HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

60-ամյա հանրակացարանը վտանգավոր է դարձել

Ճաքճքած պատեր, շենքի պատերից հեռացած սյուներ, քանդված աստիճաններ, ամեն վայրկյան գետնին ընկնելու պատրաստ պատշգամբներ... Ահա այսպիսի պայմաններում են ապրում Երեւանի ծայրամասում գտնվող «Նաիրիտի ընտանիքավոր հանրակացարանի» բնակիչները:

Փլատակների վերածվող շենքը կառուցվել է 1940-1945թթ.: «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունն այդ շենքում ժամանակավոր տեղավորում էր իր աշխատողներին, մինչեւ վերջիններս կապահովվեին բնակարաններով: Այդ ընթացքում բնակիչների կոմունալ ծախսերը` լույսը, ջուրը, հոգում էր հենց գործարանը:

Ընտանիքներին տրամադրված բնակարանների ընդհանուր տարածքը 20-25 քառ. մետր էր: Շենքը քառահարկ էր, յուրաքանչյուր հարկ ուներ երկուական սանհանգույց, իսկ որպես խոհանոց ծառայում էր մի առանձին մեծ սենյակ, որից օգտվում էին բոլորը:

Սակայն, 90-ական թվականներն ամեն ինչ փոխվեց: Այդ տարիներին հանրակացարանի սեփականության իրավունքը վերցվեց «Նաիրիտ»-ից եւ հանձնվեց պետությանը: Տնօրինության փոփոխմամբ փոխվեց նաեւ բնակիչների կենցաղային վիճակը, եւ այն գնալով ավելի ու ավելի վատթար դարձավ:

Այսօր շենքում բնակվում է 36 ընտանիք, յուրաքանչյուր հարկում` 9 ընտանիք: Բոլոր ընտանիքներն էլ բազմանդամ են: Կան նույնիսկ մինչեւ տասն անդամ ունեցող ընտանիքներ: Եւ բոլորն էլ օգտվում են միեւնույն սանհանգույցից, որոնք վթարային վիճակում են: Զուգարանների հոտը կարծես հավերժ նստած լինի միջանցքներում:

Շենքի սյուները բավականին հեռացել են պատերից, իսկ պատշգամբներն ամբողջովին թեքվել են դեպի ներքեւ: Բնակիչներն անհանգստացած են շենքի վիճակով, քանի որ շենքում բնակվում են նաեւ երեխաներ, որոնց ընդամենը մեկ անզգույշ քայլը կարող է ճակատագրական լինել: «Բախտի բերմամբ, դեռ դժբախտ պատահարի դեպք չի գրանցվել, բայց ոչ ոք ապահովագրված չէ, քանի որ շենքը գտնվում է այնպիսի «փլատակային» վիճակում, որ ամեն րոպե յուրաքանչյուրիս հետ կարող է որեւէ դեպք պատահել»,- նշեց շենքի տարեց բնակիչներից մեկը` Քնարիկ Փարսոյանը:

Եթե ժամանակին «Նաիրիտը» որպես հանրակացարանի սեփականատեր անհրաժեշտության դեպքում կատարում էր տեղային վերանորոգումներ, ապա այսօր որեւէ մեկը նման պարտավորություն չունի: Երբ բնակիչները բողոքի ձայն բարձրացրին ու իրենց պահանջները ներկայացրին Շենգավիթի թաղապետարանին, պատասխանեցին , թե շենքը վթարային չէ ու բավականին ամուր է: Սակայն բնակիչները հակառակ կարծիքին են. «Ես այստեղ բնակվում եմ 1985 թվականից, ու դեռ այն ժամանակ էլ հայտնի էր, որ շենքը վթարային է, եւ ակնհայտ էր, որ այն ուշ թե շուտ հիմնական վերանորոգման կարիք է ունենալու: Բայց այժմ ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ վիճակում ենք ապրում»,- ավելացրեց հանրակացարանի բնակիչ Գուրգեն Այվազյանը:

Հանրակացարանում նույնիսկ սենյակների բնակարանների առաստաղներն ու հատակները շահագործման ենթակա չեն, քանի որ դրանք փայտից են` 65 տարի առաջ տեղադրված փայտից:

Ճարահատյալ բ նակիչները նույնիսկ դիմել են հեռուստաընկերությունների օգնությանը: Սակայն վերջիններից եւս ոչ մի արձագանք չեն ստացել: «Եկան, նկարահանեցին, ցավակցեցին ու ... գնացին»,- ասաց հանրակացարանի բնակիչ Օֆելյա Կարապետյանը:

Ալինա Շիբոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter