
Շնորհակալ եմ, բարի մարդիկ
Հանրապետության վաստակավոր մանկավարժ եմ, մոտ 50 տարի նվիրել եմ երեխաների կրթությանն ու դաստիարակությանը: Վերջին տարիներին ցավով էի նկատում, որ հասարակության մեջ ինչ-որ թերահավատություն, անվստահություն կա միմյանց նկատմամբ. սոցիալական ինչ-ինչ խնդիրներ կարծես թե երկրորդային էին դարձրել բարությունն ու մարդկային մյուս արժանիքները:
Չեմ թաքցնի՝ երբեմն նաև ես էի հուսահատություն ապրում, մանավանդ, երբ մամուլում կարդում էի մարդկային ճակատագրերի մասին, երբ ինչ-ինչ հանգամանքների պատճառով ոտնահարվում էին մարդկանց շահերը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ իմ կյանքում, միանգամից փարատեց կասկածներս:
Ծանր վիրահատության պիտի ենթարկվեի Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Կյանքի ութերորդ տասնամյակն անցած կնոջ համար մեծ ռիսկ էր համաձայնվել, բայց կենտրոնի մասնագետներն ինձ հորդորեցին չնահանջել:
Օրեր շարունակ նրանք պայքարեցին իմ կյանքի համար և այն մարդկային վերաբերմունքը , որ կենտրոնի մասնագետները ցուցաբերեցին թե՛ վիրահատության և՛ թե հետվիրահատական շրջանում, անկարող եմ բացատրել:
Մարդկային բարեհոգությունը, բժիշկների, բուժանձնակազմի պատասխանատվությունն իրենց գործի նկատմամբ հաստատեցին, որ նրանք հավատարիմ են Հիպոկրատի երդմանը:
Հիմա արդեն տանն եմ, շարունակում եմ վերականգնողական կուրս անցնել, չգիտեմ, կկարողանա՞մ արդյոք հաղթահարել ծանր հիվանդությունս, բայց չեմ կարող երախտիքի խոսքեր չասել կենտրոնի մամոգրաֆիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Մինասյանցի, բժիշկ Ֆելիքս Պերիխանյանի, պալյատիվ բուժօգնության ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանի հասցեին. Մարդիկ, որոնց հոգատարության և արհեստավարժության շնորհիվ ես կրկին ընտանիքիս հետ եմ: Շնորհակալ եմ, բարի մարդիկ:
Նորա Հայրապետյան
Հանրապետության վաստակավոր ուսուցիչ
ք. Գորիս
Մեկնաբանել