HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նոր էջ բացելու սպասումով

Այս վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայկական մարզական մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Հենոն, հուրախություն իր երկրպագուների, նորանոր հաջողությունների է հասնում: Նա կրկնել է Ուկրաինայի անցյալ տարվա լավագույն ռմբարկուի արդյունքը՝ 14 գոլ, եւ բոլոր հնարավորություններն ունի` այդ երկրում մրցաշրջանի արդյունավետության նոր ռեկորդ սահմանելու համար. դրա համար պետք է խփել եւս 9 գոլ, ինչը միանգամայն Մխիթարյանի ուժերի սահմաններում է:

Ներկայիս 14 գոլով հայ ֆուտբոլիստը եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի թեկնածուներից է (խոսքը «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի մասին է), չնայած փաստ է, որ անչափ դժվար է լինելու մրցակցել արեւմտաեվրոպական առաջնությունների գոլահարների հետ, որոնց գոլերը առաջնության վարկանիշի շնորհիվ բազմապատկվում են 2 գործակցով, իսկ Մխիթարյանինը՝ 1,5: Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) էլ հարցում է անցկացնում՝ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին ի հայտ բերելու համար: Թեկնածուների թվում է նաեւ մեր ֆուտբոլիստը:

23-ամյա խաղացողը նաեւ նախկին ԽՍՀՄ տարածքի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներից է, ում հանձնվում է «Աստղ» մրցանակը. Դոնեցկի «Շախտյորի» առաջատարը այս պահին 247 միավոր ունի, իսկ երկրորդ տեղում ընթացող զենիթցի Ալեքսանդր Կերժակովը՝ 207: Չնայած սա այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ տարվա վերջում առանձնացվելու են այն 25 լավագույնները, որոնք առավելագույն միավորներ են վաստակել 2012 թ.-ի ամսական քվեարկությունների ընթացքում: Այլ կերպ ասած՝ ամեն ինչ սկսվելու է 0-ից: 15 երկրներից մասնակցում է 3-ական լրատվամիջոց՝ 45 լրագրող: Պարզից էլ պարզ է, որ Հենոն ձայն չի ստանա հայերի չուզողներից՝ ադրբեջանցիներից, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում վերջնական քվեարկության ժամանակ: Չնայած եթե նա շարունակի խաղալ այս տեմպով ու արդյունավետությամբ, ապա ոչինչ, ըստ էության, չի կարող խանգարել դառնալ լավագույնը:     

Ինչպես հայտնի է, 2010-ին Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգից» «Շախտյոր» տեղափոխվեց 7,5 մլն դոլարով, ինչն այն ժամանակ հավասար էր շուրջ 5 մլն եվրոյի: Եվ ահա այս 2 տարվա ընթացքում հայ ֆուտբոլիստն այնպիսի աճ է արձանագրել, որ արդեն խոսվում է նրա՝ մի քանի տասնյակ միլիոն եվրո արժեքի մասին: Խոսակցություններ կային, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական Դորտմունդի «Բորուսիան» եւ Գելզենկիրխենի «Շալկե-04»-ը: Տարբեր լրատվամիջոցներ ժամանակ առ ժամանակ գրել են նաեւ անգլիական ու իտալական առաջնությունների մասնակիցների հետաքրքրությունների մասին:

Անհերքելի է, որ Մխիթարյանի ճանաչելիությանը մեծապես նպաստում է չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցելը: Ճիշտ է՝ Ուկրաինայի առաջնությունն էլ ունի հետաքրքրություն եվրոպացի սկաուտների շրջանում, բայց ՉԼ-ն այլ մակարդակ է: Իսկ Մխիթարյանը հասցրել է փայլել դանիական «Նորշելանի» հետ խաղում՝ դառնալով 2 գոլի հեղինակ, իսկ մյուս խաղերում բավականին տհաճություններ է պատճառել նաեւ «Յուվենտուսի» եւ «Չելսիի» դարպասապահներ Բուֆոնին ու Չեխին, որոնք նաեւ աշխարհի առաջնության ընտրական այս փուլում մեր մրցակից հավաքականների դարպասապահներն են: Հավաքականների պայքարում իտալացի Բուֆոնն արդեն «խոցվել» է Մխիթարյանից:

Հենրիխի այս վերելքի գրավականներից մեկը նրա տաղանդն է, սակայն պակաս կարեւոր չէ այն, որ երիտասարդ ֆուտբոլիստը չի տառապում աստղային հիվանդությամբ, իսկական թիմային ֆուտբոլիստ է, գնդակ պահելու հարցում չունի այն «ախտանիշները», որոնք սովորաբար կարելի է տեսնել բրազիլացի «հանքափորների» խաղում: Այս որակներն են, որ առանձնացնում են Մխիթարյանին «Շախտյորի» մյուս խաղացողներից: Նրա տարիքը նաեւ շատ հարմար է նոր էջ սկսելու համար այս անգամ արդեն արեւմտաեվրոպական «թոփ 5» (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) առաջնություններից որեւէ մեկում: Չնայած  հոլանդական ու պորտուգալական տարբերակներն էլ վատը չեն: Մնում է, որ Հենրիխը ճիշտ ընտրություն կատարի ապագայի հարցում եւ տեղափոխվի այնպիսի թիմ, որտեղ կհաստատվի հիմնական կազմում, մշտապես խաղադաշտ դուրս կգա, ինչի արդյունքում էլ կարիերան կշարունակի վերելք ապրել:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter