HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենիքը ես եմ, դու ես, նա է…

Այսօր մեր երկրում եկեղեցաշինությունը զարգացում է ապրում: ԶԼՄ-ներում պարբերաբար կարդում ենք բարերարների գործունեության մասին , նաև այն բարերարների,որոնք հայրենիքի հանդեպ ունեցած իրենց պարտքը եկեղեցի կառուցելով են հատուցում… (եթե այդպես է` օրհնվեն նրանք): Չգիտեմ: Երբեմն մտածում եմ,  թե իրենց գործած  մեղքերի թողության համար են Աստծո տաճար կառուցում (թող ներեն ինձ, եթե այդպես չէ), որպեսզի ապաշխարեն, ներում հայցեն: Այդպես եմ մտածում, որովհետև 4-5 տարի առաջ այդ բարերարներից մեկը, որին ես շատ լավ ճանաչում էի և գիտեի, որ փողի, շահի համար մերձավորին տրորելով`  առաջ կգնա, իր պապական գյուղում եկեղեցի կառուցեց…

Սիրտդ ուրախությունից ծփում է, ծափ տալիս այդ ազգապահպան աշխատանքը տեսնելիս.  հայրենիքը սոսկ տարածք կամ պապի գերեզման չէ, ոչ էլ մեր սնափառության ջղաձգության պատճառով` շքեղ տապանաքար. հայրենիքը ես եմ, դու, ես, նա է, կողքիդ ապրող մարդն է, որի ցավից  աչքերդ երբեք չեն արցունքոտվել…

Հայրենիքը.  ժողովրդի սոցիալական վիճակի տխուր պատկերը, ընտրություններից առաջ պատգամավորացուների մարդասիրական ելույթները, քարոզարշավի ընթացքում որպես պարտադիր պայման փոքր երեխայի գրկելն ու ցուցադրաբար գգվելը, որևէ տատիկի կամ պապիկի փաթաթվելը և անպայման «միանշանակ» կամ «հստակ» բառերով խոստումներ տալը տեսաժապավենի նման հաճախ են պտտվում աչքիս առաջ: Մեկը մեկից շինծու, մեկը մեկից անհոգի. ոչ մերկ ու սոված երեխան է նրանց մտահոգում և ոչ էլ կենսաթոշակով մի կերպ գոյատևող տատիկը կամ պապիկը: Այդ արհեստավարժ շարժումների, ժպիտների,  ծիսական արարողակարգի բեմականացման գերնպատակը միայն ու միայն պատգամավորական մանդատի ձեռքբերումն է: Ինչ են անելու այդ մանդատը, եթե օրենսդիր գործունեությունը նրանցից շատերին հասու է այնքան, որքան ինձ` չինարենի այբուբենը: Յուրաքանչյուր օրենք ծնունդ է առնում իշխող տնտեսակարգից: Մեզանում  հաճախ հակառակն է տեղի ունենում. օրենք ենք ընդունում (կաբինետային օրենք), այնուհետ ճիգեր գործադրում, որպեսզի այդ օրենքն արդարացնի իրեն: Ապարդյուն ջանքեր: Շատ կարճ ժամանակ անց փոխում ենք այն…և այսպես շարունակ: Այդ օրենքներից և օրենքները կիրառողներից  տուժած քաղաքացիներից շատերը հեռանում են երկրից, մյուսները` հայտնվում փողոցում… Այո, փողոցում: Օր օրի ստվարանում  է անտունների թիվը, մեծանում. աչքիս առաջ մեր փողոցի բոմժի ուղեղը մերթ մթանգնում է, մերթ պայծառանում, բայց (ռուսալեզու) թերթը ձեռքից վայր չի դնում, կարդում է, երբեմն նաև` բարձրաձայն: Ձմռան մի օր անցնում էի կողքով, տեսնեմ, իր սիրած պատի տակ կուչ է եկել և սառը հայացքով նայում է մի կետի: Մոտակա հացի փռից տաք հաց էի տուն տանում, հաց առաջարկեցի. դանդաղ,  սոված հայացքն ուղղեց իմ կողմը,  շնորհակալություն հայտնեց` ասելով, որ սոված չէ… Արժանապատվության նման դրսևորումը անակնկալի բերեց ինձ, և ես զգուշորեն համոզեցի, որ հացը վերցնի:

Նա էլ է մեր երկրի քաղաքացի, նա էլ ապրելու, աշխատելու իրավունք ունի…

Թող աշխատատեղեր  ստեղծեն, անօթևանների համար կացարաններ կառուցեն, թե չէ էսպես անկնման  աստիճաններով գլորվում ենք չգիտեմ թե ուր, որտեղ ոչ խնկի բույր կա, ոչ եկեղեցի:

Անահիտ Հովհաննիսյան

փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (6)

Գայանե Դավթյան
Ավելի քան տպավորիչ էր, դիպուկ ու դժբախտաբար մեծագույն փաստ...
Susanna
Հարգելի Անահիտ հարցնում եք ինչ են անելու էդ մանդատը: Էդ մանդատը բացում է իրենց դեմ բոլոր փակ դռները: Կարծում եմ, դա էլ հերիք է:
Աստղիկ
Նմանները եկեղեցի պետք է կառուցեն իրենց հոգու մեջ, որպեսզի մի պահ մտածեն, թե էսօր հո որևէ մեկի չնեղացրեցին:
Maga
ճիշտ է էլ ոչ սրբություն կա, ոչ իսկական արժեքներ, ամենակարևորը Աստվածաշնչում մարդասիրությունն է, իսկ եկեղեցի կառուցելը առանց մարդասիրության արժեք չունի:
Gagik
Ծերերի ու հաշմանդամների ողորմություն խնդրելը իմ վրա էլ է ծանր նստում, իսկ պետական այրերի անտարբերությունը ոչ մի եկեղեցի կառուցելով չի ներվում:
Պետրոս
Օրենսդիր մարմննի ներկայացուցիչներից շատերը անտեղյակ են, թե Աժ-ում ինչ օրենքներ է մշակվում, քննարկվում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter