Հոգեհանգիստ Էջմիածնում՝ Գուրգեն Մարգարյանի եւ Հոկտեմբերի 27-ի համար
Այսօր Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի և 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետևանքով Ազգային ժողովում զոհվածների համար:
Արարողության ավարտին Գուրգեն Մարգարյանի ընտանիքին և ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` անդրադառնալով 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհված պետական այրերի և Հունգարիայում վայրագորեն սպանված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Նորին Սրբությունը հորդորեց ներկաներին իրենց աղոթքներում մշտապես հիշել նահատակ զավակներին, որպեսզի նրանց հիշատակն ու նվիրյալ ծառայությունը լույս դառնան հայոց կյանքի համար:
Վեհափառ Հայրապետը նաև Սուրբ Հոգու մխիթարությունը հայցեց Գուրգեն Մարգարյանի և զոհված հայոց պետական այրերի ընտանիքների համար` աղոթելով, որ Աստված Իր շնորհները հեղի նրանց կյանքի մեջ և նրանք զոհված հարազատների տեսիլքով իրենց կյանքն արդյունավորեն հայրենիքի շինության ու պայծառության համար: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել