HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի վերարտադրության պատմություն

Մաս I։ Տրոհման ճանապարհով

Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք ունենար։ Իշխանության միակ թեկնածուն կլիներ, եւ վերարտադրության հարցն այդքան սուր չէր լինի, ինչպես հիմա է։

Քոչարյանն այս անգամ առաջադրվելու իրավունք չունի եւ, հավանաբար, սահմանադրություն խախտելն էլ անվտանգ չէ։ Բայց անվտանգ չէ նաեւ իշխանությունն ընտրությունների միջոցով զիջելը։ Դրա համար պետք է պահպանել եղածը։

Ըստ էության, Քոչարյանն իրավահաջորդի խնդիր չունի։ Նրա համար իրավահաջորդ միշտ էլ դիտվել է Սերժ Սարգսյանը։ Խնդիրը վերարտադրությունը ճիշտ կազմակերպելն է, այնպես, որ եւ՛ իշխանությունը պահպանվի, եւ՛ Արեւմուտքն ընդունի ընտրության անկեղծությունը։

Սերժ Սարգսյանն իբրեւ քաղաքական եւ պետական գործիչ չի կարող ստանալ ընտրողների ձայների հիսունմեկ տոկոսն այնպես, որ պահպանումն ու անկեղծությունը զուգորդվեն։ Դա գիտեն եւ՛ Քոչարյանը, եւ՛ Սարգսյանը, եւ՛ նրանց շրջապատի մարդիկ։ Դրա համար դեռ անցած տարի վերեւներում սկսեցին մշակել մի տեխնոլոգիա, որը պայմանականորեն կարելի է կոչել «Ամրացում տրոհման ճանապարհով»։

Այդ տեխնոլոգիայով իշխանությունն այնպես էր տրոհվելու, որ գրավեր ամբողջ քաղաքական դաշտը՝ տեղ չթողնելով վաղուց արդեն ազդեցություն ու ռեսուրս կորցրած ընդդիմությանը։ Քոչարյանն այդ դեպքում հանդես կգար միաժամանակ երկու թեկնածուով՝ մի կողմից ունենալով իր հավատարիմ զինակից Սերժ Սարգսյանին, մյուս կողմից՝ թիմակից մի այլ գործչի, ով պատրաստ կլիներ պարտվել եւ տղամարդավարի շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ ընդունելով նրան որպես ընտրյալ նախագահ։

Երկրորդ դերակատարի հավակնորդ էին դիտվում ՀՀԿ-ի շրջանակաների հետ սերտ առնչություն չունեցած, ուղղակիորեն նախագահի հետ շփվող երկու գործիչներ՝ Վարդան Օսկանյանն ու Դավիթ Հարությունյանը։ Երկրորդական դերում ինքն իրեն տեսնում էր նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով, կռահելով վերարտադրության հնարավոր սցենարը, ժողովրդական գործչի համբավ էր կուտակում՝ Արագած լեռան շուրջը հարյուր հազարավոր մարդկանց պարեցնելով ու արտագնա ծառատունկեր կազմակերպելով։

«Բարգավաճ Հայաստան» նախագիծը, տեխնիկապես անթերի լինելով, բովանդակային բազմաթիվ թերություններ ուներ, որոնք գալիս էին իրավիճակն ու մարդկանց ճիշտ չգնահատելուց։ «Բարգավաճ Հայաստանի» հուժկու քարոզարշավի ու խորհրդարանական ընտրություններում ստացված ոչ այնքան տպավորիչ արդյունքի անհամապատասխանությունը եկավ վկայելու, որ ընտրազանգվածի` ՀՀԿ-ի ոլորտից դուրս գտնվող մասն արմատական փոփոխությունների կողմնակից է եւ չի խաբվում։

Մյուս կողմից` «Բարգավաճ Հայաստանի» արագ եւ արհեստական հզորացումը, կամա թե ակամա, լուրջ սպառնալիք դարձավ ՀՀԿ-ի համար։ ՀՀԿ-ի ազդեցության ոլորտում գտնվող ընտրազանգվածը, որ մեծավ մասամբ կազմված է ամենատարբեր չափերի ու բարձրության պաշտոնյաներից, նախագահական երկրորդ ուժի հզորացումը տեսնելով` լուրջ տատանումներ ունեցավ։ Իսկ ՀՀԿ-ի համար սեփական ամրությունն ավելի կարեւոր է, քան Քոչարյանի վերարտադրության ցանկացած նախագիծ։ «Առողջություն լինի, մնացածը կառնենք»,- մտածում էին ՀՀԿ-ում։

«Բարգավաճ Հայաստանի» արագ եւ արհեստական հզորացումը դուր չէր կարող գալ նաեւ անձամբ Սերժ Սարգսյանին։ Իշխանության տրոհմամբ քաղաքական դաշտը փակելը վատ գաղափար չհամարելով` նա վախեցավ, որ Քոչարյանը կարող է խաղալ իր կողմից ընդունելի եւ Արեւմուրքի կողմից ճանաչելի իրավահաջորդների միջեւ, որոնք երկուսն էլ կապահովեին վերարտադրությունը։ Օրինակ՝ եթե, ասենք, Վարդան Օսկանյանն անկեղծորեն գերազանցեր Սերժ Սարգսյանին, Քոչարյանը կարող էր նախապատվություն տալ նրան՝ իր վաղեմի զինակցին վերադարձնելով պաշտպանության նախարարի պորտֆելը։ Մյուս կողմից` նկատի ունենալով, որ Քոչարյանը չի պատրաստվում դառնալ ամենաերիտասարդ թոշակառուն, նրան կարող էր դուր գալ տնտեսական եւ վարչական լծակներ չունեցող գործչի ընտրվելը, ում նախագահության օրոք ինքը կարող է լինել վարչապետ եւ, սահմանադրության ընձեռած իրավասություններն օգտագործելով, շարունակել մնալ առաջին դեմք։

Այս վտանգները նկատի ունենալով՝ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն հրաժարվել էր տրոհման տեխնոլոգիայից։ Դա պարզ երեւում է քվեարկության արդյունքից։ «Բարգավաճ Հայաստան» նախագիծն ապագայում օգտագործելու դեպքում նա թույլ կտար գրանցել ավելի մեծ «մասնակցություն»։ Դրանից Ազգային ժողովում ունենալիք տեղերի համամասնությունը չէր փոխվի, բայց «Բարգավաճը» չէր հայտնվի հիմար վիճակում, այսինքն` չէր ստանա կուսակցության անդամների իր հայտարարած թվից կրկնակի պակաս քվե։

Հիմա «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարում են, որ առաջիկա նախագահական ընտրություններում, բնականաբար, պաշտպանելու են կոալիցիոն իրենց գործընկերոջ թեկնածուին, իսկ ՀՅԴ-ն, ով դե յուրե կոալիցիայի կազմում է, իսկ դե ֆակտո` ընդդիմադիր տվայտանքների մեջ, հենարանի իր ծառայություններն է առաջարկում Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի առաջիկա տասը տարում եւս պահպանի իր համեստ, բայց շահավետ տեղը հայրենի արեւի տակ։

ՀՅԴ-ի մասնակցությունը 2008-ի ընտրություններին ավելին չի լինելու, քան ինքնահաստատման PR ակցիա, որովհետեւ հենարանային ծառայություններն այս ընտրություններում էական ազդեցություն չեն ունենալու, որովհետեւ հեռացող նախագահն ու նրա իրավահաջորդը խնդիր են դրել գրավել ամբողջ քաղաքական դաշտը՝ տեղ չթողնելով «կասկածամիտների ու թերահավատների» համար։

Ամռան այս շոգ օրերին, երբ հասարակական-քաղաքական ակտիվություն չկա, երբ լրագրողներն ու խմբագիրները կազդուրվում են հայրենի կամ արտերկրի առողջավայրերում, գլխավոր ընդդիմադիրներից մեկի՝ Արտաշես Գեղամյանի կողմից շրջանառության մեջ է դրվում ընդդիմության եւ իշխանության միասնական թեկնածուի գաղափարը, որը քաղաքական դաշտն օկուպացնելու երկրորդ տարբերակն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter