
Գեղարվեստական լուսանկարչության նոր խոսք գերմանահայ կյանքում
Բեռլինի «Պատկերասրահ 16» ցուցասրահը հոկտեմբերի 26-ի երեկոյան լեփ լեցուն էր: Շատ այցելուներ պարզապես փողոցում կանգնած էին հետևում բեռլինաբնակ արվեստագետ Ռոզա Այսենի՝ Ռուզաննա Կարապետյանի գեղարվեստական լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:
Արվեստագետը «Նատյուրմորտ» խորագրի ներքո ներկայացրել էր ընդամենը 28 լուսանկար, որոնք նոր ոճ ու նոր ճաշակ են թելադրում արվեստասերներին:
«150-ից ավել գործեր ունեմ: Չուզեցի մնացածը խառնել այս շարքին,- ասում է տիկին Այսենը, - նրանք հուշեր կամ հիշողություն և գրկխառնում թեմաներով են, որոնք Պիկասոյի ազդեցոթյամբ եմ արել: Մի քսան տարի առաջ ցուցահանդես էի նայել ու տպավորվել. դրանք խառնվեցին իմ աշխարհի հետ ու հետո դուրս եկան այսպիսի պատկերներ»:
Ինչպես արվեստագետն է պատմում, այս լուսանկարններն անելու մտահղացումը կապված է իր մանկության հետ. «Մեր տանը կար Վիլլեմ Հեդդա նկարչի անունով մի նատյուրմորտ, դա շատ էր տպավորվել, ու ես միշտ մտածում էի դրա մասին, ենթագիտակցորեն այդ նատյուրմորտը կար ու մեծ սերը արվեստի նկատմամբ, սա է նախապատմությունը»:
Ռոզա Այսենի այս շարքի լուսանկարները նման են գեղանկարչության: Նա առօրեականի մեջ մտցրել է պոետիկ լեզու: Ցուցասրահում մրգերով և բանջարեղենով նատյուրմորտներ են հիմնականում՝ պոետիկ անվանումներով:
«Նատյուրմորտներ» խորագրով գեղարվեստական լուսանկարների բեռլինաբնակ հայ լուսանկարչուհու ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2013-ի հունվարի 10-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել