Օձունցիները չկարողացան խոսել վարչապետի հետ
Հուլիսի 4-ին վարչապետ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր եւ այցելեց նաեւ Օձուն գյուղ: Այցի նպատակը ՀՀ կառավարության միջոցներով այս տարվա մայիսի 21-ից վերանորոգվող Օձունի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքի դիտումն էր:
Վարչապետին ուղեկցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Այցի ընթացքում ինչպես վարչապետը, այնպես էլ գյուղնախարարը, պարզվեց, հանրապետության խոշորագույն գյուղերից մեկում գյուղատնտեսական հիմնախնդիրներ քննարկելու եւ գյուղացիներին հանդիպելու խնդիր չէին դրել:
Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ երկրի վարչապետն ու գյուղնախարարը գյուղում պատահական են լինում, ապա հասկանալի է դառնում հապճեպ այցից Օձունի գյուղացիների զարմանքն ու նեղսրտելը: Մինչ վարչապետի գալն Օձունի միջն. դպրոցի տնօրեն Սուրեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ դպրոցում սովորում է 408 աշակերտ, աշխատում` 39 մանկավարժ:
«Վերանորոգման առաջին փուլի համար,- հայտնեց տնօրենը,- ՀՀ կառավարության կողմից հատկացված է 60մլն դրամ: Նախատեսված են նաեւ 2-րդ եւ 3-րդ փուլեր, այսինքն` դպրոցը հիմնանորոգման է ենթարկվելու: Առաջին փուլով կավարտվի դպրոցի գլխավոր մասնաշենքի 2-րդ եւ 3-րդ հարկերի վերանորոգումն ամբողջությամբ, իսկ առաջին հարկում փոխվելու են միայն դռներն ու լուսամուտները: Վերանորոգման 2-րդ փուլը կսկսվի աշնանը»:
Թե վերանորոգման հետագա փուլերի համար որքան գումար է հատկացրել ՀՀ կառավարությունը, տնօրենը տեղյակ չէր, միայն փափագում էր վերանորոգված տեսնել նաեւ դպրոցի սպորտդահլիճն ու ճաշարանը: Դպրոցի վերանորոգումն իրականացնող Վանաձորի «Աղաբաբյան ՍՊԸ» շինարարական կազմակերպության ղեկավար Վահագն Աղաբաբյանն ասաց, որ դպրոցի վերանորոգման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 57մլն դրամ, որի արդյունքում պետք է փոխվեն վերանորոգվող մասնաշենքի երեք հարկերի դռներն ու լուսամուտները, նախատեսվում է միայն երրորդ հարկի հարդարումը` առանց հատակի:
Փաստորեն, ըստ շինարարի` առաջին եւ երկրորդ հարկերում հարդարում չի նախատեսվում: Աշխղեկ Աղալո Բեժանյանից էլ տեղեկացանք, որ վերանորոգման շինաշխատանքներում ընդգրկված են 25 բանվորներ: Ի դեպ, երբ բանվորներին հարցրեցինք, թե մայիսի 21-ից այս կողմ իրենց կատարած աշխատանքի դիմաց որքան աշխատավարձ են ստացել, նրանք անորոշ ու խուսափողական պատասխաններ էին տալիս: Օրինակ` Իզմայլ Սարյանն ասաց, թե չի հիշում ինչքան աշխատավարձ է ստացել, եւ աշխղեկ Աղալո Բեժանյանը հուշեց. «Ասա` մի 50-60 հազար դրամ ես ստացել»:
Աշխղեկն ասաց, որ բանվորների աշխատավարձը ձեւավորվում է 1քառ.մ.-ի համար սահմանված գնով, բայց թե որքան է սահմանված գինը, նա համառորեն չասաց, սակայն չթաքցրեց, որ աշխատավարձի վերահաշվարկ չի կատարվել, որովհետեւ աշխատանքը չի ավարտվել:
Շուտով ժամանեց վարչապետը: Դպրոցի բակում նրան դիմավորեցին մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, դպրոցի մի քանի ուսուցիչներ եւ օձունցի 2-3 կանայք, որոնք, որքան էլ դպրոցի հավաքարարները մինչ վարչապետի գալը բացատրում էին, որ վարչապետը գալիս է միայն վերանորոգումը նայելու եւ ժողովրդի հետ չի հանդիպելու, մեկ է` համառորեն սպասեցին:
Սերժ Սարգսյանը դիտեց նաեւ դպրոցի սպորտային դահլիճն ու խոստացավ, որ դպրոցի վերանորոգումը կշարունակվի: Լոռու մարզպետի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ վերանորոգված մասնաշենքին դպրոցական նոր գույք հատկացնելու մասին: Այդքանով ավարտվեց վերանորոգման աշխատանքների քննարկումը:
Դպրոցի դռան մոտ վարչապետին խնդրանքով մոտեցան օձունցի կանայք: Նրանցից Մարուսյա Հովասափյանը վարչապետին տեղեկացրեց, որ իր սեփական տնից, հիվանդանոցում բուժվելու ժամանակ, գողություն են կատարել եւ այրել են տունը: Նա վարչապետին խնդրում էր տեղում նայել տունը: Տիկին Մարուսյայի բախտը չբերեց: «Մայրիկ ջան, որ նայեմ, ի՞նչ է փոխվելու»,- մերժեց վարչապետը:
Զոհվածի մայր Ռիմա Կոստանդյանը վարչապետին հայտնեց, որ 1994թ. Արցախում իր որդու զոհվելուց հետո նրա ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Նրանք չեն ստացել զոհվածների ընտանիքների համար նախատեված միանվագ 100.000 դրամ նպաստը: Վարչապետը զոհվածի մորը բացատրեց, որ նպաստ ստանում են դիմողները, եւ հանձնարարեց գյուղապետ Մելիք Այվազյանին օգնել նրան նպաստը ստանալու հարցում: Վարչապետը հրաժարվեց պատասխանել դպրոցի բակում իրեն սպասող լրագրողներին եւ արագ հեռացավ գյուղից:
Հինգ հազար ազգաբնակչություն ունեցող Օձուն գյուղի շուրջ 1300 հա վարելահողերից այս տարի մշակվել է հազիվ 10%-ը: Վարելահողերի մեծ մասը չմշակվելու հետեւանքով դառնում է խոպան: Այս տարի վարուցանք արած գյուղացիները, որոնք լուրջ ներդրումներ են կատարել ու բերքից մեծ սպասելիքներ ունեին, հուլիսի 7-ի կարկտահարությունից հետո ոչինչ չեն ստանալու:
«1մլն դրամի ներդրում եմ արել իմ հողերի վրա, 25տ ցորենի ակնկալիք ունեի, տարիներ շարունակ այսպիսի արտ չէինք ունեցել, խնամքով էինք մշակել, կարկուտը հարամեց»,- ասաց օձունցի Արամ Աղվանյանը:
Օձունեցիները հողի մշակման հետ կապված իրենց դժվարությունների, գյուղում շատացող գողությունների ու էլի շատ հոգսերի մասին ոզում էին կիսվել երկրի վարչապետի ու գյուղնախարարի հետ, սակայն Օձունում այցը կազմակերպվել էր գյուղացիներից աննկատ:
Մեկնաբանել