HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սեֆիլյանին, Մալխասյանին եւ Արոյանին դատապարտեցին

1,5 տարի` Սեֆիլյանին եւ Արոյանին, 2 տարի` Մալխասյանին

Այսօր` օգոստոսի 6-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղադրական դատավճիռ կայացրեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի եւ ազատամարտիկ Վահան Արոյանի նկատմամբ:

Դատարանը Ժիրայր Սեֆիլյանին արդարացրեց ՀՀ Քր.օր.-ի 301 հոդվածով առաջադրված մեղադրանքների մասով ( հակասահմանադրական կոչեր ) , սակայն մեղավոր ճանաչեց 235-ի առաջին մասով (ապօրինի զենքի կրում) եւ դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման: Վարդան Մալխասյանը 301 հոդվածով դատապարտվեց 2 տարվա, իսկ Վահան Արոյանը` 235-ի առաջին մասով 1,5 տարվա ազատազրկման:

Նախորդ դատական նիստում ամբաստանյալները հանդես էին եկել վերջին խոսքով, ուր սուր քննադատության էին ենթարկել իշխանություններին:

Ժիրայր Սեֆիլյան. «Սա դատարան չէ, սա թատրոն է»

«Սա դատարան չէ, սա թատրոն է: Նույնիսկ ամենաիշխանամետ գործիչը չի կարող ապացուցել, որ մեր գործողություններում հանցակազմ կա: Սա պատվեր է: ԱԱԾ-ն ծառայում է երկու հոգու (Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան) շահերին: Այս գործի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ պատասխան են տալու հետո: Հայտնի զույգի կարճ խելքով փորձում են ինձ պատժել եւ վախեցնել ժողովրդին: Ժողովուրդ ջան, այս հակահայ ռեժիմից պետք չէ վախենալ, պետք է պայքարել: Այս անբարո ռեժիմը ուժեղ չէ, ուժեղը մենք ենք»:

Մինչ այդ պաշտպանական ճառով հանդես եկան Սեֆիլյանի փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Վահե Գրիգորյանը, ամբաստանյալ Վարդան Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Սեֆիլյանի պաշտպանները խոսեցին օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման անթույլատրելիության, Սեֆիլյանի ազատ խոսքի իրավունքի ոտնահարման, նրա` ազատամարտիկ լինելու եւ երկու անչափահաս երեխա ունենալու մասին: Նրանք շեշտեցին, որ նախորդ նիստում մեղադրող Ա. Մկրտչյանը ամբաստանյալների նկատմամբ որեւէ մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանք չի նշել, չի մանրամասնել նշանակված պատիժների պատճառները, հետեւաբար դատախազն անբարեխիղճ է վարվել: Բացի այդ, Սեֆիլյանը հանցագործություն չի կատարել, քանի որ ՀՀ-ին վնաս չի պատճառել ինչ-որ կերպ, սակայն նրա նկատմամբ իրականում դեռ 2006-ի գարնանից ԱԱԾ-ն քրեական հետապնդում է սկսել:

Շուշանյանն էլ նույնն ասաց իր պաշտպանյալի համար` նշելով, որ Մալխասյանի սուբյեկտիվ քննադատությունները դիտարկվել են որպես հակաիշխանական կոչեր:

Վարդան Մալխասյան. «Գալու է հատուցման օրը»

«Դատարանի` արդարացման վճիռ չկայացնելն անհամեմատ մեծ վտանգ է ՀՀ-ի համար, քան մեր ելույթները, որոնք բոլորովին այդպիսին չեն: Սխալ վճիռը վաղ թե ուշ բացահայտվելու է Եվրադատարանում:

ՀՀ Քր.օր.-ի 301 հոդվածը ստեղծված է որպես ազատ խոսքի զսպաշապիկ. ես պայքարելու եմ դրա դեմ: Ուշ թե շուտ գալու է իսկական արդարադատության եւ հատուցման օրը»:

Վահան Արոյան. «Պետությունից լավ նվեր ստացանք` 8 ամիս ԱԱԾ-ում»

«Բոլորը համոզվեցին, որ իմ զենք-զինամթերքի հետ Ժիրայրն ու Վարդանը ոչ մի կապ չունեն: Թուրքից վերցրած զենքը, ի՞նչ է, ես պիտի հանեմ իմ ազգի դե՞մ: Ես ինձ համարել եմ հայ զինվոր ու քանի կամ, պիտի պայքարեմ մեր հողերի համար: Ես էդքան պատվոգրեր ու մեդալներ ունեմ, ինչի՞ էդ ամենը հաշվի չառնվեց: Պետությունից լավ նվեր պիտի ստանայինք, ութ ամիս ստացանք ԱԱԾ-ի սենյակներում»:

Հիշեցնենք, որ Սեֆիլյանի եւ Արոյանի համար մեղադրողն առաջարկել էր 3, Մալխասյանի համար` 2,5 տարվա ազատազրկում:

«Սա ստորություն է»

Եվ այսպես` դատարանը երեք ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչեց:

«Սա սովորական ստորություն էր, որը եւ սպասում էինք: Չէին կարող Ժիրայրին բոլոր հոդվածներով մեղավոր ճանաչել եւ տղաներին էլ առավելագույն պատիժ տալ: Դրա համար էլ թատրոն խաղացին: Ուզում են ցույց տալ, թե արդար են, իրականում մեծագույն ստորություն է»,- ասում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը:

«Ժիրայրի այն կանխատեսումը, որ մինչեւ նախագահական ընտրությունների ավարտն իրենց ուզում են պահել կալաքի տակ, այս պահին լիովին արդարացվում է»,- ասում է փաստաբան Արա Զաքարյանը:

Փաստորեն, 8 ամիս կալանված Սեֆիլյանը, Մալխասյանը եւ Արոյանը արդեն կրել են իրենց պատժի 1/3-ը, նույնիսկ` ավելին: Օրենքով այդ դեպքում նրանք կարող են վաղաժամկետ ազատ արձակվել, ինչի մասին որոշում է կայացնում համապատասխան հանձնաժողովը: Եվ չնայած այդպիսի հնարավորություն կա, այնուամենայնիվ, փաստաբանները մտադիր են հասնել ամբաստանյալների արդարացմանը:

«Նախ` այդ հանձնաժողովները իրենք իրենցով անօրինական են, ու ինչ-որ հույսեր կապել, որ դրանք վաղաժամկետ ազատության վերաբերյալ եզրակացություն կտան, կարծում եմ, այս պահի դրությամբ միամտություն է: Համենայն դեպս, դրա մասին խոսելը դեռ շուտ է, եւ մենք ակնկալում ենք, որ վերաքննիչ դատարանում Ժիրայրին կարդարացնեն»,- եզրափակում է Արա Զաքարյանը:

Դատական նիստի ավարտից հետո Սեֆիլյանի ընկերները համախոհների երթով շարժվեցին դեպի կառավարության շենք եւ Ֆրանսիայի դեսպանատուն` ճանապարհին կոչ անելով պայքարել «Ռոբիկի եւ Սերժիկի» իշխանության դեմ եւ ազատ արձակել քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Արման Բաբաջանյանին եւ Վահան Արոյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter