HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը եւ Հայաստանը

Օգոստոսի 3-ին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը « Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր սեմինար` «ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության հնարավոր ազդեցությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա» թեմայով:

Սեմինարին զեկույցներով հանդես եկան ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը եւ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Ստեփան Սաֆարյանը խնդիրն առավել հասկանալի դարձնելու համար նշեց այն ասպեկտները, որոնցում ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը տարածաշրջանում հանդես են գալիս գործողությունների համակարգվածությամբ: Ըստ Ս. Սաֆարյանի` ՆԱՏՕ-ի «Անհատական գործողությունների ծրագիրը», որը կիրառվում է նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում, հանդիսանում է այն ուղենիշը, որից էլ կախված է, թե ինչ հարաբերություններ կձեւավորվեն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Ծրագրի հաջող իրականացման դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն:

«Հնարավո՞ր է, որ ՆԱՏՕ-ին չանդամակցած պետությունը դառնա ԵՄ անդամ,- հարցադրում է կատարում Ստ. Սաֆարյանը եւ պատասխանում,- իրավական առումով այստեղ պարտադիր կապ չկա, բայց քաղաքական որոշակի կորելացիա նկատվում է»: Ըստ բանախոսի` դրա պատճառները երկուսն են. նախ` այս երկու կառույցների արժեքային համակարգերը նույնն են, այնուհետեւ` ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության գլխավոր պատասխանատուն է: Հետեւաբար, ԵՄ անդամության չբարձրաձայնված նախապայման է դառնում ՆԱՏՕ-ին անդամակցելը:

Իհարկե, այս ամենը միանշանակ չէ. «Եթե անգամ Հայաստանն իր առջեւ նպատակ չդնի ՆԱՏՕ-ին անդամակցել, դա չի նշանակում, որ չի կարող դառնալ Եվրամիության անդամ»,- ասաց Ստ. Սաֆարյանը: Նրա կանխատեսումներով` մոտ ապագայում ՆԱՏՕ-ին կանդամակցի Վրաստանը, այնուհետեւ` Ադրբեջանը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նախագծված սցենարով «դուռը բաց է նաեւ Հայաստանի առջեւ` հարեւաններից ետ չմնալու եւ իր եվրոպական նկրտումների համար»: Ճիշտ է, ըստ Ստ.Սաֆարյանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Հայաստանը դեռ շատ խնդիրներ ունի լուծելու` ռուսական ռազմակայանների, սահմանային անվտանգության վերանայման հետ կապված եւ այլն, բայց առաջիկա տարիներին որեւէ մեկը չի կարող բացառել, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում կլինի նաեւ անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Կարեն Բեքարյանն իր զեկույցը սկսեց արդի միջազգային հարաբերություններում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի դերի գնահատմամբ: Կ. Բեքարյանը գտնում է, որ հակասություններ կան նախեւառաջ ՆԱՏՕ-ի ներսում.սառը պատերազմի ավարտից հետո միաբեւեռ աշխարհակարգի ձգտող Միացյալ նահանգները ձեռնամուխ եղան մի շարք խնդիրների լուծմանը առանց ՆԱՏՕ-ի համաձայնության (Աֆղանստան, Իրաք, Իրան): Բանն այն է, որ «ԱՄՆ-ն իր գործողությունները հիմնականում վարում է Եվրասիա մայրցամաքում, եւ այդ գործողությունների հետեւանքներն առաջինը զգում են ԱՄՆ-ի` գոնե դրսի աչքերով դաշնակից եվրոպական պետությունները»:

Ըստ Կ. Բեքարյանի` Միացյալ նահանգների նկրտումները չեն համընկնում Եվրոպայի շահերին, ավելին` դրանք Եվրոպային ներքաշում են արկածախնդիր խաղերի մեջ (Իրան): Բանախոսը բերեց մեկ այլ օրինակ, որ այժմ Իրաքում եվրոպական երկրները մեկը մյուսի հետեւից փորձում են դուրս գալ ձեւաչափից, դուրս հանել զորքերը կամ կրճատել դրանց թիվը: Բանախոսը հիշեցրեց, որ եվրոպական կառույցները նաեւ բյուրոկրատական ապարատ են եւ ներկայացնում են ոչ միայն անդամ պետությունների, այլեւ իներցիայով ստեղծված սեփական շահերը: Կ. Բեքարյանը գտնում է, որ այսօր ԵՄ-ն կարիք ունի ապացուցելու, որ ինքը եւս որոշակի ներուժ ունի...Այս համատեքստում է նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը` իր ազդեցությունը տարածել այն երկրների վրա, որոնք դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ չեն:

ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում Կ. Բեքարյանին անհանգստացնում է մի հանգամանք. եթե այս երկու կառույցների համար հասկանալի են հայ-ռուսական հարաբերությունների ռազմական եւ քաղաքական ասպեկտները, ապա ամենեւին հասկանալի չեն տնտեսական ասպեկտները, այսինքն` թե ինչու է Հայաստանն իր տնտեսական կառույցները հանձնում Ռուսաստանին եւ չի մտածում դիվերսիֆիկացիայի մասին:

Ըստ բանախոսի` դա Հայաստանին դարձնում է անվստահելի գործընկեր Արեւմուտքի համար, եւ հնարավոր է` մոտ ապագայում ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերություններում կկիրառեն մի ձեւաչափ, որը շատ մոտ կլինի այն ձեւաչափին, որ այսօր Հայաստանի հետ հարաբերություններում կիրառում է Ռուսաստանը:

Ինչ վերաբերում է երկու կառույցներին Հարավային Կովկասի երկրների անդամակցությանը, ապա, ըստ բանախոսի, «սցենարներ կլինեն, երբ կլուծվեն խնդիրները Վրաստանի հետ... չի բացառվում, որ Վրաստանը ստիպված լինի հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ իր հավակնություններից»: Բացի այդ, շատ բան կախված է նրանից, թե ինչ ելք կունենան Իրաքի, Իրանի հետ կապված իրադարձությունները:

Վերջում Կ. Բեքարյանը խորհուրդ տվեց գործընկերային հարաբերությունների մեջ ազնիվ լինել, ինչն ամենեւին չի նշանակում հրաժարում շահերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter