Նահանգային օրենսդրականների ճանաչման ուղին
Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի եւ Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը եւս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը:
Պարզ է, որ նահանգային մակարդակի վրա արձանագրվող այս գործընթացները տվյալ պետությունների կողմից հայկական երկրորդ հանրապետության ճանաչման համազոր քաղաքական արարքներ չեն: Բայց...Նահանգային օրենսդիր մարմինները ի վերջո պետական կառույցներ են եւ իբրեւ ինքնակառավարման մարմինների բրգաձեւ համակարգի առաջնային տեղը գրավող ատյանները իրենց խորքում ժողովուրդ-պետություն հարաբերության անմիջական օրինական օղակներն են:
Ուրեմն, պետության մեջ ուղղակի ներկայացվածության ժողովրդի այս պատկերը խիստ կարեւոր է ոչ միայն բարոյական կամ խորհրդանշական, այլ նաեւ իրավաքաղաքական առումներով: Քաղաքական առումով տվյալ իշխանությունը անպայման հաշվի կնստի իր կարեւորագույն նահանգների օրենսդիր մարմինների, այլ խոսքով տվյալ նահանգի ժողովրդի կամարտահայտության հետ: Այս մեկը կարող է ավելի շեշտվել, երբ ընտրական հանգրվանների հատուկ տրամաբանությունը առավել ուշադրություն կկենտրոնացնի ժողովրդի արտահայտած տեսակետների վրա:
Իրավական մեկնաբանությունը կարող է կենտրոնանալ հետեւյալ կետի վրա. Նահանգային օրենսդիր մարմինների որոշում-բանաձեւերը, որքան էլ մեծամասնություն կազմեն, պարտադիր բնույթ չունեն կենտրոնական իշխանությունների համար: Այնպես չէ, որ ինքնաբերաբար կառաջնորդեն կենտրոնական որոշման: Բայց նահանգային օրենսդիր մարմինները պետական մարմիններ լինելով, բնականաբար չեն կարող հակասել երկրի սահմանադրությանը, որն իր հերթին մշակված է միջազգային օրենքի սահմանած նորմերի եւ օրինաչափությունների նկատառումներով: Ահա այստեղ է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի սկզբունքը գերակա է նկատվել միջազգային այլ օրենքի` տարածքային ամբողջականությանը, որի գերադասումը ամեն առիթով օգտագործվում է պաշտոնական Բաքվի կողմից:
Ուրեմն տվյալ շրջանի ժողովրդի ուղղակի ընտրությամբ եւ ներկայացվածությամբ կազմված օրենսդիր մարմինները կշարժվեն համապատասխան իրենց երկրների սահմանադրությանը եւ միջազգային օրենքին:
Հիմա գանք հայկական գործոնի հետ կապված խնդիրներին: Այստեղ պարզ է, որ խոսքը տեղի Հայ Դատի հանձնախմբերի հետեւողական աշխատանքների մասին է: Երեւույթը ընդգծում է Հայ Դատի հասկացության ամբողջականությունը, համոզելու համար դիպաշարին հետեւողին, որ Ցեղասպանության ճանաչման Հայ դատյան դասական ըմբռնմանն առընթեր արդեն սկսել է արդյունավորվել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների դիմագրաված ամենահրատապ օրակարգերի ուղղությամբ հայկական ներուժի օգտագործումը: Հայ Դատի բազմաճակատ եւ համալիր աշխատանքները կարեւոր թիրախների են հասնում։ Այս նախաձեռնություններին մաս են կազմում նաեւ տարբեր տարածաշրջաններից Հայ Դատի բարեկամ պետական զանազան անձնավորությունների` Արցախ գործուղման կազմակերպումները եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակցությունները: Դրանցից էր նաեւ Ավստրալիայի պետական դեմքերի պատվիրակության այցելությունը Արցախ:
Ուրեմն, երեւույթները նախանշում են, որ պետական-հասարակական գործոնների համատեղ աշխատելաձեւը հանգում է արդեն որոշակի արդյունքների: Այս բոլորին առընթեր պետք է հաշվարկել քաղաքական պահի վճռորոշ ազդեցիկության խնդիրը, նախատեսելու համար ճանաչում-ճանաչումի դիմաց Կոսովո-Աբխազիա կամ Կոսովո-Հարավային Օսիա մոդելի արցախյան տարբերակի առայժմ ոչ-տեսանելի առարկայացումը: Կամ էլ Սաֆարովի գործարքին եւ հերոսացման օրինակներով այլ դեպքերի կրկնությունը, որոնք միջազգային կարծիքը կարող են անվարան համոզել ադրբեջանցիների եւ որեւէ ժողովրդի անհամատեղելիությունը...:
Հնարավորությունները պետք չէ բացառել: Հանկարծակի` կարող է հայտնվել մի պետություն , որը նահանգայինից անդին կենտրոնական իշխանության մակարդակով հանդես կգա Արցախի Հանրապետության ճանաչման հայտարարությամբ: Կարեւորը պետական-հասարակական գործոնների համատեղումն է եւ հետեւողական աշխատանք տանելը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Մեկնաբանել