«Հայացք». հանքօգտագործողներ, հանքերը ձեր սեփականությունը չեն
ՀՀ ԱԺ պատգամավոր, բիզնեսմեն, ՀՀԿ խմբակցության անդամ Տիգրան Արզաքանցյանը, News.am կայքում 29.05.2011 թ. փորձելով հերքել իր մասին hetq.am-ի ս. թ. մայիսի 27-ի հայտնի հրապարակումը, ասել է. «Գրում են, որ ես Հովիկ Աբրահամյանի հետ ոսկու հանքեր ունեմ, բայց էդ հանքը իմ սեփականությունն է»:
Պատգամավորի այս հայտարարությանը ծանոթանալուց հետո հիշեցինք «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմի հերոսներից մեկի խոսքը` իսկ դու պետական բուրդը մի խառնիր սեփական բրդի հետ: Արզաքանցյանի պարագայում խոսքը պետական սեփականությունն իր սեփականության հետ խառնելու անթույլատրելիության մասին է:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրվել օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չէ»: Այնպես որ, տվյալ հանքը Տ. Արզաքանցյանի սեփականությունը չէ, այլ նրան կամ նրան պատկանող ընկերությանն ընդամենը օգտագործման իրավունքով է տրված:
Իսկ ինչպե՞ս են վարվում հանքօգտագործողները ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների կողմից իրենց վստահված և օգտագործման հանձնված հանքերի հետ: Պատասխանը, կարծում ենք, կռահեցիք. վարվում են գրեթե այնպես, ինչպես կվարվեին, եթե հանքն իրենց սեփականությունը լիներ: Նորություն չէ, որ Հայաստանում շատ հանքեր գործնականում թալանի են տրված, արհամարհված են նաև օրենսդրության բնապահպանական պահանջները: Այս վերջինի առումով հերթական օրինակը գրանցվել է վերջերս Արզաքանցյանի հայրենի Քյավառից ոչ այնքան հեռու` Ծովակ գյուղի հարակից տարածքում:
ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի ս. թ. մարտի 15-ի հանձնարարությամբ հանձնախումբը հենց հաջորդ օրը կատարել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի տարածքում գտնվող պեմզայի հանքավայրի վիճակի, ինչպես նաև Սոտքի ոսկու հանքավայրի` կառուցման ընթացքում գտնվող ջարդման-տեսակավորման արտադրամասի ուսումնասիրություններ:
Ծովակ գյուղի հարակից տարածքում գտնվող պեմզայի հանքավայրը շահագործման է հանձնվել 1997 թ. և նախատեսված է Սոտքի ոսկու հանքարտադրության կարիքների համար: Այն փոքր չէ. պեմզայի հանքավայրի հանքախորշի երկարությունը շուրջ 60 մետր է, իսկ բարձրությունը հասնում է 12 մետրի:
Հանձնախումբը պարզել է, որ հանքանյութն ունի փոշու մեծ պարունակություն: Ըստ մարզպետարանի տեղեկատվության` «Թոքմաջո» ՍՊԸ կողմից շուրջ 500 խմ պեմզա փորձնական տեղափոխվել է Արարատի ցեմենտի գործարան` որպես հավելանյութ օգտագործելու համար: Այնուհետև ընկերության կողմից 2010 թ. արդյունահանվել է շուրջ 70000 խմ հանքանյութ` չունենալով սահմանված կարգով թույլտվության փաստաթղթեր:
Անշուշտ, հետաքրքիր է ու պետք է պարզել, թե այդ ամբողջ ընթացքում ո՞ւր են նայել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը, ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Գեղարքունիքի մարզի դատախազությունը և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը, ի վերջո` հենց նույն մարզպետարանի բնապահպանության բաժինը: Բոլորն էլ չե՞ն տեսել, թե՞ համապատասխան վերաբերմունքի դիմաց չտեսնելու են տվել հսկայական հանքավայրի ապօրինի շահագործումը:
Չէ՞ որ այն ավազի մեջ կորած ասեղ կամ ապօրինի գործող կարկանդակի կրպակ չէր, թեև մեր երկրում երբ ցանկությունը կա, այդպիսի կրպակներն էլ շատ արագ նկատվում են: Ի վերջո, հանքավայրն առանց համապատասխան փաստաթղթերի շահագործելու համար «Թոքմաջո» ՍՊԸ-ն առ այսօր ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել, Վ. Մովսիսյանի ղեկավարած հանձնաժողովը հանձնախմբի բացահայտած տեղեկատվությունը փոխանցե՞լ է ՀՀ գլխավոր դատախազություն...
Ավելորդ չենք համարում տեղեկացնել, որ Վ. Մովսիսյանին ներկայացված 22.03.2011 թ. զեկուցագրին հանձնախումբը կցել է նաև հանքանյութի պարունակած փոշու լաբորատոր անալիզի արդյունքները: Ընդգծում ենք` այն փոշու, որը հասնում է նաև Սևանա լիճ ու սփռվում լճի վրա: Լաբորատոր վերլուծության արդյունքների համաձայն, այդ փոշու մեջ հայտնաբերվել են այնպիսի ծանր մետաղներ, թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարն ու կադմիումը, նույնիսկ, թեկուզ չնչին քանակության, ռադիոակտիվ թորիում և ուրան: Բայց չէ՞ որ խոսքն էլ փոշու ոչ թե ինչ-որ գրամների, այլ 70500 խմ պեմզայի արդյունահանումից առաջացած փոշու մասին է, ընդ որում` ինչպես հանձնախումբն է նշել, «Հանքանյութը ունի փոշու մեծ պարունակություն»: Այս պարագայում Սևանա լիճը մաքուր կլինի՞...
Ուսումնասիրություններ են կատարվել նաև Սոտքի ոսկու հանքի ջարդման-տեսակավորման արտադրամասի առնչությամբ: Պարզվել է, որ հանքաքարի ջարդման և տեսակավորման արտադրամասի շինարարությունը սկսվել է ս. թ. փետրվարի 15-ին` առանց սահմանված կարգով հողահատկացման և նախագծային փաստաթղթերի հաստատման: Վերոնշյալ փաստերի վրա հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության ու, մասնավորապես, նշված դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուշադրությունը:
Ա. Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել