HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Դրական պատասխանի սպասելիս

Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի երկհարկանի շենքում 17 ընտանիք է ապրում: Կիսով չափ փայտաշեն շենքը 1932 թվականի կառույց է:

Բնակիչների ասելով` այստեղ ապրելը հերոսություն է, որովհետեւ ամեն րոպե մահը կարող է վրա հասնել. «Եթե ճարպկություն չունեցար դուրս նետվելու, ուժեղ քամուց ու ինքնաթիռների «վիբրացիայից» առաջացած ցնցումից իրարահան եղած շենքի տանիքը կնստի գլխիդ: Վերջին օրերի ուժեղ քամիների պատճառով տանը չենք մնում: Բնակիչների մեծ մասը դրսում է անցկացնում, անգամ գիշերում է դրսում»,- իրավիճակը ներկայացնում է 30 տարի այս շենքում ապրող Նարինե Խաչատրյանը:

Հնարավորություն ունեցողները երեխաներին տեղափոխել են ազգականների տները. վախենում են թունավոր միջատների ու օձերի խայթոցի զոհը դառնալ: Հակոբ Հակոբյանը պատմում է, որ 10-ամյա որդու հետ բազմոցին նստած հեռուստացույց դիտելիս օձն առաստաղի ճեղքից կախվել է տղայի գլխին: «Ինձ չկորցրեցի` միանգամից բռնեցի օձի գլխից ու դուրս թռանք»,- ասում է Հակոբը:

Ռազմիկ Եղիազարյանն էլ պատմեց, որ օրեր առաջ հաց ու երշիկը դրել էր սեղանին ու, մինչ մի քանի քայլ հեռացել էր ջուր խմելու, առնետն իր աչքի առաջ փախցրել էր այդ օրվա ուտելիքը:

Բնակիչները հիշ եցին իրենց hարեւանուհու մահվան արարողության հետ կապված դեպքը, երբ դիակի շուրջ հավաքված-նստած` հանկարծ առաստաղը բացվել էր, ու հորդառատ անձրեւից առաջացած ցեխաջուրը թափվել էր հանգուցյալի վրա: «Խուճապահար դուրս վազեցինք` դիակը թողնելով անտեր»,- պատմում էր Հակոբ Հակոբյանը: «Էս ձեւով ինչքա՞ն կարելի է ապրել»,- հարեւանին լրացնելով` ասաց Նարինե Խաչատրյանը` իրենց վիճակը լիարժեք պատկերացնելու համար առաջարկելով մեզ մի քանի օր ապրել իրենց հետ: Շենքի պատերի, հատակի ու առաստաղի վրա գոյացած ճեղքերն այնքան են լայնացել, որ բռունցք արած ձեռքը դրանց մեջ անարգել մտնում, դուրս է գալիս:

«Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ-ն ՀՀ քաղաքաշինության նախարարության հանձնարարականով 1997—2002 թթ. տեղազննել է շենքը եւ, ի տարբերություն 97-ին արված արձանագրության, 2002-ին ի հայտ է բերել նոր վնասվածքներ, մասնավորապես առանցքային եւ լայնակի պատերի` միմյանցից անջատում, 2-րդ հարկի առաստաղի մակարդակում հոսքի բացվածքի չափերի մեծացում, վերնահարկի գերանների փտածություն, որոշ գերաններում էլ` ճկվածքների խորացում:

Տեղազննման արդյունքների հիման վրա «Հայսեյսմշինը» շենքի վնասվածության աստիճանը գնահատել է 4-րդ կարգի վթարային: Հետագա բարդություններից խուսափելու համար առաջարկել է անհապաղ տարհանել բնակիչներին, իսկ շենքը քանդել: Որոշումն ի կատար ածելու համար հանձնարարական է տրվել Արմավիրի մարզպետին: Նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը Ոսկեհատի գյուղապետ Գեւորգ Ներսիսյանի միջոցով բազմաբնակարանի ապրողներին վերաբնակվելու նոր հասցե է ցույց տվել, այն է` Գյուղակադեմիայի հանրակացարանի նախկին շենքը, որը գտնվում է Ոսկեհատի ճանապարհին: «Էդ շենքը մեր տնից վատ վիճակում է: Եթե տեղափոխվելուց հետո էլ նույն ահ ու դողով ենք ապրելու, իմաստ ունի՞ այնտեղ գնալը»,- հարցնում է Նարինե Խաչատրյանը:

Գյուղակադեմիայի նախկին հանրակացարանի շենքի անմխիթար վիճակը դրսից էլ տեսանելի է: 1988-ից մինչեւ 2001-2002 թթ. այստեղ վերաբնակվել են Ադրբեջանից բռնագաղթածները: Շենքը ոչ միայն ամրացման ու հիմնանորոգման, այլեւ ջրի եւ կոյուղագծերի անցկացման կարիք ունի: Բնակիչների ասելով` եթե, իրոք, կա իրենց օգնելու կամք եւ ցանկություն, ապա դա պետք է արվի ճիշտ եւ սրտացավորեն, այսինքն` ստեղծել անվտանգ ու կոմունալ-կենցաղային պայմաններ, նոր միայն խոսել տարհանելու մասին: «Թե չէ` սոսկ աշխարհագրական փոփոխությունով 17 ընտանիքներն իրենց էլի ապահով չեն զգալու»,- ասաց Սվետա Հարությունյանը:

Տեսնելով, որ իրենց խնդիրը չի լուծվում, Ոսկեհատի բնակիչներն այդ մասին հայտնել են նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանին: «Էջմիածնում նախընտրական հանդիպման ժամանակ շենքի բնակիչներս մոտեցանք նրան ու խնդրեցինք, նաեւ գրավոր ներկայացրեցինք մեր մտահոգությունը` դրական պատասխանի ակնկալիքով: Վերջում հենց այդպես էլ գրել էինք` սպասում ենք Ձեր դրական պատասխանին»,- լավատեսության հույսը չկորցրած` ասաց Մարիամ Բաբուջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter