HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Վաշխառության մասին ցուցմունքը ներկայացվել է

Երեկ` Կենտոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարում Կարինե Պետրոսյանի նախագահությամբ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով նիստի ժամանակ, պատասխանողի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որով կողմը պահանջում է վկա կանչել այն անձին, ով Ազգային ժողովի նախագահի նախկին խորհրդականի դեմ ցուցմունք է տվել` ասելով, որ նա իրեն տոկոսով գումար է տվել:

Հիշեցնենք, որ նախկին խորհրդականը թերթից պահանջում է հերքել 2010թ. սեպտեմբերին տպագրված տեղեկությունները և փոխհատուցել 2,5 մլն դրամ` զրպարտության համար:

Այն մասին, որ Թաթուլ Մանասերյանը զբաղվել է վաշխառությամբ, թերթը տեղեկացել է մի քրեական գործից, որով նախկին խորհրդականը անցնում է որպես վկա: Նրա դեմ ցուցմունք է ներկայացրել այդ գործով մեկ այլ վկա` Անտոն Առաքելովը, որին էլ պատասխանող կողմը ցանկանում է որպես վկա ներգրավել նաև քաղաքացիական գործով:

Բաղդասարյանի ընթերցած վկայության ցուցմունքի հատվածում ասվում է, որ Անտոն Առաքելովը Մանասերյանին 2006թ. վերջից մինչև 2007թ. սկիզբը մուծել է 19,400 ԱՄՆ դոլար տոկոս, որը հաշվարկվել է որպես 40,000 դոլարի դիմաց տրված տոկոս, որից հետո առաջինը այլևս չի կարողացել մուծել, և կուտակվել է 12,000 ԱՄՆ դոլար պատքը: Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի մասին էլ «Ժամանակը» տպագրել է հոդված:

Հայցվոր կողմը, սակայն, համարում է, որ անհրաժեշտություն չկա լսելու վկային դատարանում: Կողմի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը առարկում է միջնորդությանը, քանի որ, ըստ նրա, այս միջնորդությամբ վկան հրավիրվում է վկայություն տալու այն փաստի առթիվ, որի վերաբերյալ արդեն ներկայացվել են համապատասխան ապացույցներ, այսինքն` վկան պետք է տա մի ցուցմունք, որն արդեն տվել է:

Հաշվի առնելով, որ պատասխանողը ներկայացրել է վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում կատարված առեռես հարցաքննության մասին ցուցմունքները, ինչպես նաև Արթուր Առաքելովի ցուցմունքները, դատարանը որոշեց քննել դրանք, որից հետո անդրադառնալ միջնորդությանը:

Պատասխանող կողմը ներկայացրեց միջնորդություններ, որոնք շատ նման էին «Ժամանակի» դեմ մյուս երկու գործի` Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակի» և Գլենդել Հիլզն ընդդեմ «Ժամանակի» դատալսումների ժամանակ արված միջնորդություններին, որոնցից մեկը վերաբերում է գործը կասեցնելուն և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելուն, իսկ մյուսով թերթը դատարանին խնդրում է հաշվի առնել վերջինիս ֆինանսական դրությունը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 16-ին` ժամը 12:30-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter