տարաձայնություններ եւ խնդիրներ ծագել էին վաղուց` նախքան գողությունը:

«Մինչեւ գողությունը մենք Խաղաղ Դոնի 1/1 շենքում երկու բնակարան ենք ունեցել` իրար դիմաց: Մեկը մերն էր, մյուսը` որդունս: Հարեւաններ էինք: Որդիս որոշում է գնալ Ռուսաստան` գումար աշխատելու: Դրա համար ճանապարհածախս էր պետք: Որդուս տունը գնելու ցանկություն հայտնում են Արթուր Փանոսյանն ու նրա մայրը: Մենք կանխավճարով թույլատրում ենք նրանց բնակվել այդ տանը, բայց գրանցում չենք անում, առք ու վաճառքի պայմանագիր չենք կնքում: Պայմանավորվում ենք, որ կլուծենք տան սեփականաշնորհման հետ կապված մի շարք հարցեր եւ դրանից հետո տան փաստաթղթերը կգրանցենք իրենց անունով եւ կստանանք գումարի մնացած մասը: Որդիս ազատում է այդ բնակարանը եւ իր ընտանիքի համար ուրիշ տեղ տուն է վարձում»,- շարունակում է Մարգարիտա Հարությունյանը:

Մինչ կլուծվեին սեփականաշնորհման հարցերը, նոր հարեւանուհին` Արթուր Փանոսյանի մայրը, Մարգարիտայի 19-ամյա աղջկան փորձում է համոզել իրեն հանձնել անձնագիրը եւ գնալ իր հետ Թուրքիա` «ձիթապտուղ հավաքելու», իսկ որդին թմրանյութեր էր օգտագործում: Սա դուր չի գալիս Հարությունյանների ընտանիքին, եւ նրանք հրաժարվում են վաճառել բնակարանը: Բայց դրա հետ համաձայն չէին գնորդները. նրանք հրաժարվում են տանից դուրս գալ անգամ կրկնակի կանխավճարի վերադարձի պայմանով: Երկու տարի տեւած «պաշարումից» հետո դատարանը որոշում է վտարել նրանց տանից:

«Դատական ատյաններում առանց գումարի ոչինչ չէր ստացվում: Ստիպված վաճառեցինք մեր երկրորդ տունը, որտեղ ապրում էինք եւ մի կերպ գնորդ գտանք պաշարումից ազատված տան համար: Երկու տներն էլ վաճառեցինք, հավաքվեց մոտ 9.000 ԱՄՆ դոլար, որը գողացան»,- եզրափակում է տկն Հարությունյանը:

Գողացված գումարով տուժողները պիտի նոր բնակարան գնեին: Բայց հանցագործությունը չբացահայտվեց արդեն հայտնի հանգամանքների բերումով. խանգարեցին տոնական օրերը, եւ գումարն անհետ կորավ: Մարգարիտայի 6 հոգանոց ընտանիքը հիմա ապրում է վարձով, իսկ նոր տուն գնելու հնարավորություն նրանք այլեւս չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter