HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Չէի հասցնում դուռը մարդկանց առջեւ բացել»

6 ամիս առաջ «Հետքի» հրապարակած «Դուք դա անում եք մեզ ծաղրելու համար» հոդվածից հետո բազմաթիվ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին Նաիրա Գալստյանին եւ նրա երեք անչափահաս երեխաներին: Այսօր փոքրիկ Դիանան, Էրիկը եւ Լիաննան ունեն հագուստ, որը նրանց նվիրել կամ ուղարկել են նույն տարիքի երեխաներ ունեցող մայրերը: Բազմաթիվ կանայք այսօր էլ շարունակում են այցելել այդ ընտանիքին' բերելով խաղալիքներ, տաք հագուստ, կոշիկներ, քաղցրավենիք եւ գրենական պիտույքներ, որոնք այդքան անհրաժեշտ էին այդ երեխաներին: Նաիրան ասում է, որ բացի նյութական օգնությունից, մարդիկ իսկապես հետաքրքվում են, բարեկամանում, զանգում եւ հրավիրում իրենց տուն:

«Ես այլեւս ինձ լքված չեմ զգում: Ինձ օգնության ձեռք մեկնած մարդիկ տալիս են իրենց հեռախոսահամարները: Սիրտս ջերմանում է, երբ գիտեմ, որ կան մարդիկ, որոնց ես կարող եմ զանգել»,- ասում է Նաիրան:

Իրենց աջակցությունն առաջարկեցին նաեւ մի շարք բարեգործական կազմակերպություններ, որտեղից Նաիրան ստանում է սնունդ' շաքարավազ, ալյուր, ձեթ, ձավարեղեն: Նաիրան ասում է, որ ստացած սնունդը բավարարում է մինչեւ հաջորդ ամիս, եւ կարեւորը, որ երեխաներն այլեւս քաղցած չեն մնում: Բարեգործական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել նաեւ օգնել 8-ամյա Դիանային' դպրոցի համար պարագաներ եւ համազգեստ ձեռք բերել: Սեպտեմբերից Դիանան կգնա դպրոց, իսկ Էրիկը' մանկապարտեզ:

Նաիրան այսօր էլ շարունակում է ապրել Նոր-Արեշ 128/1 հասցեում գտնվող հանրակացարանում եւ վճարում վարձ սենյակի համար: Բազմաթիվ միջնորդների օգնությամբ նրան հաշվառեցին այդ շենքում: Միայն հաշվառում ունենալուց հետո նա կարողացավ դիմել անձնագիր ստանալու համար: Նաիրան չուներ ոչ մի փաստաթուղթ, որը կարող էր ներկայացնել սոցիալական նպաստ ստանալու եւ առհասարակ որեւէ հարց լուծելու համար: Շուտով նա կստանա իր անձնագիրը, որից հետո կդիմի երեխաների ծննդյան վկայականները ստանալու համար: «Էրեբունու համայնքի սոցիալական աշխատակիցները պատրաստ են անմիջապես ներառել մեզ սոցիալական նպաստների ծրագրերում, բայց սպասում են մինչեւ ստանամ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Անձնագրիս հարցի լուծումը շատ դժվար եղավ, եթե մարդիկ չօգնեին, ես մենակ էլի ոչինչ չէի կարող անել»,- ասում է Նաիրան:

Նաիրային օգնում էին նաեւ արտերկրից: Մարդիկ հագուստ եւ գրենական պիտույքներ են ուղարկել, գումար' կենցաղային պայմանները բարելավելու համար: «Ես իմ սենյակում երբեք ջուր չեմ ունեցել, Ամերիկայում բնակվող Թագուհի մայրիկն իր' այստեղ բնակվող որդու միջոցով գումար ուղարկեց, ես խողովակներ գնեցի եւ հարեւանիս օգնությամբ ջուրը հասցրի իմ սենյակ: Հիմա ստիպված չեմ դույլերով ջուր կրել զուգարանից: Նելլի անունով մի աղջիկ, որ Ամերիկայից էր եկել, Դիանայի համար գրենական պիտույքներ էր բերել: Խաչիկ պապիկը Գլենդելից մեզ գումար է ուղարկել, շաբաթը մեկ անգամ զանգում է ծաղկի սրահ, որտեղ աշխատում եմ, հարցնում է' ո՞նց ենք, ինչի՞ կարիք ունենք: Ես այնքան շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, որոնք անտարբեր չեղան ու հասկացան իմ դրությունը... Պահ է եղել, որ չեմ հասցրել տան դուռը մարդկանց առաջ բացել»:

Այս տարի 8-ամյա Դիանայի ծննդյան օրն առաջին անգամ նշվեց տորթով եւ նվերով:
«Մեր տուն մարդիկ հյուր եկան, տորթ բերեցին, ես մոմերը փչեցի, հեքիաթի հերոսներով ծաղրածուներ էին եկել' իսկական ծնունդ էր»,- ժպտալով հիշում է Դիանան:

Նաիրան այսօր էլ ունի բազմաթիվ խնդիրներ, բայց ասում է, որ այլեւս հուսալքված չէ եւ առաջվա պես չի մտածում, որ լրագրողներն իր մասին գրել են ծաղրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter