HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանահայությունը ցնցված է նախկին նախագահի անհանդուրժողական արտահայտություններից

Օգոստոսի սկզբին Լիբանանի հայությունը հանկարծ հայտնվեց այդ երկրի արդեն իսկ չափազանց խճճված ու անելանելի քաղաքական թոհուբոհի կիզակետում:

Կիրակի` օգոստոսի 5-ի ուշ երեկոյան, Լիբանանի նախկին նախագահ եւ քրիստոնյա Փաղանգավոր կուսակցության գերագույն նախագահ Ամին Ժեմայելը հեռուստատեսության ուղիղ եթերով զայրացած սուր եւ անհանդուրժող արտահայտություններ արեց ընդհանրապես լիբանանահայության եւ հատկապես Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին:

Րոպեներ առաջ պարզ էր դարձել, որ նույն օրը Լիբանանի Մեթն տարածաշրջանում տեղի ունեցած պատգամավորական մասնակի ընտրությունների արդյունքում նա, ձայների փոքր տարբերությամբ, պարտվել էր իր մրցակցից:

Այդ տարածաշրջանում ապրում են ստվար թվով հայեր, եւ այնտեղ է գտնվում նաեւ Դաշնակցության վերահսկողության տակ գտնվող հայաշատ Բուրջ Համուդ թաղամասը: Օգոստոսի 5-ի քվեարկությանը մասնակցած լիբանանահայերի ջախջախիչ մեծամասնությունը, Դաշնակցության հորդորների եւ կազմակերպչական մեքենայի աշխատանքի արդյունքում, քվեարկել էր Ժեմայելի մրցակից, երկրի գլխավոր ընդդիմադիր քրիստոնյա ղեկավարի, բանակի նախկին հրամանատար, զորավար Միշել Աունի քաղաքական թիմի անդամ Կամիլ Խուրիի օգտին:

Իր պարտությունը գլխավորաբար հայերի դիրքորոշմանը վերագրելով` նախկին նախագահը կասկածի տակ առավ լիբանանահայերի քաղաքացիական իրավունքները` նշելով, թե «Մեթնի կամքը չպետք է թելադրվի հայերի կողմից»: Ժեմայելն ասաց, որ «մերժում է, որ Դաշնակցությունը գողանա Մեթնի իսկական քրիստոնյաների ձայները»` դրանով, փաստորեն, հայերին համարելով նաեւ երկրորդ կարգի քրիստոնյաներ: Նա Դաշնակցությանն ամբաստանեց Բուրջ Համուդ թաղամասում մեծ մաշտաբի ընտրական կեղծիքներ կատարելու մեջ եւ պահանջեց վերստին քվեարկություն կազմակերպել այդ թաղամասում:

Ակնհայտ զայրույթով եւ ոխակալ զգացումով արտասանված այս խոսքերը ցնցեցին լիբանանահայ համայնքը եւ ալիքներ առաջացրին երկրի քաղաքական թատերաբեմում: Միեւնույն հեռուստահաղորդման եթերով Լիբանանի խորհրդարանի անդամ դաշնակցական Հակոբ Բագրատունին անմիջապես հակադարձեց նախկին նախագահի խոսքերին: Հաջորդող օրերին ՀՅԴ Լիբանանի ղեկավարությունը բազմիցս դատապարտեց Ժեմայելի ելույթը եւ պահանջեց, որ նա պաշտոնապես ներողություն խնդրի իր թույլ տված արտահայտությունների համար: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն իր հերթին օգոստոսի 6-ին հրապարակեց մի հայտարարություն, որտեղ հատկապես ասում էր.

«Թող ոչ ոք ինքզինքին արտոնե Լիբանանի հայության արժանապատվության դեմ խոսիլ: Ընտրություններու ընթացքին կատարված երբեմն ջղային ու երբեմն անճիշդ արտահայտությունները ընտրություններու առնչված խնդիրներու մասին, կհասկնամ: Սակայն, անընդունելի կնկատեմ ոմանց կողմե հայ համայնքի հասցեին կատարված անճիշդ վերագրումները եւ անհիմն զրպարտությունները: Լիբանանի հայության պատմությունը ու ազգային կեցվածքը ծանոթ է բոլորին: Լիբանանի հայությունը պետք չունի ո—ե մեկեն հայրենասիրության դաս առնելու. Լիբանանի հայությունը ինք հայրենասիրության տիպար մըն է»:

Ժեմայելի հակառակորդ ճամբարին պատկանող լիբանանյան քրիստոնյա թե մուսուլման ուժերն ու քաղաքական դեմքերը, հերթն իրարից խլելով, դատապարտեցին նրա արտահայտությունները` դրանք հաճախ որակելով որպես «ցեղապաշտական»: Նրանց թվում էին զորավար Աունը, երկրի խորհրդարանի նախագահ ու շիա մուսուլման համայնքի քաղաքական ղեկավարներից Նաբիհ Բերրին եւ «Հեզբոլլահի» ղեկավարներ:

Նախկին նախագահի քաղաքական ճամբարի ներկայացուցիչները, իրենց հերթին, առանց դատապարտելու Ժեմայելին, փորձեցին մեղմել նրա խոսքերի հետեւանքները` որոշ բարյացակամ արտահայտություններ անելով հայ համայնքի հասցեին:

Ամին Ժեմայելն ինքը, գիտակցելով պարտության պահի ազդեցության տակ արտահայտած, բայց իր անկեղծ զգացմունքները դրսեւորող խոսքերի քաղաքական հնարավոր հետեւանքները, հաջորդող հայտարարություններով փորձեց մեղմել ընդհանրապես հայ համայնքի մասին արտահայտած իր անհանդուրժողական մտքերը, բայց շարունակեց Դաշնակցությանը մեղադրել ընտրակեղծիքների մեջ:

Օգոստոսի 8-ին նա այցելեց Արամ Ա. կաթողիկոսին եւ ասաց. «Ես անձնապես հայ համայնքի դեմ հայտարարություններ չեմ արել: Իմ հայտարարությունը կապված էր միայն ընտրությունների գործընթացի հետ»: 

Դաշնակցության Լիբանանի ղեկավարությունը, սակայն, բավարար չհամարեց Կիլիկիո կաթողիկոսին տրված այս այցելությունը եւ հայտարարությունը, շարունակելով պահանջել, որ Ժեմայել ներողություն խնդրի իր ասածների համար, մի բան, որ նախկին նախագահը մինչ— օգոստոսի 12-ը դեռեւս չէր կատարել:

Օգոստոսի 5-ին մասնակի ընտրություններ կայացան նաեւ մայրաքաղաք Բեյրութի 2-րդ ընտրաշրջանում: Այս երկու մասնակի ընտրությունները տեղի էին ունենում անցնող ամիսներին սպանված երկու պատգամավորների փոխարինողներին ընտրելու համար: Սպանվածներից մեկը նույն ինքն Ամին Ժեմայելի որդի Պիեռն էր, եւ հայրը ձգտում էր գրավել սպանված որդու թափուր թողած աթոռը: Ժեմայելն ընտրապայքարում պարտվեց ընդամենը 418 ձայնի տարբերությամբ` իր մրցակից Կամիլ Խուրիի հավաքած 39534 քվեների դիմաց հավաքելով 39116 քվե:

Քվեարկությանը մասնակցած ավելի քան 10 հազար լիբանանահայերից մոտ 8 հազարն իրենց ձայները տվեցին Խուրիին, իսկ 2 հազարը` Ժեմայելին: Այս առումով, Դաշնակցության դիրքորոշումն ու հայկական 8 հազար քվեներն, անկասկած, վճռորոշ դեր ունեցան Խուրիի հաղթանակի եւ Ժեմայելի պարտության գործում: Բայց նույնքան վճռորոշ եղան հօգուտ հաղթողի տրված մյուս` ավելի քան 31 հազար քվեները, եւ մանավանդ` Փաղանգավոր կուսակցության եւ Ժեմայելների երբեմնի դաշնակից Միշել Մըրրի հետեւորդների հազարավոր քվեները: Քաղաքական վետերան այս գործիչը հաղթող թեկնածուի հովանավոր, զորավար Աունի հոսանքի անդամը չէ, այլ, Դաշնակցության նման, նրա դաշնակիցը: Զարմանալիորեն, սակայն, Ժեմայելն իր ցասումը թափեց հայերի եւ իր կուսակցության անցյալի երկարամյա եւ հավատարիմ դաշնակից Դաշնակցության դեմ` ոչ մի խոսք չասելով Մըրրի եւ նրա հետեւորդների հասցեին:

Ինչքան էլ զարմանալի թվա, Մեթնի մասնակի ընտրությունները կարեւոր նշանակություն ունեին ոչ միայն Լիբանանի քաղաքական ապագայի, այլեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-Իրան մրցակցության առումով: Ժեմայելի զայրույթը բացատրվում է նաեւ այս հանգամանքով:

Հարցն այն է, որ քաղաքական բարդ ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանն այս աշնանը պետք է ընտրի նոր նախագահ, ու այդ պաշտոնին հավակնում են եւ՛ Ամին Ժեմայելը, եւ՛ զորավար Միշել Աունը: Առաջինի ընտրությունը, թեկուզ ժամանակավորապես, համազոր կլինի Լիբանանում, եւ մասամբ նաեւ Մերձավոր Արեւելքում, ամերիկյան ուղղության հաղթանակին, իսկ երկրորդի ընտրությունը` այդ ուղղության պարտությանը եւ թեկուզ մասամբ` իրանական եւ սիրիական ուղղությունների հաղթանակին:

Անկախ մեկնաբանների կարծիքով` Մեթնի մասնակի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ թե՛ Աունը, եւ թե՛ Ժեմայելը կորցրել են իրենց հեղինակությունը, եւ երկուսն էլ շանսեր չունեն նախագահ ընտրվելու. Ժեմայելը` որովհետեւ չկարողացավ նույնիսկ պատգամավոր ընտրվել, իսկ Աունը` որովհետեւ նրա թեկնածուն հազիվ հաղթեց, ինչը նշանակում է, որ Աունի համակիրների թիվը քրիստոնյաների շարքերում, այնուամենայնիվ, բավականաչափ պակասել է: Սակայն նրանց ներկայացրած ճամբարների եւ այդ ճամբարները հովանավորող արտաքին ուժերի միջեւ պայքարը շարունակվում է: Եվ այս առումով, Դաշնակցության եւ նրա հետեւորդ հայ քվեարկողների կողմնորոշման նշանակությունը շատ ավելին էր, քան խորհրդարանի անդամության երկու թեկնածուների միջեւ ընտրություն կատարելը:

Արամ Թովմասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter