
Չխոսելով Ցեղասպանության մասին՝ ԱՄՆ նախագահի թեկնածուները ուժեղացրել են հայկական լոբբին
Անկախ նրանից՝ ԱՄՆ նախագահ կընտրվի հանրապետական թե դեմոկրատ թեկնածու, առաջ չի մղի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Ամերիկյան տեսանկյունից սա ամոթալի է և ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ բարոյականության դեֆիցիտ»,- ասաց բանախոսը:
Նրա կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ուժն աճում է, ինչը կնպաստի Հայաստանի արտաքին քաղաքականության ուժեղացմանը և կարևոր կլինի Արցախի հարցում:
«Ավելի կարևոր է այն, որ այս ընտրությունների ժամանակ հայկական լոբբիի ուժը նշան ու միտում է բաների, որոնք հետագայում են տեղի ունենալու: Այդ միտումը այն է, որ Ամերիկայում հայկական լոբբիի հզորությունն ու արդյունավետությունը կաճեն մինչև 2015 թվականը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կանխատեսմամբ՝ 2015 թվականին աշխարհի շատ մայրաքաղաքներում առաջ կքաշվի Հայոց ցեղասպանության հարցը, ինչն ուղղակի մարտահրավեր կլինի Թուրքիայի համար:
Բանախոսի կարծիքով՝ այն, որ ոչ դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ոչ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին չեն արձագանքել ամերիկահայ համայնքին ու չեն խոսել Հայոց ցեղասպանության մասին, հակառակ արդյունքն է ունեցել՝ ծառայելով ամերիկահայերին ուժեղացնելուն ու համախմբելուն:
«Ամերիկայում զայրացած ընտրողներն ավելի հստակ են ընտրություն կատարում: Որպես թեկնածուներ՝ և Ռոմնին, և Օբաման, զայրացրել են ամերիկահայերին, և սա ավելի կուժեղացնի հայկական լոբբիի դիրքերը մինչև 2015թվական, երբ ամերիկահայ համայնքն ավելի ուժեղ կլինի: Այսինքն՝ ով էլ դառնա նախագահ, կկանգնի ամերիկահայերի նոր մարտահրավերի առաջ»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին ԱՄՆ հայ դատի հանձնախմբի հայտարարությունը արդյոք կարո՞ղ է բացասական ազդել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա՝ քաղաքագետն ասաց, որ բոյկոտը խելացի մարտավարություն է, իսկ թեկնածուներից ոչ մեկի օգտին չքվեարկելու մասին հանրային հայտարարությունը՝ ազդեցիկ ճիշտ նույնքան, որքան ընտրություններին մասնակցելը:
«Դա մարտավարություն է այս ընտրությունների ժամանակ և ոչ թե փոփոխություն ռազմավարության մեջ: Ռազմավարությունը շարունակում է մնալ ավելի մեծ և ոչ թե ավելի փոքր քաղաքական մասնակցությունը»,- հավելեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել