HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

«Վրաստանում հակահայկական դրսեւորումների ազդակները գալիս են եկեղեցական շրջանակներից»

Հուլիսի 26-ին «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net) հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հարցազրույց Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ապարատին կից գործող Հանդուրժողականության կենտրոնի գլխավոր մասնագետ Բեկա Մինդիաշվիլիի հետ:

Կենտրոնը գործում է 2006 թ.-ից, կատարում հրատարակչական, հետազոտական աշխատանքներ, մշակում է հանձնարարականներ, անցկացնում սեմինարներ, կոնֆերանսներ եւ քննարկումներ, որոնք նվիրված են էթնիկ ու կրոնական խնդիրներին: Կենտրոնը կոորդինացնում է նաեւ Ժողովրդական պաշտպանի իրավասու թյան տակ գտնվող երկու խորհուրդների (Կրոնի գործերով եւ Ազգային փոքրամասնությունների գործերով) գործունեությունը:

Բ. Մինդիաշվիլիի խոսքերով` Ազգային փոքրամասնությունների գործերով խորհրդի աշխատանքներին մասնակցում են մոտ 80 կազմակերպություններ, որոնք պրոֆեսիոնալ հիմունքներով զբաղվում են էթնիկ փոքրամասնությունների խնդիրներով: Ըստ Բ. Մինդիաշվիլիի` այս Խորհուրդը շատ կարեւոր աշխատանք է կատարել, մասնավորապես հանձնարարությունների փաթեթ է մշակել էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան Վրաստանում իրականացնելու համար: Հիշյալ հանձնարարությունները հասցեագրված են տարբեր պետ ական հաստատությունների: Սույն փաստը Մինդիաշվիլին բացառիկ է գնահատում, քանի որ Վրաստանում առաջին անգամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դիմում են պետությանը եւ ԶԼՄ-ներին ու ներկայացնում խնդիրների լուծման իրենց տեսակետը: Այս ծրագրի շրջանակներում Խորհուրդն անցկացրել է մոտ 60 հանդիպում պետական կառույցների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Վերջիններս ընդհանուր առմամբ ընդունել եւ հավանություն են տվել հիշյալ հանձնարարություններին ( այդ թվում նաեւ Կրթության նախարարության եւ խորհրդարանի ներկայացուցիչները ) :

Բ. Մինդիաշվիլին նշեց, որ վերջերս Կենտրոնը լրատվամիջոցների մոնիտորինգ է իրականացրել էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին առնչվող բացասական կարծրատիպերը բացահայտելու համար: Այժմ աշխատանք է տարվում Վրաստանի Ժողովրդական պաշտպանի` ազգային ու կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ հաշվետվության նախագծի վրա: Հաշվետվությունը տարեկան երկու անգամ ներկայացվում է խորհրդարանին: Հանդուրժողականության կենտրոնը նաեւ հրատարակում է «Համերաշխություն» ամսագիրը, որը լուսաբանում է Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների կյանքը եւ գործունեությունը: Կենտրոնն անցկացնում է ամենամսյա մոնիտորինգ Վրաստանում ազգային փոքրամասնությունների բնակավայրերում: Բոլորովին վերջերս դպրոցներում անցկացվել է անկետավորում էթնիկ փոքրամասնությունների երեխաների ծնողների հետ` բացահայտելու կրոնական եւ ազգային հիմքի վրա խտրականության դեպքերը:

«Հետքի» հարցին` որո՞նք են Վրաստանում հայկական եւ ադրբեջանական ազգային փոքրամասնությունների գլխավոր խնդիրները, Բ. Մինդիաշվիլին պատասխանեց, որ այդ փոքրամասնությունների համար հիմնական խնդիրը լեզվական խոչընդոտն է, այսինքն` վրացերենի չիմացությունը կամ ոչ բավարար իմացությունը, ինչը խանգարում է երկրի պետական հաստատություններում շատերի կարիերային եւ, ընդհանուր առմամբ, լուրջ խոչընդոտ է վրացական հասարակության մեջ նրանց ինտեգրվելուն: Բ. Մինդիաշվիլիի խոսքերով` հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները վրացերենի խնդրին են բախվում նախեւառաջ երկրի տարբեր ԲՈՒՀ-եր ընդունվելիս: Եւ չնայած Վրաստանի պետական կառույցների, եւ առաջին հերթին Կրթության նախարարության բոլոր ջանքերին` վրաց լեզվի խնդիրը վերոնշյալ էթնիկ խմբերի համար դեռեւս լուծված չէ: Բ. Մինդիաշվիլիի կարծիքով` այս ամենի պատճառն առաջին հերթին պետք է փնտրել անցյալում, երբ Վրաստանի ազգային փոքրամասնությունների համար հիմնական լեզուն ռուսերենն էր, եւ վրացերենին անհրաժեշտ ուշադրություն չէր դարձվում: Ըստ նրա` չի կարելի մեղադրել ազգային փոքրամասնություններին պետական լեզվի չիմացության համար. դա նախեւառաջ պետության խնդիրն է, որն էլ պարտավոր է համապատասխան հնարավորություններ ստեղծել վրացերենի ուսուցման համար: Մյուս կողմից, Բ. Մինդիաշվիլին անթույլատրելի է համարում բռնի ուժով վրացերենի պարտադրումը եւ գտնում է, որ ուսուցումը պետք է կատարվի կամավոր հիմունքներով: Ինչ վերաբերում է «Կրթության մասին» օրենքին, գլխավոր մասնագետը նշեց, որ այն չի նախատեսում, որ Վրաստանի դպրոցներում ուսուցումը պետք է լինի բացառապես վրացերեն:

Ադրբեջանական «525-րդ թերթի»՝ «Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Լոմայան բրիֆինգի ժամանակ հայտարարեց, թե հենց ազգային փոքրամասնություններն են օգնություն պահանջել վրացերենի ուսուցման հարցում: Արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը» հարցին ի պատասխան` Բ. Մինդիաշվիլին նշեց, որ թեեւ ինքը տեղյակ չէ նախարարի նման հայտարարությունից, սակայն ազգային փոքրամասնությունների նման պահանջներն իրական են: «Վրացերենի ուսուցման անհրաժեշտությունը վերջին ժամանակներում աճել է, եւ իշխանությունները լիովին գիտակցում են դա»,- ասաց նա:

Ադրբեջանական «Ադալյաթ» թերթը, հղում անելով իրենց երկրի Կրթության նախարար Մասիր Մարդանովի հայտարարությանը, թե Ադրբեջանը շահագրգռված է, որ Վրաստանի ադրբեջանցիները չլքեն այդ երկիրը եւ շարունակեն այնտեղ ապրել, հետաքրքրվում էր Բ. Մինդիաշվիլիի գնահատականով: Վերջինիս տեսանկյունից՝ նման հայտարարությունները կարելի է միայն ողջունել, ինչպես եւ Հայաստանի նախագահի` Վրաստանում ապրող հայերին ուղղված կոչը՝ չլքել երկիրը, ակտիվորեն սկսել սովորել վրացերեն եւ դրանով իսկ արագացնել իրենց ինտեգրման գործընթացը:

Ադրբեջանական «ZMM.az» կայքի խմբագիրը վկայակոչեց քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի այն խոսքերը, թե նույնիսկ եթե Վրաստանի ադրբեջանցիները տիրապետեն վրացերենին, միեւնույն է չեն ընդգրկվի պետական կառույցներում: Բ. Մինդիաշվիլին, չհամաձայնելով այս կարծիքի հետ, նշեց, որ Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ադրբեջանցիները ներկայացված են իշխանական կառույցներում: Ճիշտ է, խնդիրը շարունակում է մնալ կենտրոնական մակարդակում, եւ դա հիմնականում կապված է վրաց լեզվի չիմացության հետ: Մասնագետի խոսքերով` երկու տարի առաջ Քութաիսի քաղաքում սկսվել է Զուրաբ Ժվանիայի անվ. Վարչարարության դպրոցի ծրագրի իրականացումը, որի հիմնական նպատակը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների թվից ( նրանց հավաք կերպով բնակության տարածաշրջաններից ) երիտասարդ կադրերի պատրաստումն է: Այնտեղ նրանք ստանում են վրացերենի եւ վարչարարության ուսուցում: Ըստ Բ. Մինդիաշվիլիի` այս ամենից կարելի է եզրակացնել, որ իշխանությունները շահագրգռված են վերապատրաստել եւ պետական ծառայության մեջ ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների:

Բ. Մինդիաշվիլին անհիմն համարեց այն մտավախությունը, թե այն բանից հետո, երբ վիրահայերը տիրապետեն վրացերենին եւ հաջող ինտեգրվեն Վրաստանի հասարակության մեջ, վտանգավոր կդառնան, քանի որ այդպես կիրականացնեն իրենց անջատողական գործողությունները եւ կկրկնեն ղարաբաղյան կոնֆլիկտը, այս անգամ էլ` Վրաստանում: Նման հարց էր տվել Ադրբեջանի Մամուլի խորհրդի ներկայացուցիչը: Ըստ Բ. Մինդիաշվիլու` Սամցխե-æավախեթի տարածաշրջանում լուրջ անջատողական տրամադրությունների մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: «Նման խնդիր չի առաջացել նույնիսկ 90-ական թթ. սկզբին, երբ Վրաստանում իշխանությունը Զվիադ Գամսախուրդիայի ազգայնական կառավարության ձեռքում էր»,- ասաց նա:

Բ. Մինդիաշվիլին լիովին համաձայնեց հայ վերլուծաբան Սամվել Մարտիրոսյանի այն կարծիքին, որ վրացական մամուլում բավական հաճախ կարելի է հանդիպել խիստ հակահայկական բովանդակության հոդվածների: «Վրացական մամուլը ոչ մի կերպ չի կարողանում գիտակցել իր դերը հանդուրժողականության հաստատման եւ քաղաքացիական ինտեգրման գործընթացին ա ջակցելու գործում: Ինչ վերաբերում է պատճառներին, ապա նման ազդակները մեծ մասամբ գալիս են եկեղեցական շրջանակներից, որոնք որոշակի ազդեցություն ունեն վրաց հասարակության մի մասի, այդ թվում նաեւ` լրագրողների վրա»,- ասաց Բ. Մինդիաշվիլին: Նման տրամադրություններ են տարածում նաեւ որոշ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք փորձում են դա օգտագործել իրենց քաղաքական շահերի համար: Բ. Մինդիաշվիլիի խոսքերով` ոչ միայն հայերի, այլեւ մյուս ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների հանդեպ վրացական մամուլը լի է բացասական կարծրատիպերով: Վրաստանի ժողովրդական պաշտպանը մեկ անգամ չէ, որ նախատել եւ քննադատել է վրացական լրատվամիջոցներին եւ նույնիսկ հրաժարվել է հարցազրույց տալ մի թերթի, որը նախկինում ֆաշիստական բնույթի հոդված է հրապարակել: Մասնագետը նաեւ նշեց, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ծրագրում է մոտ ապագայում լայն արշավ սկսել վրացական մամուլում քսենոֆոբիական տրամադրությունների հաղթահարման ուղղությամբ:

«Հետքի» այն հարցին, թե ինչ միջոցներով է ծրագրվում դա իրականացնել, Բ. Մինդիաշվիլին պատասխանեց, որ նախեւառաջ ծրագրվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կառանձնացնի նման հոդվածները: Նախատեսվում է հանդիպել հոդվածների հեղինակների հետ եւ նրանց, ինչպես նաեւ մամուլի այլ ներկայացուցիչների հետ անցկացնել քննարկումներ այդ թեմաներով: Բ. Մինդիաշվիլին չբացառեց նաեւ կոշտ միջոցների կիրառման հնարավորությունը, օրինակ` այդ հոդվածների հեղինակների դեմ բողոք ներկայացնելը մեդիա-խորհուրդ:

Կարծրատիպերի հաղթահարումը երկար գործընթաց է, եւ այն կապված է ինչպես վրաց հասարակության, այնպես էլ էթնիկ խմբերի մտածելակերպի փոփոխության հետ: Իսկ այս գործընթացին կարելի է աջակցել բազմամշակութայնության գաղափարներ քարոզելով, կրթության, քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակը բարձրացնելով: Մեծ աշխատանք կտարվի լրատվամիջոցների հետ, որոնք էլ պետք է դրական դեր խաղան այս գործընթացում:

«Հետքի» մեկ այլ հարցին` «Ազգային փոքրամասնությունների առկայությունը խնդի՞ր է, թե առավելություն Վրաստանի համար» Բ. Մինդիաշվիլիի տված պատասխանը հետեւյալն էր. «Վրաստանի էթնիկ եւ կրոնական բազմազանությունը, հատկապես եթե համեմատենք իրադրությունը հարեւան Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, անխոս մեծ առավելություն է իմ երկրի համար: Ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում այս առավելությունը Վրաստանը դարձնում է ավելի համակրելի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական եւ մշակութային առումով: Հուսով եմ, որ Վրաստանում տարբեր էթնոսների եւ կրոնների խաղաղ գոյակցությունը ապագա խաղաղ, կայուն Կովկասի մոդել կդառնա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter