
«Քանի դեռ դպրոցը փակ կառույց է, դրա խնդիրները բաց են մնալու»
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ մեր երկրում կրթության որակն ուղիղ համեմատական է կրթական համակարգի կառավարման կազմակերպման հետ: Ըստ Ա. Բախշյանի՝ դպրոցները պետք է ենթարկվեն կրթության և գիտության նախարարությանը, այլ ոչ թե լինեն քաղաքապետարանների ու մարզպետարանների անմիջական հսկողության տակ:
«Պարզ, բայց խոսուն օրինակ. նախարարը կարգադրում է դպրոցներում արգելել աշխատանքային տետրերի վաճառքը, բայց տնօրենները չեն հետևում այդ կարգադրությանը, քանի որ ճանաչում են միայն մեկ աստծո` մարզպետին կամ քաղաքապետին,- ասուլիսի ժամանակ իր խոսքում նշեց Ա. Բախշյանը և հավելեց,- այսօր դպրոցը դարձել է փակ մի կառույց ոչ միայն լրագրողների, այլ դպրոց մտնելու բոլոր իրավունքներն ունեցող անձանց` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցների համար, ովքեր ամեն անգամ դպրոց այցելելու համար ստիպված են նամակով դիմել քաղաքապետարան կամ մարզպետարան, և քանի դեռ այդ դռները փակ են, խնդիրները մնալու են բաց»:
Բանախոսը նշեց նաև, որ լրագրողները հաճախ դպրոց մտնելը և կրթության որակի մասին պատկերացում կազմելը ասոցացնում են միայն դասալսման հետ, այնինչ դպրոցը դասապրոցեսով չի ավարտվում: Դպրոցի ներսում կատարվող կամայականությունների մասին դժվար է այսօր բարձրաձայնել, քանի որ կան ամրացած կարծրատիպեր: «Ծնողը վախենում է խոսել, քանի որ չի ցանկանում անվանական բողոքով հանդես գալ, իսկ ուսուցիչն ընդհանրապես դարձել է ձայնազուրկ, և եթե մի հաստատության դռները փակ են լրագրողների համար, նշանակում է դրա պատերի ներսում ինչ-որ վատ բան է կատարվում»,- եզրափակեց իր խոսքը Ա. Բախշյանը:
Մեկնաբանել